Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը

Հրանտ Մաթևոսյան
Հազար ինն հարյուր քառասունհինգին մեր գյուղը յոթ ազնվացեղ զամբիկ ու մի կատաղած հովատակ ստացավ՝ խտացնելու համար պատերազմի ժամանակ նոսրացած երամակը: Չեմ հիշում դրանց ինչ պատահեց (ես այն ժամանակ տասը տարեկան էի), մնաց մեկը, մի նարնջագույնը՝ հովատակի հետ, որ նույնպես նարնջագույն էր: Ենթադրում էին, որ այդ հովատակը այդ զամբիկի տղան է, և դա հաստատվում էր այն բանով, որ զամբիկը չէր ծնում:
Հազար ինն հարյուր քառասունվեցին աքսորից վերադարձավ Մեսրոպը:

- Աքսորն ի՞նչ է,- հարցրի ես Մեծ հորեղբորս:

- Անտառներ են, ամայի ձյուն է, մի հատ արջ ու արաղ:
Ես մտածեցի, մտածեցի և որովհետև արդեն հարցրել էի ուրիշներից ու գիտեի, թե ինչ է աքսորը, ասացի.
- Վայ թե բերդը լինի:
- Հա, բերդի պես մի բան է:
- Իսկ բե՞րդն ինչի նման է:
- Բե՞րդը... բերդը քեռեկնոջդ նման է: Գնա տուն:
- Վուա՜յ,- նեղացա ես:
Նա սայլի առեղ էր տաշում,- Մի՛ խանգարիր, ասաց, մեծանաս՝ ամեն ինչ կիմանաս:
Հազար ինն հարյուր քառասունյոթին Մեսրոպին նորից տարան:
- Թե որ տանելու էին, էլ ինչո՞ւ էին բաց թողել,- ասացի ես Մեծ հորեղբորս:
- Դե զահլա տարար, էլի: Ա՜յ ախչի,- կանչեց նա մորս,- լակոտիդ կանչիր:
Այդ գիշեր Մեծ հորեղբորս էլ տարան: Դիվիզիան, դիվիզիայում հորեղբայրս, դեռ զինավորված չէր եղել՝ գերմանացիները շրջապատել էին: «Առանց մի հատիկ կրակելու գերի ես ընկել»,- աքսորելուց առաջ շրջկենտրոնում ասել էին Մեծ հորեղբորս: Նա դանդաղախոս մարդ է, մինչև ասել էր «հրացան չունեի»՝ գնացքը հասած էր եղել Մախաչկալա: Երեք տարի հետո եկավ: Սխալմամբ էին աքսորել: Շրջկենտրոնում ասել էին ներողություն, մինչև ասել էր «ոչինչ, ամեն ինչ էլ կպատահի»՝ արդեն գյուղում էր, սայլի առեղ էր տաշում, խանձում, հարթում:
- Բանակում բա հրացան չի՞ լինի,- ասացի ես:
- Մեծանաս՝ կիմանաս:
- Բա Մեսրոպի՞ց ինչու ներողություն չեն խնդրում:
- Բա ես գիտե՞մ, այ Հրանտո՜,- նեղսրտեց Մեծ հորեղբայրս:
Հիմա ես երեսուն տարեկան եմ. Մեսրոպի հայրը հազար ինն հարյուր ութ թվականին սպանել էր մեկին: Այդ վայրը կոչվում է Թուրքի սպանած: Հազար ինն հարյուր տասնութին երեքով եկել սպանել էին Մեսրոպի հորը: Այդ վայրը հիմա կոչվում է Հայի սպանած: Հետո քսանհինգ տարեկան Մեսրոպն ուզեցել էր վրեժխնդիր լինել՝ կուսքարտուղար Լևոնը նրան բանտարկել էր տվել: Հազար ինն հարյուր հիսունվեցին Մեսրոպն աքսորից եկավ: Եկավ մտավ գրասենյակ, հավաքեց Լևոնի օձիքն ու թափահարեց.
- Անմեղ տեղը չէկա էիր, հա՜, բերում տունս, գիշերվա ժամը երեքին, հա՜...
Լևոնը չկծկվեց: Նա էլ սրա օձիքից բռնեց ու սկսեց թափահարել.
- Խորհրդային օրոք նացիոնալիզմ էիր անում, հա՜... Որ կուսակցությունը խղճացել է ու բաց է թողել՝ չկարծես թե արդար էիր, դրա համար է բաց թողել: Սիբիրը խորն է, հա՜, կուսակցությունն անդաստիարակներին չի խղճա...
- Մի սրան տեսեք, մի սրան տեսեք,- քմծիծաղեց Մեսրոպը,- Ռուսաստանից ես եմ գալիս, կուսակցության անունից սա է խոսում:
- Կուսակցությունը չի՛ խղճա,- գոռաց Լևոնը:
- Էդ՝ կուսակցությունը դու ե՞ս:- Մեսրոպը նրան ոտից գլուխ չափեց:
Լևոնի տրեխը ծակ էր, տրեխի տակ՝ գուլպան ծակ էր, տրեխի և գուլպայի միասնական ծակից մեծ գլուխը հանել էր բթամատը: Լևոնի մի աչքը կույր էր, Լևոնը ճաղատ էր, ճողված էր,- Կուսակցությունը ես չեմ,- խեղճ-խեղճ ասաց Լևոնը:- Ես ի՜նչ կուսակցություն եմ:
- Բա էլ ինչո՞ւ ես անունից խոսում:
- Բա դու ինչո՞ւ էիր Լեո կարդում:
Այդ ժամանակ կոլտնտեսության նախագահ մեծաբերան Սանասարը բարկացավ.
- Պարապ-սարապ քիչ խոսեք,- ասաց Սանասարը:- Դու, Լավան, գնում աս ֆարմա, ֆարման ուշքի չբարիր՝ գյուղ չմտնես՝ սարից քոչերդ հավաքիր ու գնա ուր ուզում աս. Մեսրոպ, դո՛ւ,- ասաց Սանասարը,- բարով աս եկել: Քո կարոտը շատ անք քաշել: Գնա ձի պահիր, Մեսրոպ:
Ձիապան դառնալուց ընդամենը մեկ-երկու ժամ հետո նա պընդում էր, որ հովատակը զամբիկի տղան է, մինչև ուրիշ հովատակ չլինի՝ այս զամբիկը չի ծնելու: Շատերը դրան հավատում էին, շատերն էլ չէին հավատում, իսկ Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսե՞ց գլխին զոռ տալ»:
Քանի դեռ այդ երամակում այդ նարնջագույն հովատակն էր, ուրիշ որձաձի, չէ՛, սիրտ չէր անի երևալ երամակի մոտերքը: Չար էր: Այս սարից այն սարը որձ ձի տեսներ՝ թռչում էր ծվատելու: Հուրհրատող նարինջն այդ կանաչ աշխարհի մե՜ծ արեգակի տակ վառվռելով թռչում էր դեպի էն խեղճ բեռնաձին, ասես քամին հրդեհ էր քշում, և պղնձագույն պոչը հազի՛վ չէր պոկվում, հազի՛վ էր հասցընում նրա ետևից: Եվ առջևի սպիտակ ոտքը երևում-կորչում, երևում-կորչում էր քանդվող-սարքվող խաչվածքների մեջ: Եվ բոցե բաշը քրքրվում էր նրա վրա: Այս սարից այն սարը լսում էիր հզոր թոքերի թակոցը կողերին: Այդպես հեռվից՝ զարհուրելի սիրուն էր նրա ճեպը: Բայց եթե տերն էիր բեռնաձիու, ուզում էիր տաքացած արճիճ մխել նրա ահագնացող կուրծքը: Ուզում էիր գայթեր, ինքը փլվեր իր վրա և ողնաշարը մաշկի տակ փշուր-փշուր լիներ:
Իսկ Մեսրոպը նրա ետևից ծղրտում էր.
- Ո՜ւխ, մարդ ձի պիտեր...
Մեկ տարի հետո մուգ կարմիր երամակը բծավորվել էր կրակագույն անհանգիստ քուռկիկներով, որոնք պոկվում էին սարահարթի այն ծայրից ու նարնջե բոցիկներ էին շաղ տալիս կանաչ հարթությունով մեկ: Նրանց ալարկոտ մայրերը խուլ խրխնջում էին, կանչում էին սրանց հեռվից, հարթության այն ծայրից, իսկ սրանք՝ հովատակի ճիշտ պնչից թռած՝ բանի տեղ չէին դնում մայրերին, հովիկից խրտնում էին ու հա՜յդա, հիմա էլ սարի ուսագիծը:
- Թռեք, բա իհա՜րկե թռեք,- ասաց հորեղբայրս,- էս է Ալխոյի փալանը կարկատել եմ տալիս ձեզ համար:
Ալխոն մեր ձին էր: Տարիքը հաշվում էին այսպես քսան-քսաներեք: Մինչև մեզ հասնելը նա ունեցել էր մի չորս տեր ու այդքան էլ անուն. նոր տերը նրան կնքում էր նախկին տիրոջ անունով: Մի աչքը փչացել էր, ատամների կեսը չկար, մեջքին՝ հազար վերքատեղ, կողերը մաշվել էին ասպանդակներից: Բայց նա պինդ ձի էր: Այդ օրը ձորի անտառներից նրանով տասներեք բեռ փայտ էինք հանել: Մեջքն էլի հարվել էր, և Մեծ հորեղբայրս նրան ազատեց թամբից ու սանձից, խփեց գավակին, որ գնա՛, խառնվի՛, խրխնջա՛, սլանա՛ երամակի հետ:
- Մի երկու ամիս թող լցվի՝ հինգ տարեկան ձիու տեղ ծախելու եմ:
Իսկ նա երամակին բանի տեղ չդրեց: Մի թեթև նայեց, մի թեթև խրխնջաց ու սկսեց արածել: Արածում էր շրջան-շրջան, պարանի չափ շառավղով, ինչպես կապած ժամանակ: Հետո երբ կշտացել ու հանգստացել էր, ականջները խլշելով կամաց ոտ փոխեց դեպի զամբիկները: Հենց միայն դա էր պակաս: Հովատակը պոկվեց երամակից ու դևի պես շրխկալով եկավ:
- Անդրե՜,- կանչեց Մեսրոպը Մեծ հորեղբորս,- ես պատասխանատու չեմ:
Խեղճ Ալխո, ոչ ոտք ուներ՝ փախչեր, ոչ ատամ ու սմբակ էր մնացել՝ սպասեր: Ուռու պես դողում էր: Եղանը ձեռքին՝ հորեղբայրս կանգնեց հովատակի ճամփի վրա: Ու կանչեց Մեսրոպին.
- Մեսրո՜պ, ես պատասխանատու չեմ, Մեսրո՜պ...
- Հիմարություն չանես, ճամփա տուր, Անդրե՜,- կանչեց Մեսրոպը:
Այդ ժամանակ վրանի թաղիքները ետ տանելով դուրս եկավ Լևոնը:
- Հրեն, հրեն, հրեն ինչ են անում, ինչ է լինում,- շփոթված կրկնում էր նա և հետո, ուշքի գալով, ուրթի բոլոր քառասուն շներին քսի տվեց դեպի հովատակը: Խառը կլանչոցների ու վազվռտուքի մեջ հովատակը կորցրեց Ալխոյին ու վերադարձավ երամակ:
- Սրա հետ ի՞նչ անեմ,- մտահոգվեց Մեծ հորեղբայրս:
- Տանենք գյուղ:
- Ախար ուզում եմ գիրանա՝ ծախեմ:
Մենք նրան կապեցինք ուրթին մոտիկ մի տեղ, երամակի սահմաններից հեռու: Բայց այդ անհասկացողը կտրել էր կապն ու գնացել դեպի զամբիկները: Հովատակը նրան ջարդել, լեշ էր շինել:
Հովիվները կանգնել էին նրա մոտ ու զրուցելով սատկելուն էին սպասում՝ որ ֆերմայի շներին կեր դարձնեն: Գովում էին՝ թե լավ ձի էր, ութ ու տասը փութ բարձող է եղել, Գիքորի տասներկուսից տեղյակ չէին:
Իսկապես լավ ձի էր: Բարձում ու քշում էին Ղազախի շոգ գյուղեր: Բոռերը քրքրում էին նրան, ոսկորը ոստակալում էր ճիպոտից: Ղազախի շոգ գյուղերից, է՜, հարյուր կիլոմետր հեռվից նրան բարձում էին տասնչորս փութ և Մեծ հորեղբորս խաբում, թե բարձել են ութ փթից մի քիչ շատ: «Բամբակի պես թեթև գարի է, էլի», ծիծաղում էին Մեծ հորեղբորս վրա: Բեռն իջեցնում էին ու ծեծելով քշում կայարան. գնացքից ուշանում էին և նորից ծեծում:
- Ոչ ծնում է, ոչ կաթ է տալիս, ոչ բեռ է կրում,- ասաց հորեղբայրս:- Ալխոյի բեռը կբարձեի, կաշին էլ հետը, ես դրա ստեղծողի...
- Հովատակի՞ն: Մի քիչ կամաց:
- Զամբիկիդ,- ասաց հորեղբայրս Մեսրոպին,- Նարինջ զամբիկիդ: Հովատակը հովատակ է, հասկացանք, զամբիկն ինչո՞ւ եք պահում: Ոչ ծնում է, ոչ էլ բեռ կրում:



Հետո, տնտեսությունը երեք բեռնատար ավտոմեքենա ստացավ ու երկու տրակտոր: Դրանցից մեկը կցվեց կալսիչին, իսկ մյուսը մի շաբաթում վերջացրեց աշնանավարը և, պարապությունից, սկսեց վառելիք կրել անտառից: Եզներն ու ձիերը գիրացել, պայթում էին: Լծկանը քշվեց մսամթերման: Հետո մթերակայան ուղարկեցին պառաված զամբիկներին, մի քիչ գայթող, մի քիչ ցածր, մի քիչ բարձր, մի քիչ սառը կամ ջղային զամբիկներին: Բայց տակը դեռ մնում էր մի մեծ երամակ, որ ձմեռը կուտեր քանի՜ տոննա գարի,- գրված էր տնտհաշվարկի մասին շրջանային թերթի հոդվածում: Ձիու գինը դարձավ ոչխարի գին: Սկսեցին ծախել սրան-նրան:

Նարինջ զամբիկը գնեց ատամնաբույժը: Նա իր Երևան քաղաքից այդ ամառ բարձրացել էր մեր լեռները, կարագով, պանրով, փողով շապկում էր հովիվների ու կթվորների ատամները, և նրանք ժպտում էին ծուռ ժպիտով: Նա մեկ ամսում խաբելով-խաբխբելով հազարներ էր հավաքել, հիմա արդեն զվարճանում էր: Նարինջ զամբիկով պիտի գնար իր տնից բուժկայան, Երևանից՝ Էջմիածին, թատրոնից՝ ռեստորան: Զամբիկին նա տվեց հազար երկու հարյուր ռուբլի:

- Գումարած,- ասաց Մեսրոպին,- եթե փչացած ատամ ունես՝ բեր շապկեմ:
Մեսրոպը նրան ասաց՝ չարժե, զամբիկն իրենը չէ, ինքը միայն ձիարած է, ապա շուռ եկավ ու կռվեց Լևոնի հետ:
- Գիշերով չէկա էիր բերում տունս, հա՜...
Այդ՝ գրասենյակում էր: Հաշվապահը վեր թռցրեց ունքերը.
- Իի՜նչ, Նարինջը ծախո՞ւմ եք, գլուխներդ քարի՛ն եք տալիս,- փրփրեց հաշվապահը,- տարեկան երկու-երկուսուկես միլիոն ռուբլու միայն բրդամթերում ենք տալիս, ո՜ւմ ինչ գործն է, թե մի զամբիկ չի ծնում: Էդ ո՞վ է ծնում, որ զամբիկը ծներ: Աշխարհը լիքը ստերջ է, սպանդանոցները կխեղդվեին, չէին հասցնի...
- Հանգիստ, հանգիստ,- ասաց հին նախագահ Աբգարը, որ ցույց էր տալիս, թե լրագիր է կարդում, այնինչ թերթի ետևում միայն ծխում էր:
Գանձապահը փողերը հաշվում էր դժվարությամբ, գանձարկղի դուռը չէր կարողանում բացել:- Դարբնին կանչեք, գա ջարդի... սա ի՞նչ արկղ է, սրանք ի՞նչ կողպեք ու բանալի են...
Նարինջ զամբիկն իրեն բռնել չտվեց, նա թամբ էր տեսել և գիտեր ազատության գինը: Մենք գնացինք մի քսան մարդով, և նա զգում էր, որ այդքանով չէին գնա մի ինչ-որ քուռակի համար: Եվ որ նրան անընդհատ քշում էինք երամակի մեջ՝ դրանից նա վատ հոտ էր առնում ու դողում էր: Եվ թույլ չէր տալիս, որ ինքը հայտնվի ձիերին սեղմված. ձգում էր դրսի վրա: Մենք նրան սեղմում էինք հաստ գավակների պատին, և նա դառնում էր դողացող նյարդերի կծիկ: Նա երամակի շուրջը պտտվում էր և դեռ չգիտեր, թե ո՛ւմ է տրորելով փախչելու: Կողքահան, պողպատե վիզն աղեղած, պտտվում էր գավակե պատերին քսվելով ու ցածր խռխռացնում էր: Նրա պղնձագույն պոչը ցած էր թափվում աղեղով, և բաշը մանր խշշոցով ծեծում էր վիզը: Եվ գլխին պտտվող ականջները որսում էին մեր բոլորիս մտադրությունները: Առջևի ոտքերը տակից փախչում էին կողքանց-կողքանց, և կանաչի հավիտենական ծածկույթը ոտքի տակ պլոկվում էր: Նա երամակի շուրջն այդպես օղ էր կապել, և այդ բոլորակը նրա պտույտներով դառնում էր սև՝ տարիների ճանապարհ: Այդպես տևեց տասը րոպե, քսան րոպե, երեսուն րոպե, հետո մենք մոտեցանք՝ նա հավաքվեց իր մեջ, մենք մոտեցանք՝ նա կծկվեց: Լարվեց, լարվեց ու բացվե՜ց: Պոկվեց երամակից ու գնաց: Նրա փախչելը մեր մեջ կարծրացնում էր բռնելու ցանկություն: Եվ մեր բոլորիս մտքում մենք բռնող էինք, նա՝ փախչող: Եվ աշխարհի բոլո՜ր թերություններն այն բանից էին, որ նա բռնված չէր:
Երամակը գնաց նրա ետևից և ինչպես եղավ՝ նա հայտնվեց ծանր գավակների արանքում սեղմված: Երամակը նրա թշնամին էր. գավակների անկենդան պատը նրան ջարդում էր: Կծելով՝ նա դուրս եկավ նրանց միջից ու գնաց վարգով: Երամակը հոսում էր նրա ետևից, իսկ նա փախչում էր երամակից, և ոտքերն սկսեցին նրա տակ բազմապատկվել: Ոտքերը նրա տակ շատացան, շատացան, շատացան, մինչև որ այլևս ոտքեր չէին երևում, շարժում չէր երևում, ինչ որ է՝ սլացքը ոտքերով չէր. երկրի երեսով սահում էր մի դեղին բոց: Միայն ափսոս, որ երկրից չէր կտրվում. ձորակների հետ իջնում էր, բլուրների հետ բարձրանում և ճանապարհի հետ թեքվում էր: Եվ կորացող հարթության հետ՝ կորավ մեր հայացքներից:
Մեսրոպը գրազ էր գալիս, որ նա չի բռնվելու. «Վիզս կկտրեմ», ասում էր, ծաղրում էր ատամնաբույժին:- Կատաղած հազար երկու հարյուր էր, բժի՛շկ, ձեռիցդ թռավ:
- Սպասիր, սպասիր, վիզդ հանգիստ թող,- ասաց ատամնաբույժը: Նա ծոցագրպանից հանեց դրամապանակը:
- Ուրեմն, ահա թե ինչ,- նա փող հաշվեց,- բռնիր էս փողը. բռնի՛ր, բռնիր,- նա ձևացնում էր, թե մի ձեռքով չի կարողանում ծալել ու փակել դրամապանակը և դրա համար պետք է, որ մյուս ձեռքն ազատվի.- բռնիր, հիմա կասեմ... Ուրեմն՝ տղամարդը տղամարդու հետ, պայմանավորվեցինք, էդ փողը քոնն է, դիր գրպանդ: Նարինջը պիտի բռնես:
- Լավ,- ասաց Մեսրոպը,- բայց առանց փողի:- Նա ձեռքի մեջ տրորում էր փողը՝ քաշվելով թե ափսոսալով նրան էր երկարում ձեռքը:
Դրանից երկու օր հետո ինձ քաղաք՝ դասերի ուղարկեցին: Ատամնաբույժն առնելիքներ ուներ՝ մնաց հավաքելու և քաղաք եկավ սեպտեմբերի կեսերին: Հետո սարվորները քոչեցին գյուղի տաք ձորեր: Երամակի հետ Մեսրոպը դեռ մի քսան օր էլ մնաց սարերում: Նարինջ զամբիկը մոտեմոտ էր անում, և Մեսրոպի սիրտը թրթռում էր: Սարերը կանաչում էին վերջին կանաչով՝ աշնան սառը-տաք արեգակի ներքո: Լեռներում ոչ մի ուրթից ծուխ չէր ելնում, և տխուր էր: Արեգակը գլորվում էր բացարձակ լռության մեջ: Մեսրոպը կարոտում էր ամռան ձայները, կարոտում էր հայհոյելով իր իջնելը հարևան ուրթի վրա և նրանց հանդապահի մահակի պտույտն իր գլխավերևը:
- Արի, Նարինջ զամբիկ, արի,- կանչում էր նա հեռվում կանգնած ձիուն,- մենակ ես եմ, բոլորը գնացել են: Երևանցին էլ: Բոլորը գնացել են, ես ու դու ենք մնացել...
Մեսրոպը շատ էր ուզում, որ հեռվում սևին տվողը լինի ձիավոր ու գալիս լինի իր կողմը:
- Ձիավոր ես,- ասում էր Մեսրոպը,- ձիուդ բեռը պնդացնում ես, գա՞մ օգնելու...- բայց րոպեներ էին անցնում, իսկ նա դեռ միայն սևին էր տալիս: Երեկո էր լինում, և նա հիմա էլ աղջամուղջի մեջ էր օրորվում:- Քար ես, քա՛ր,- ասում էր Մեսրոպը,- ինձ ի՜նչ կա, էս է ես էլ կիջնեմ տուն, իսկ դու մնալու ես քո տեղը: Խե՜ղճ ձիավոր: Ախչի, բա՛ն եմ ասում,- դառնում էր Մեսրոպը Նարինջ զամբիկին, որ սարահարթի եզրին կանգնած էր լինում անշարժ, գլուխը բարձր, ականջները սրած, և այդ պահին շատ էր նմանվում դասագրքերի ձիուն,- արի՛, մատաղ եմ քեզ, հավատա՝ չեմ բռնի: Ատամնաբույժը գնա՜ց: Չկա, չկա,- և Մեսրոպը վերից վար ափերն իրար էր զարկում,- պրծա՛վ, գնա՛ց...
- Ամառն անցա՜վ,- իսկույն տխրում էր Մեսրոպը:- Դու ձի ես, չես հասկանա...- Սարերի ամբողջ մերկության վրա ինքն ու ձիերն էին, և Մեսրոպը շտկում էր խոսքը,- էնքան էլ լավ չես հասկանա: Կենդանիների մեջ ամենաշատը դու ես հասկանում, էդ ճիշտ է, բայց մարդն ուրիշ է...
Զամբիկը երամակից չէր հեռանում, շուրջը պտտվում էր: Հոկտեմբեր ամսի սկզբին երամակի կողքից իջավ գյուղ. սարերը ցրտել էին: Գյուղի ձորերում երամակի կողքերին արածում էր: Դեկտեմբեր ամսին ձյուն եկավ, երամակը քշեցին գոմ: Խոտ տվին, գարի տվին: Մի խոսքով... Իսկ նա պտտվում էր գյուղի շուրջը և թփեր էր կրծոտում: Դեկտեմբերի տասնյոթին գայլերը կերան Լևոնի կովը ջրի վրա, տասնիննի գիշերը մտան Արտեմի գոմ: Ետևներից կրակեցին՝ քսանի օրը գյուղ չմտան: Բայց կալ էին կալսում գյուղի շուրջը, ամբողջ գիշեր պտտվում ու ոռնում էին: Մեսրոպն արթնացավ, տեսավ Նարինջը սեղմվել է տան պատին ու դողում է: Մոտեցավ՝ փախավ: Չորս օր հետո, գիշերվա տասներկուսի-մեկի մոտերքը, Մեսրոպը գրասենյակից դուրս եկավ՝ լույսի տակ մի պահ երևաց Նարինջ զամբիկը: Պահվեց: Այդ գիշեր Մեսրոպի շունը դռանը զարկվեց. մինչև դուրս եկավ՝ ոչ շունը կար, ոչ գայլերը, միայն հեռվից մի թեթև խշրտոց էր գալիս: Ամսի քսանիննի գիշերը Մեսրոպը ձիանոցում էր՝ դրսից վրնջոց եկավ: Դուրս եկավ՝ Նարինջը: Չթողեց էլ ներս հրավիրեն. կրծքով մի կողմ հրեց Մեսրոպին ու բարձր հասակով մեկ հատակը թխկթխկացնելով գնաց մտավ իր տեղը: Կծեց-քշեց իր տեղն զբաղեցրած քուռակին ու կանգնեց իր գարու վրա: Գոմը՝ տաք, գարին՝ շատ, գոմում՝ ձիերի խռթխռթոցը: Իսկ թե դրսում քանի գայլ են ձեն-ձենի տվել՝ լի մսուրք ու տաք տեղ ունեցող ոչ ոքի պետք չէ:



Երեխայիս հետ մի տարի առաջ կրկեսում էի՝ հանկարծ տեսա Նարնջին: Ծրագրից ամբողջ տասը րոպե նրան էին տվել: Բաշը խուզել էին, պոչը խուզել էին, կոկել էին Նարնջին: Ճիշտ է, մի քիչ շատ էր գեր, բայց գյուղի ոչ մի ջղուտ ձի չէր բանեցնի նրա շարժումների նրբությունը: Վալս էր պարում, և նրա պարարտ մարմնի բոլոր մասերը ենթարկվում էին իրեն. ոտքերը, ականջները, գլուխը, մեջքը, ամեն ինչ ենթարկվում էր իրեն: Այդ ամբողջ ժամանակ ես մտածում էի, թե ոտքը հանկարծ չդառնա՞ սմբակ, հանկարծ քացիներ չգցի՞: Ոչ: Նա վալսեց, ծափահարեցին՝ նորեն պարեց, հետո կանգնեց արենայի ճիշտ կենտրոնում և շնորհակալություն հայտնեց հասարակությանը բոլոր կողմերի վրա: Ծափահարեցին՝ որ նորից պարի, բայց նա նրանց երես չտվեց. նրանց այլևս բանի տեղ չդնելով, նա ծնրադրում էր նվագախմբին, և նվագախումբը ծնրադրում էր նրան, և համերգավարն արենայից նրան ճամփում էր գլուխ տալով, իսկ այդ համերգավարը շինած էր թուրքական լոխումից ու քաղաքավարության կանոնների գրքից, և ես հանկարծ ուզեցի, որ Նարինջը մի հատ շպպացնի նրա փորին:

Ես դուրս եկա դահլիճից, գնացի ետնաբեմ: Վարագույրների ետևից գալիս էր բազմության շոգ ծիծաղը: Եվ դա մի տեսակ լպրծուն ու ծանր էր գետաձիու պես, որին չէին կարողանում արենայից քշել. նա այնտեղ բերանը բացել էր, համերգավարն իր օծված գլուխը մտցրել էր նրա բերանը և հանել, նա արդեն բերանը պիտի փակեր, բայց չէր փակում: Տաք էր, խշշոց, քրտինք, դիմաներկ, գույներ էին ու հարյուրմոմանոց լամպեր: Ամեն ինչ կարծես հոտում ու գոլորշի էր տալիս: Ես դռներ էի բացում ու մեկ էլ տեսա մեր ձիուն:

- Նարի՞նջ:
Նա չնայեց էլ իմ կողմը: Նրա մեջքի գիծը բրոնզած էր, ոտքի սպիտակը ներկած էր իր գույնով և շտկված բաշը կանաչ էր:
- Նարի՛նջ,- ասացի ես և շոկոլադ մոտեցրի նրա դնչին: Նա չկերավ, չհոտոտեց էլ: Ու մի պահ ինձ թվաց, թե նա կոնֆետը չի ուտում այն պատճառով, որ դրա միայն կեղևն է շոկոլադ, իսկ մեջն ինչ-որ քաղցր խմորի խառնուրդ է: Ու ես ափս ետ տարա ու չգիտեմ ուր թաքցրի կոնֆետը, որպեսզի նա չտեսնի: Եվ զգացի, որ ես էլ այդ ձիուն եմ խորթանում: Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղվող գավակը, ես զգացի, որ նրան ատում եմ և որ իմ մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող բեռնաձին, հովատակից արհամարհված, հովատակի սարսափը ջլերի մեջ և առջևը ծղոտ:
- Է՛շ,- ես քացի տվի նրա տռուզ փորին,- չծնեցիր, չբարձվեցիր, չտնքացիր ու ապրում ես: Աղվեսաբուծական ֆերման էր քո տեղը, է՛շ:
Գետաձին արդեն դուրս էին տարել, և նրա տեղը ծաղրածուն հիմա գլխկոնծի էր տալիս, ուզում էր իբր գլխարկը հանել՝ մորուքն էր պոկում, ուզում էր մորուքը ծնոտին դնել՝ քամակին էր դնում:

Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 07, 2020 Rating: 5
Технологии Blogger.