Էռնեստ Հեմինգուեյ | Երեք օրվա քամին

Էռնեստ Հեմինգուեյ
Էռնեստ Հեմինգուեյ
Երբ Նիքը թեքվեց այգու միջով բարձրացող ճանապարհի կողմը, անձրևը դադարեց։ Միրգն արդեն հավաքել էին, և աշնան քամին փչում էր լերկ ծառերի միջով։ Նիքը կանգնեց և վերցրեց ճանապարհի կողքն ընկած, շագանակագույն խոտի վրա անձրևից փայլող Վագների խնձորը։ Նա խնձորը դրեց իր Մեքինո վերարկուի գրպանը։

Ճանապարհը այգուց տանում էր բլրի գագաթ։ Այնտեղ էին խրճիթը, բաց պատշգամբը, ծխնելույզից էլ ծուխ էր դուրս գալիս։ Հետնամասում գարաժն էր, հավաբունը, ջահել ծառերից կտրած գերանների կույտը, որ ծառայում էր որպես հետին անտառից բաժանող ցանկապատ։ Նա տեսավ, թե ինչպես են հեռվում քամուց ծածանվում հսկա ծառերը։ Աշնան առաջին փոթորիկն էր։
Երբ Նիքը հատեց այգուց վեր ձգվող բացատը, խրճիթի դուռը բացվեց, և Բիլը դուրս եկավ։ Նա կանգնեց պատշգամբին և դուրս նայեց։
– Բարև, Վեմիջ, – ասաց նա։
– Ողջույն, Բիլ, -ասաց Նիքը աստիճաններով բարձրանալով։
Նրանք միասին կանգնած նայեցին դեպի երկրի հեռուները, դեպի այգուց իջնող ճանապարհից անդին մինչև լիճը տարածվող ցածրադիր դաշտերն ու անտառները։ Քամին փչում էր ուղիղ լճի կողմը։ Նրանք տեսան Տասը Մղոնի հրվանդանում ծփող ալիքները։
– Փչում է, -ասաց Նիքը։
– Դեռ երեք օր այդպես կփչի, -ասաց Բիլը։
– Հայրդ տա՞նն է, – հարցրեց Նիքը։
– Չէ, զենքն առել գնացել է, ներս արի։
Նիքը ներս մտավ խրճիթ։ Բուխարիում թեժ կրակ էր մոլեգնում, որ քամուց սկսեց ոռնալ։ Բիլը ծածկեց դուռը։
– Խմելու բան կա՞, -հարցրեց։
Նա գնաց խոհանոց և վերադարձավ երկու բաժակն ու ջրի սափորը ձեռքին։ Վիսկիի շիշն էլ ձգվեց վերցրեց բուխարու վերևի դարակից։
– Ամեն ինչ լա՞վ է, – հարցրեց նա։
– Լավ, – ասաց Բիլը։
Նրանք նստեցին կրակի առաջ և սկսեցին խմել ջրով բացած իռլանդական վիսկին։
– Հաճելի, ծխի համ ունի, – ասաց Նիքը և բաժակի միջով կրակին նայեց։
– Տորֆից է, – ասաց Բիլը։
– Տորֆը չես կարող խմիչքի մեջ գցել, – ասաց Նիքը։
– Տարբերություն չկա, – ասաց Բիլը։
– Երբևէ տորֆ տեսե՞լ ես, – հարցրեց Նիքը։
– Չէ, – ասաց Բիլը։
– Ես նույնպես, – ասաց Նիքը։
Բուխարու հատակին, կրակին մոտ երկարած ոտնամաններից սկսեց գոլորշի բարձրանալ։
– Ավելի լավ է կոշիկներդ հանես, – ասաց Բիլը։
– Բայց ես գուլպա չեմ հագել։
– Հանիր կոշիկներդ թող չորանան, ես հիմա կճարեմ քեզ համար, – ասաց Բիլը։
Նա բարձրացավ ձեղնահարկ, Նիքը լսեց նրա ոտնաձայները հենց գլխավերևում։ Վերևում բացօթյա տանիքի տակ քնում էին Բիլն ու իր հայրը, իսկ երբեմն էլ Նիքը։ Հետևում հանդերձարան կար։ Նրանք մահճակալները անձրևի տակից ներս էին բերում և ծածկում ռետինե վերմակներով։
Բիլը ցած իջավ մեկ զույգ բրդյա հաստ գուլպայով։
– Արդեն շատ ցուրտ է առանց գուլպայի շրջելու համար, – ասաց նա։
– Ատում եմ նորից գուլպա հագնելը, – ասաց Նիքը։
Նա հանեց գուլպաները և կախեց աթոռից, ոտքերն էլ նորից հենեց բուխարու դռնակին։
– Դռնակը ներս կճկես, – ասաց Բիլը։
Նիքը ոտքերը մի կողմ տարավ և դրեց բուխարու կողքը։
– Կարդալու բան ունե՞ս, – հարցրեց նա։
– Միայն թերթ։
– Կարդինալներն ի՞նչ արեցին։
– Երկու անգամ վրա-վրա հսկաներին տարվեցին։
– Հեռու չէ իրենցից։
– Նվեր էր, – ասաց Բիլը, – քանի դեռ ՄաքԳրոուն լիգայի բոլոր լավ խաղացողներին կարող է առնել, ոչ մի բան չի փոխվի։
– Նա չի կարող բոլորին առնել, – ասաց Նիքը։
– Ում ուզում առնում է, – ասաց Բիլը, – կամ նրանց այնպիսի հուսահատ վիճակի է հասցնում, որ ցանկանան վաճառվել իրեն։
– Ինչպես Հեյնի Զիմի դեպքում, – համաձայնեց Նիքը։
– Այդ հաստագլուխը մեծ օգուտ կբերի իրեն։
Բիլը կանգնեց։
– Նա կարող է լավ խփել, – առաջարկեց Նիքը։ Կրակի ջերմությունը խաշում էր ոտքերը։
– Նա դաշտում էլ է չամիչ խաղացող, – ասաց Բիլը, – բայց գնդակները տարվում է։
– Գուցե հենց դրա համար էլ ՄաքԳրոուն ուզում է նրան, – ենթադրեց Նիքը։
– Միգուցե, – համաձայնեց Բիլը։
– Միշտ մի բան կա, որ մենք չգիտենք, – ասաց Նիքը։
– Դե հա։ Բայց մենք լավ էլ գլուխ ենք հանում էսքան հեռվից։
– Ոնց որ ձիերի դեպքում, առանց տեսնելու, ոնց պիտի վրան մի բան դնես։
– Հենց էդ եմ ասում։
Բիլը իջեցրեց վիսկիի շիշը։ Մեծ ձեռքով գրկեց շիշը, վիսկին լցրեց Նիքի պահած բաժակի մեջ։
– Քեզ ինչքա՞ն ջուր լցնեմ։
– Նույնքան։
Նա նստեց գետնին, Նիքի աթոռի կողքը։
– Լա՞վ է չէ, երբ սկսվում են աշնան փոթորիկները, – ասաց Նիքը։
– Հոյակապ։
– Տարվա լավագույն ժամանակն է, – ասաց Նիքը։
– Այ թե հիմա քաղաքում լինեինք, – ասաց Բիլը։
– Ես կուզեի աշխարհի խաղերը նայել, – ասաց Նիքը։
– Դե, հիմա դրանք հիմնականում Նյու Յորքում կամ Ֆիլադելֆիայում են լինում, – ասաց Բիլը։ Մեզ համար հեչ լավ չի։
– Հետաքրքիր է, Կարդինալները երբևէ կհաղթե՞ն առաջնությունը։
– Դժվար թե մեր կենդանության օրոք, – ասաց Բիլը։
– Պահ, կգժվեն երևի, – ասաց Նիքը։
– Հիշում ես, մի անգամ լավ էին գնում, մինչև գնացքը շուռ եկավ։
– Այ քեզ տղա, – ասաց Նիքը վերհիշելով։
Բիլը ձգվեց վերցրեց պատուհանի տակ սեղանին երեսով շրջած գիրքը, որ այնտեղ էր թողել դուրս գնալիս։ Մի ձեռքին բաժակն էր, մյուսին գիրքը, ինքն էլ թեքված Նիքի աթոռի կողմը։
– Ի՞նչ ես կարդում։
– Ռիչարդ Ֆեվերել։
– Ես չեմ հասել դրան։
– Ոչինչ, – ասաց Բիլը, – վատ գիրք չի, Վեմիջ։
– Էլ ինչ ունես, որ չեմ կարդացել, – հարցրեց Նիքը։
– «Անտառի սիրահարները» կարդացե՞լ ես։
– Հա, էդ էն էր, որ ամեն գիշեր քնելու են գնում՝ մերկացրած սուրը երկուսի արանքը դրած։
– Լավ գիրք է, Վեմիջ։
– Շատ լավն է։ Միայն երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող էր սուրը խանգարել։ Պետք է շեղբը անընդհատ դեպի վեր ցցված լիներ, այլապես տափակ դիրքում կարող էիր լրիվ անվնաս գլորվել վրայով։
– Դա ընդամենը խորհրդանիշ է, – ասաց Բիլը։
– Անշուշտ, – ասաց Նիքը, – բայց բանի պետք չէ։
– Երբևէ կարդացե՞լ ես «Ոգու կորովը»։
– Շատ լավն է, – այ դա իսկական գիրք է։ Էն որ հերը միշտ հետևում էր։ Ուոլփոլից ուրիշ բան կա՞։
– «Մութ անտառը», – ասաց Բիլը, – Ռուսաստանի մասին է։
– Ինքն ի՞նչ գիտի Ռուսաստանի մասին, – հարցրեց Նիքը։
– Չգիտեմ։ Էդ տղերքից դժվար է գլուխ հանել։ Գուցե տղա ժամանակ ապրել է այնտեղ։ Գերազանց է ստացվել։
– Կուզեի հանդիպել նրան, – ասաց Նիքը։
– Ես էլ Չեսթրթոնին կուզեի հանդիպել, – ասաց Բիլը։
– Կուզեի հիմա այստեղ լիներ, – ասաց Նիքը, – վաղը մեզ հետ կտանեիք Վուա՝ ձուկ բռնելու։
– Կասկածում եմ, թե կսիրի ձկնորսությունը, – ասաց Բիլը։
– Իհարկե կսիրի, – ասաց Նիքը, – ինքը պետք է որ ամենալավն իմանա։ «Թռչող պանդոկը» հիշու՞մ ես։

«Երբ հրեշտակը դրախտից,
Քեզ այլ խմիչք է ուղարկում,
Երախտիքդ դու հայտնիր,
Բայց տար արագ դուրս թափիր»։

– Շատ ճիշտ է, – ասաց Նիքը, – Իմ կարծիքով ինքը Ուոլփոլից լավ տղա է։
– Դե, ինքն ավելի լավ տղա է, համաձայն եմ, – ասաց Բիլը, – բայց Ուոլփոլն ավելի լավ գրող է։
– Չգիտեմ, – ասաց Նիքը, – Չեսթրթոնը դասական է։
– Ուոլփոլն էլ է դասական, – պնդեց Բիլը։
– Կուզեի երկուսն էլ այստեղ լինեին, – ասաց Նիքը, – վաղը մեզ հետ երկուսին էլ կտանեինք Վուա՝ ձկնորսության։
– Արի հարբենք, – ասաց Բիլը։
– Հարբենք, – համաձայնեց Նիքը։
– Ծերուկիս պետքը չի, – ասաց Բիլը։
– Վստա՞հ ես, – ասաց Նիքը։
– Ես լավ գիտեմ․- ասաց Բիլը։
– Մի թեթև հարբած եմ, – ասաց Նիքը։
– Հարբած չես, – ասաց Բիլը։
Նա գետնից վեր կացավ ու ձգվեց դեպի վիսկիի շիշը։ Նիքը պահեց բաժակը ու աչքերը հառեց վրան մինչ Բիլը լցնում էր։
Բիլը բաժակը կիսով չափ վիսկիով լցրեց։
– Ջուրը դու լցրու, – ասաց նա, – մի բաժակ բան է մնացել։
– Էլ շիշ չկա՞, – հարցրեց Նիքը։
– Շատ կա, – բայց հերս սիրում է, երբ խմում եմ միայն բաց շշերը։
– Անշուշտ, – ասաց Նիքը։
– Նա ասում է, որ շիշը բացելով են հարբեցող դառնում, – բացատրեց Բիլը։
– Ճիշտ որ, – ասաց Նիքը։ Նա ցնցված էր։ Երբեք չէր մտածել այդ մասին։ Միշտ մտածել էր, թե միայն խմելով են հարբեցող դառնում։
– Ինչպե՞ս է հայրդ, – հարցրեց նա հարգանքով։
– Շատ լավ է, – ասաց Բիլը, – բայց մեկ մեկ գժվում է։
– Շատ լավ տիպ է, – ասաց Նիքը։ Նա ջուրը սափորից լցրեց իր բաժակի մեջ։ Այն դանդաղ խառնվեց վիսկիին։ Ավելի շատ վիսկի էր, քան ջուր։
– Երդվում եմ, որ ճիշտ ես։
– Իմ ծերուկն էլ լավ է, – ասաց Նիքը։
– Լրիվ ճիշտ ես, – ասաց Բիլը։
– Նա վստահեցնում է, թե կյանքում խմիչք բերանը չի տվել, – ասաց Նիքը, ասես գիտական փաստ հայտարարեր։
– Դե, նա բժիշկ է, իսկ իմ ծերուկը նկարիչ։ Դրանք տարբեր բաներ են։
– Նա շատ բան է բաց թողել, – տխուր ասաց Նիքը։
– Չես կարող ասել, – ասաց Բիլը, – ամեն մեկը տեղն ինչ-որ բան ստանում է։
– Ինքն է ասել, թե շատ բան է բաց թողել, – խոստովանեց Նիքը։
– Իմ հայրն էլ ծանր ժամանակներ է ունեցել, – ասաց Բիլը։
– Դե ուրեմն ոչ-ոքի, – ասաց Նիքը։
Նրանք նստել կրակին էին նայում ու մտածում այդ խորը ճշմարտության մասին։
– Գնամ փայտ բերեմ պատշգամբից, – ասաց Նիքը։ Կրակին նայելիս նկատել էր, որ այն մեռնում է։ Ուզում էր նաև ցույց տալ, որ կարող է բաժակը ձեռքին դեռ մի բանի պետք գալ։ Եթե նույնիսկ հայրը մի կաթիլ չէր խմել, Բիլը չպիտի հարբեցներ իրեն, քանի դեռ ինքը չէր հարբել։
– Մի մեծ հաճարենու կտոր բեր, – ասաց Բիլը։ Ինքն էլ իբր գիտակցված էր գործում։
Նիքը գերանը ձեռքին հետ եկավ խոհանոցի միջով և ցած գցեց սեղանին դրված կաթսան։ Գերանը գետնին դրեց և վերցրեց կաթսան։ Մեջը ջրով թրջած ծիրանի չիր էր։ Նա զգուշորեն հավաքեց ծիրանները ու հետ դրեց կաթսայի մեջ, մի քանիսն էլ սահեցին վառարանի տակ։ Մի քիչ էլ ջուր ավելացրեց սեղանի կողքը դրված դույլից։ Նա հպարտ էր ինքն իրենով։ Լիարժեք վերահսկում էր իրավիճակը։
– Երբ գերանը բերեց, Բիլը վեր կացավ աթոռից և օգնեց այն գցել կրակի մեջ։
– Հոյակապ գերան է, – ասաց Նիքը։
– Պահել էի վատ եղանակի համար, – ասաց Բիլը, – այդպիսի գերանը ամբողջ գիշեր կվառվի։
– Դեռ մի բան էլ ածուխ կմնա, լուսաբացին կրակը բորբոքելու համար, -ասաց Նիքը։
– Շատ ճիշտ ես, – համաձայնեց Բիլը։ Խոսակցությունը մի այլ հարթություն էր թևակոխել։
– Արի մի հատ էլ խմենք, – ասաց Նիքը։
– Կարծեմ պահարանում մի հատ էլ բաց շիշ պետք է որ լինի, – ասաց Բիլը։ Նա ծնկեց պահարանի դիմացի անկյունում և դուրս բերեց քառակուսի շիշը։
– Սքոչ է, – ասաց նա։
– Մի քիչ ջուր բերեմ, – ասաց Նիքը։ Նա նորից գնաց խոհանոց։ Շերեփը կախեց դույլի մեջ և սառը խմելու ջուր լցրեց սափորի մեջ։ Հյուրասենյակ վերադառնալիս ճաշասենյակի միջով անցավ և նայեց հայելու մեջ։ Դեմքը տարօրինակ թվաց։ Նա ժպտաց իր դեմքին, և դեմքն էլ քմծիծաղով պատասխանեց։ Աչքով արեց ու անցավ։ Իր դեմքը չէր, բայց դե ինչ տարբերություն։
Բիլը լցրեց խմիչքը։
– Սարսափելի շատ լցրեցիր, – ասաց Նիքը։
– Մեզ համար հեչ բան է, Վեմիջ, – ասաց Բիլը։
– Ի՞նչ կենաց ենք խմում, – հարցրեց Նիքը՝ պահելով բաժակը։
– Ձկնորսության համար, – ասաց Բիլը։
– Շատ լավ, – ասաց Նիքը, -Պարոնայք, գնաց ձկնորսության համար։
– Միայն ձկնորսություն, – ասաց Բիլը, – ամենուր։
– Ձկնորսություն, – ասաց Նիքը, – ահա թե ինչի համար ենք խմում։
– Ավելի լավ է, քան բեյսբոլը, – ասաց Բիլը։
– Համեմատելու բան չի, – ասաց Նիքը, -զարմանում եմ ինչպես ենք երբևէ խոսել բեյսբոլի մասին։
– Սխալ ենք թույլ տվել, – ասաց Բիլը, – Բեյսբոլը սրիկաների խաղ է։
Նրանք դատարկեցին բաժակները ցմրուր։
– Իսկ հիմա արի Չեսթերթոնի համար։
– Եվ Ուոլփոլի, – հավելեց Նիքը։
Նիքը լցրեց խմիչքը։ Բիլը լցրեց ջուրը։ Նրանք միմյանց նայեցին։ Հրաշալի էին իրենց զգում։
– Պարոնայք, – ասաց Բիլը, – գնաց Չեսթերթոնի ու Ուոլփոլի համար։
– Անտարակույս, պարոնայք, – ասաց Նիքը։
Նրանք խմեցին։ Բիլը լցրեց բաժակները։ Նրանք նստեցին կրակի առաջ մեծ աթոռների մեջ։
– Դու շատ իմաստուն էիր, Վեմիջ, – ասաց Բիլը։
– Ի՞նչ նկատի ունես, – հարցրեց Նիքը։
– Որ Մարջի հետ բռնած գործից ձեռ քաշեցիր։
– Ես էլ եմ կարծում, – ասաց Նիքը։
– Ուրիշ ելք չկար, եթե չանեիր հիմա հետ էիր գնացել տուն աշխատելու, որ պսակվելու փող հավաքեիր։
Նիքը լռեց։
– Երբ մարդ պսակվում է, բացարձակ վերջը գալիս է, – շարունակեց Բիլը, – էլ ոչ մի լավ բան չի լինի։ Ոչ մի բան։ Ոչ մի անիծյալ բան։ Նրա բանը բուրդ է։ Ինքդ ես տեսել պսակված տղերքի։
Նիքը լռեց։
– Նրանց նայելով էլ կարող ես ասել, – ասաց Բիլը, – որ մի տեսակ պսակված չաղ մռութ են դառնում ։ Վերջացած-պրծած են։
– Անշուշտ, – ասաց Նիքը։
– Երևի վատ էր նրան թողնելը․-ասաց Բիլը, – բայց միշտ էլ սիրահարվում ես մեկ ուրիշի, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ Սիրահարվիր, բայց մի թող գլուխդ ուտեն։
– Ճիշտ ես, – ասաց Նիքը։
– Եթե պսակվեիր հետը, ամբողջ ընտանիքի հետ էիր ստիպված պսակվելու։ Հիշիր նրա մորն ու հետը պսակված տիպարին։
Նիքը գլխով արեց։
– Պատկերացրու ամբողջ օրը գնում-գալիս են, կիրակի օրերը դուք իրենց տուն ճաշի, իրենք ձեր տուն ճաշի, ու Մարջին էլ անընդհատ հրամաններ է տալիս, թե ինչ անի, ոնց անի։
Նիքը լուռ նստել էր։
– Լավ պրծար էդ անիծյալ վիճակից, – ասաց Բիլը, – հիմա նա կարող է իր նման մեկի հետ պսակվել ու հանգիստ ու երջանիկ ապրել։ Չես կարող ջուրն ու ձեթը խառնել իրար, ավելի լավ չի ստացվի, քան եթե ես Իդայի հետ պսակվեմ, աղջկա՝ որ Սթրեթոնների մոտ է աշխատում։ Նա էլ երևի կուզի։
Նիքը ոչինչ չասաց։ Խմիչքն իր մեջից լրիվ ցնդել էր ու իրեն մենակ թողել։ Բիլը չկար։ Ինքը նստած չէր կրակի առաջ, ոչ էլ վաղը ձկնորսության էր գնալու Բիլի ու իր հոր հետ, ոչ էլ այլ բան էր անելու։ Հարբած չէր։ Ամեն ինչ անցել էր։ Միայն այն գիտեր, որ մի Մարջորի ուներ, ում կորցրել էր։ Աղջիկ, որ գնացել էր իր մեղքով։ Ինչ կար, միայն դա էր։ Գուցե էլ երբեք չտեսնի նրան։ Միգուցե։ Ամեն ինչ անցել էր, վերջացել։
– Արի մի հատ էլ խմենք, – ասաց Նիքը։
Բիլը լցրեց բաժակը։ Նիքը մի քիչ ջուր ցողեց մեջը։
– Եթե այդ ճանապարհով գնայիր, մենք հիմա այստեղ չէինք լինի, – ասաց Բիլը։
Ճիշտ էր ասում։ Սկզբում ուզում էր տուն վերադառնալ ու աշխատանք գտնել։ Հետո որոշեց ձմեռը Շառլեվուայում անցկացնել, որ Մարջին մոտ լինի։ Հիմա չգիտեր ինչ էր ուզում։
– Հավանաբար վաղը նույնիսկ ձկնորսության էլ չէինք գնա, – ասաց Բիլը, – այնպես որ ճիշտ արեցիր։
– Ինձնից չէր կախված, – ասաց Նիքը։
– Գիտեմ, միշտ էլ այդպես է լինում։
– Հանկարծ ամեն ինչ ավարտվեց, – ասաց Նիքը, – չգիտեմ, թե ինչու։ Ինձնից չէր կախված։ Ինչպես երեք օրվա քամին է գալիս ու սրբում տանում ծառի բոլոր տերևները։
– Դե, ամեն ինչ ավարտված է։ Այդքան բան, – ասաց Բիլը։
– Իմ մեղքն էր, – ասաց Նիքը։
– Այլևս կարևոր չէ, թե ում մեղքն էր, – ասաց Բիլը։
– Ոչ, ես էլ եմ կարծում, – ասաց Նիքը։
Կարևորն այն էր, որ Մարջորին գնացել էր և գուցե այլևս երբեք չտեսներ նրան։ Աղջկան պատմել էր, թե ինչպես են միասին Իտալիա գնալու ու ինչեր են անելու։ Պատմել էր այն վայրերի մասին, որտեղ միասին էին լինելու։ Հիմա այլևս ամեն ինչ ավարտված էր։
– Քանի որ ամեն ինչ ավարտված է, մնացածն էական չէ, – ասաց Բիլը, -Ասեմ իմանաս, Վեմիջ, մինչ դա շարունակվում էր, ես շատ մտահոգ էի։ Դու ճիշտ տարար խաղը։ Հասկանալի է, որ մայրը գժի պես զայրացած է։ Նա շատերին էր ասել թե նշանվել էիք։
– Մենք չէինք նշանվել, – ասաց Նիքը։
– Մարդիկ խոսում էին, որ նշանվել եք։
– Ի՞նչ կարող եմ անել, – ասաց Նիքը, – մենք չէինք նշանվել։
– Չէի՞ք պատրաստվում պսակվել, – հարցրեց Բիլը։
– Հա, բայց նշանված չէինք, – ասաց Նիքը։
– Իսկ ի՞նչ տարբերություն, – հարցեր Բիլը ծանրութեթև անելով։
– Չգիտեմ։ Կա տարբերություն։
– Ես չեմ տեսնում, – ասաց Բիլը։
– Դե լավ, – ասաց Նիքը, – արի հարբենք։
– Դե լավ, – ասաց Բիլը, – արի իսկականից հարբենք։
– Արի հարբենք, հետո գնանք լողալու, – ասաց Նիքը։
Նա դատարկեց բաժակը։
– Ցավում եմ նրա համար, բայց ի՞նչ կարող էի անել, – ասաց նա։ Դու գիտես նրա մոր կերպարը։
– Սարսափելի կին էր, – ասաց Բիլը։
– Հանկարծ ամեն ինչ ավարտվեց, – ասաց Նիքը, – չպիտի դրա մասին խոսեի։
– Դու չխոսեցիր, – ասաց Բիլը, – ես սկսեցի ու հիմա էլ շարունակում եմ։ Երբեք այլևս չենք խոսի դրա մասին։ Դու չես ուզում մտածել այդ մասին։ Մեկ էլ տեսար նորից հետ գնացիր։
Նիքը չէր մտածել այդ մասին։ Այնպես միանշանակ էր թվում։ Այ թե միտք էր։ Այ հիմա լավ է զգում։
– Անշուշտ, – ասաց նա, – այդ վտանգը միշտ էլ կա։
Հիմա նա երջանիկ էր։ Ոչինչ անշրջելի չէ։ Շաբաթ երեկոյան կարող է քաղաք գնալ։ Այսօր հինգշաբթի է։
– Միշտ էլ շանս կա, – ասաց նա։
– Պիտի զգույշ լինես, – ասաց Բիլը։
– Զգույշ կլինեմ, – ասաց Նիքը։
Նա երջանիկ էր։ Ոչինչ էլ ավարտված չէր։ Ոչինչ էլ երբեք չէր կորցրել ։ Շաբաթ երեկոյան կգնա քաղաք։ Հիմա թեթևացած էր զգում, ինչպես մինչ Բիլի խոսք բացելը։ Միշտ էլ ելք կա։
– Արի վերցնենք զենքերն ու իջնենք ներքև՝ հորդ փնտրելու, – ասաց Նիքը։
– Շատ լավ։
Բիլը երկու ողորկափող հրացան իջեցրեց պատի դարակից, բացեց պարկուճների տուփը։ Նիքը հագավ իր Մեքինո վերարկուն և կոշիկները։ Կոշիկները չորանալուց կարծրացել էին։ Դեռ լավ էլ հարբած էր, բայց գլուխը պարզ էր։
– Ինչպե՞ս ես քեզ զգում, – հարցրեց Նիքը։
– Հոյակապ։ Հենց նոր լավ թարմացա, – Բիլը կոճկում էր սվիտրի կոճակները։
– Խմելուց օգուտ չկա։
– Ոչ մի օգուտ, պետք է դուրս գալ մաքուր օդի։
Նրանք քայլեցին դուրս։ Քամին փչում էր հողմի պես։
– Այսպես որ գնա, թռչունները կիջնեն խոտերին, – ասաց Նիքը։
Նրանք քշվեցին ցած դեպի այգին։
– Այսօր առավոտյան փայտփորիկ եմ տեսել, – ասաց Բիլը։
– Գուցե ցած գցենք, – ասաց Նիքը։
– Էս քամուն չես կարող կրակել։
Հիմա երբ դրսում էին, Մարջի հարցն այնքան էլ ողբերգական չէր թվում։ Նույնիսկ շատ կարևոր էլ չէր։ Քամին նման բաները հեռու էր քշում։
– Հենց մեծ լճի կողմից է գալիս, – ասաց Նիքը։
Քամու մեջ պայթեց հրացանի ճարճատյունը։
– Հայրիկն է, – ասաց Բիլը, – իջել է ճահճուտ։
– Արի այսպես կտրենք ճանապարհը, – ասաց Նիքը։
– Արի կտրենք ցածի մարգագետնով ու տեսնենք կհաջողվի մի բան խփել, – ասաց Բիլը։
– Շատ լավ, – ասաց Նիքը։
Ոչ մի բան այլևս կարևոր չէր։ Քամին ամեն ինչ սրբել տարել էր իր գլխից։ Միշտ էլ կարելի է շաբաթ երեկոյան քաղաք գնալ։ Լավ է, երբ մտքումդ նման բան ունես պահած։

Թարգմանությունն անգլերենից՝ Մհեր Իսրայելյանի

Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Պատմվածքներ

Էռնեստ Հեմինգուեյ | Երեք օրվա քամին Էռնեստ Հեմինգուեյ | Երեք օրվա քամին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 17, 2020 Rating: 5
Технологии Blogger.