Ռոբեր Դեսնոս | Բանաստեղծություններ

Ռոբեր Դեսնոս

Այսօր ես  զբոսնեցի ըներոջս հետ 


Այսօր ես զբոսնեցի  ընկերոջս հետ,

Անգամ եթե  նա մեռել  է արդեն,

Ես զբոսնեցի ընկերոջս հետ:

Ի՜նչ գեղեցիկ էին ծառերը ծաղկած,

Շագանակենիները, որ ձյուն էին տեղում

այն օրը, երբ նա մահացավ:

Իմ ընկերոջ հետ ես զբոսնեցի:

 

Մի  ժամանակ ծնողներս

Մենակ էին գնում թաղումների:

Ու ես ինձ զգում  էի փոքր երեխա :

 

Հիմա  շատ ու շատ մահեր  եմ տեսել,

Գիտեմ շատ մարդկանց՝ թաղման բյուրոյից:

Բայց խուսափում եմ  նրանց տեսակից:

 

Ահա  թե ինչու ես  այսօր

Զբոսնեցի  իմ ընկերոջ  հետ:

Նա գտավ, որ մի քիչ ծերացել եմ ես,

ծերացել մի քիչ, ու ինձ ասաց.Դու ևս կգաս  որտեղ որ ես եմ

Մի շաբաթ օր կամ էլ՝ կիրակի,

 

Իսկ ես  նայեցի ծառերին ծաղկած,

Գետակին՝ կամրջի տակով հոսող,

Ու հանկարծ տեսա, որ  մենակ եմ ես:

 

Այդժամ, վերադարձա մարդկանց  աշխարհ:

 

Ժամը հինգին 

 

Առավոտյան ժամը հինգին նոր ու դատարկ մի փողոցում

Լսում եմ մի մեքենայի հռինդը, որ հեռանում է:

Հրդեհի  ազդանշանի  հայելին  ջարդվել է,

և  ապակու կտորները

փայլատակում են մի գետակի  մեջ:

Սալարկի վրա արյան լճակ կա ու մի քիչ

ծուխ է  լուծվում օդում:

Էհե՜յ,  էհե՜յ, հապա պատմեցե՛ք, թե ինչ է եղել:

Արթնացե՛ք, դո՛ւք: Ուզում եմ իմանալ, թե ինչ է եղել:

Պատմեցե՛ք ինձ արկածները մարդկանց:

1936 

 

Ինքնասպաններ

 

Կախվածներ, վզերդ կտրածներ, թույն խմածներ,

Ողջ բազմությունն ինքնասպանների.

Ճանապարհը փշաքաղվում է, սագի մաշկ ունի:

 

 

Դաշունահարվածներ, խեղդվածներ, բարձրից նետվածներ,

Գնացքի անիվներից  ջարդվածներ

Ինքնասպաննե՛ր, դուք չշահեցիք:

Դուք տանուլ տվիք

Եղբայրնե՛ր: Կորա՛ծ եղբայրներ,

Որ  տալիս եք վատ օրինակ:

1936

 

Երկիր

 

Օր օրվանից հետո

Ալիք ալիքից հետո.

Ո՞ւր ես գնում դու: Ո՞ւր եք գնում դուք:

Երկիր վիրավոր՝ այդքան դեգերող մարդկանց կողմից:

Երկիր,  հարստացած՝  դիակներով այդքան  մարդկանց:

Բայց երկիրը մենք ենք

Մենք նրա վրա չենք

Այլ նրա մեջ՝ ի սկզբանե ու միշտ:


1

Փոքրիկ նավի մեջ

Փոքրիկ նավի մեջ՝

Մի անուշիկ կին

Ու փոքրիկ նավազ

Թիերը ձեռքին :

Զբոսնելու են գնում

գետով մեղմօրոր,

Քնելու մի կղզում

երկնի տակ անցավոր:

Կիրակի է այսօր …

Լավ է ու բերկրալի

Իրար ազդր շոյել

Զգալ համն համբույրի:

Սա է կյանքը հրաշք-

Կիրակին՝գետափին:

Երանելի են նախանձողները

Փոքրիկ նավազին:

Պառկել նրա հետ

Պառկել նրա հետ

2

կողք-կողքի քնելու համար

զուգահեռ երազների համար

ու շնչառության կրկնակի:

Պառկել նրա հետ

Եզակի ու հրաշք ստվերի

Ու նույն ջերմության համար

Ու նույն մենակության:

Պառկել նրա հետ

Իսկական կեսգիշերվա համար

արևածագով միասին զմայլվելու

ու նույն պատրանքների համար:

Պառկել նրա հետ

Բացարձակ սիրո համար

Արատի համար, արատի,

Ու համբույրների ՝ խելահեղ:

Պառկել նրա հետ

Անպատմելի մի ալեկոծման համար

Ինքդ քեզ և իսկապես ապացուցելու համար,

Որ երբևէ, հոգու ու մարմնի վրա սիրահարների

Չի ծանրացել սուտը սկզբնական մեղքի:

3

Կես ճանապարհին

Ժամանակի մեջ կա մի ճշգրիտ պահ

Երբ մարդն հասնում է իր կյանքի ուղիղ կեսին

Վայրկյանի մի դրվագ,

Ժամանակի փախչող մի մասնիկ, ավելի արագ, քան հայացքը

Ավելի արագ, քան սիրային

Նվաղման բարձրակետը,

Ավելի արագ, քան լույսը:

Սաղարթների միջև՝ երկար պողոտաներ

ձգվում են դեպի աշտարակը, ուր

մի կին քնով է անցել,

որի գեղեցկությունը դիմադրում է համբույրներին, եղանակներին,

Ինչպես աստղը՝ քամուն, ինչպես ժայռը՝ ալիքին:

Մի դողդողացող նավ սուզվում է ու գոռում:

Մի ծառի կատարին՝ դրոշ է փողփողում

Խնամքով սանրված մի կին, բայց որի գուլպաներն ընկել են իր կոշիկներին

Հայտնվում է փողոցի անկյունում,

Վեհաշուք, դողդոջուն,

Մի ձեռքով ծածկելով հնամենի մի լամպ, որը ծխում է:

Ու դարձյալ մի հարբած բեռնակիր երգում է կամրջի մի անկյունում,

Ու դարձյալ մի սիրահար կին կծում է իր սիրեցյալի շուրթերը,

Ու դարձյալ վարդի մի ծաղկաթերթ է ընկնում դատարկ մահճակալի վրա,

Ու դարձյալ երեք պատի ժամացույց խփում են միևնույն ժամը՝

4

Մի քանի րոպե ընդմիջուներով,

Ու դարձյալ մի մարդ, որն անցնում է փողոցով, շրջվում է,

Քանզի իր անունն են գոռացել,

Բայց այն կինը նրան չէ, որ կանչում է,

Ու դարձյալ, հագած-կապած մի նախարար,

Տհաճորեն նեղված՝ իր վերնաշապիկի փեշի պատճառով,

Որը խճճվել է իր շալվարի ու կիսավարտիքի միջև,

Մի որբանոցի բացումն է անում,

Ու դարձյալ մի բեռնատարից, որ սլանում է ամբողջ թափով,

Գիշերվա դատարկ փողոցներով,

Մի հիասքանչ լոլիկ է ընկնում ու գլորվում առվի մեջ,

Եվ որը հետո պիտի ավլեն,

Ու դարձյալ հրդեհ է բռնկվում մի շենքի վեցերորդ հարկում,

Ու բոցավառվում՝ լուռ ու անտարբեր քաղաքի կենտրոնում,

Ու դարձյալ մի մարդ լսում է մի երգ

Որը մոռացել է վաղուց,

բայց որն էլի մոռանալու է…

Ու էլի շատ բաներ,

Էլի շատ բաներ, որ մարդը տեսնում է իր կյանքի կեսի ճշգրիտ պահին,

Ուրիշ շատ բաներ, որ անդադար տեղի ունեն

կարճ վայրկյաններից ամենակարճի մեջ երկիր մոլորակի,

Նա կանխազգում է առեղծվածն այդ վայրկյանի, վայրկյանի այդ դրվագի,

Բայց նա ասում է. «Հեռո՛ւ վանեմ այս մռայլ մտքերը»:

Եվ նա հեռու է վանում այդ մռայլ մտքերը:

Իսկ ի՞նչ կարող էր ասել,

5

Ի՞նչ կարող էր անել

Դրանից լավ:


Թարգմանությունը ֆրանսերենից՝ Գառնիկ Մելքոնյան

Ռոբեր Դեսնոս | Բանաստեղծություններ Ռոբեր Դեսնոս | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 02, 2022 Rating: 5
Технологии Blogger.