Պլատոն | Խնջույք | համառոտ


Փալերոնցի Ապոլլոդորոսը հանդիպում է ոմն Գլավկոնի: Վերջինս խնդրում է նրան պատմել Ագաթոնի տանը մի ժամանակ տեղի ունեցած խնջույքի մասին, որի ընթացքում հյուրերը հետաքրքրական զրույցներ են ունեցել: Ապոլլոդորոսը համաձայնում է վերապատմել այդ զրույցները, քանի որ ինքը խնջույքին ներկա չի եղել և լսել է այդ զրույցի մասին Արիստոդեմոսից, որն անձամբ է մասնակցել խնջույքին:
Պատահաբար հանդիպելով Ագաթոնի մոտ խնջույքի գնացող Սոկրատեսին` Արիստոդեմոսը վերջինիս առաջարկով միանում է նրան: Ինքը Սոկրատեսը ճանապարհին մտածմունքի մեջ է ընկնում և ներկայանում է խնջույքին փոքր-ինչ ուշացումով: Պավսանիասը առաջարկում է հավաքվածներին չտարվել խմիչքով, այլ հերթով փառաբանել էրոսին` սիրո աստծուն:
Առաջին. Ֆեդրոսի ճառը. խոսում է Էրոսի հնագույն ծագման մասին նրա հետ է կապում ամենայն գոյի կենսական ուժը: Սիրահարը ներշնչված է այդ աստծո կողմից և ավելի երանելի է, քան սիրեցյալը, իսկ սիրեցյալը առաքինի է իր հավատարմությամբ սիրահարին:
Երկրորդ. Պավսանիասի ճառը. ոչինչ չի կարող լինել ինքնին ո´չ գեղեցիկ, ո´չ էլ այլանդակ, այնպես որ գեղեցիկ Էրոսի գեղեցկության պատճառը նրա ծագումն է Երկնային Ափրոդիտեից, ի տարբերություն Հանրային Էրոսի, որը սերում է Հանրային Ափրոդիտեից: Երկնային սերը տղամարդու հանդեպ է, որն ավելի խելացի և արժանի է, քան կինը: Ի տարբերություն հանրային սիրո, այն միտված է հոգուն և խելքին:
Երրորդ. Էրիքսիմաքոսի ճառը. ասում է, որ Էրոսն առկա է ոչ միայն մարդու, այլ ողջ կեցության մեջ: Երկու Էրոսների բաժանումը պահանջում է, որ նրանք մշտապես ներդաշնակության մեջ լինեն: Դա վերաբերում է ոչ միայն բժշկությանը, այլև մարմնամարզությանը և երաժշտությանը: Երկու Էրոսների համատեղ ճիշտ գործունեությունը պահանջում է նաև ժամանակի մեջ նրանց ճիշտ փոխհաջորդում, ինչպիսին է տարվա եղանակների հաջորդումը: Զոհաբերությունները աստվածների և մարդկանց միջև սիրո և ներդաշնակության դրսևորումներ են:
Չորրորդ. Արիստոփանեսի ճառը. ներկայացնում է երեք սեռերի նախամարդկանց` տղամարդկանց, կանանց և անդրոգինների մյութոսը: Հանդուգն ծրագրերի համար Զևսը պատժում է նրանց` կիսելով մեջտեղից: Դա ստիպում է նրանց մշտապես փնտրել իրենց կեսը նախկին ամբողջությունը վերագտնելու համար: Էրոսը մարդկանց ձգտումն է վերագտնելու իրենց կեսը, ինչը սակայն հնարավոր է աստվածների պաշտամունքի պայմաններում, որոնք իրենց նկատմամբ թույլ տրված անպատվությանն ի պատասխան կարող են դարձյալ կիսել մարդկանց:
Հինգերորդ. Ագաթոնի ճառը. թվարկում է Էրոսի առանձին հատկությունները`գեղեցկությունը, մշտնջենական երիտասարդությունը, նրբությունը և ճկունությունը, արդարությունը, իմաստությունը, խիզախությունը, մուսաների արվեստի իմացությունը, ինչպես նաև բոլոր արվեստներում  և արհեստներում նրա իմաստությունը: Թվարկում է Էրոսի այլ հրաշալի հատկություններ ևս:
Վեցերորդ. Սոկրատեսի ճառը. ամեն ձգտում ենթադրում է ինչ-որ բանի կարիք: Կարիքը ինչ-որ բանի պակաս է, իսկ Էրոսը ձգտում է գեղեցիկին և բարուն, հետևաբար ինքը ոչ գեղեցկություն է, ոչ էլ բարիք: Էրոսի բնությունը միջանկյալ է մարդկանց և աստվածների միջև: Նրա նպատակն է ոչ թե առանձին բարիքի ձեռքբերումը, այլ ամեն բարիքի, ընդ որում նա ձգտում է տիրել դրան առհավետ: Իսկ քանի որ հավիտենականը չի կարող տրվել միանգամից, մարդիկ հասնում են դրան աստիճանաբար` նորի հղացմամբ և ծննդաբերությամբ: Էրոսը հավերժական ծննդաբերություն է գեղեցիկի մեջ հանուն անմահության` ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր: Սերը մի գեղեցիկ մարմնի հանդեպ անցնում է բոլոր մյուս գեղեցիկ մարմիններին, այնուհետև հոգիներին, հետո գիտություններին և, վերջապես, գեղեցիկի գաղափարին, որն անփոփոխ է ու հավերժական:
Յոթերորդ. Ալկիբիադեսի ճառը. հարբած Ալկիբիադեսը ներս է խուժում մի խումբ զվարճասերների ուղեկցությամբ: Նրան նույնպես ճառի իրավունք է տրվում, որը նա ուղղում է Սոկրատեսին: Համեմատում է Սոկրատեսին սիլենոսների և Մարսիաս սատիրոսի հետ: Ի տարբերություն Մարսիասի նա հմայում է մարդկանց ոչ թե ֆլեյտայի հնչյուններով, այլ խոսքով` ստիպելով նրանց ամաչել իրենց արատավոր վարքից: Ներկայացնում է Սոկրատեսի հետ ունեցած անձնական հարաբերությունների դրվագներ, որոնցում ցույց է տալիս Սոկրատեսի յուրահատուկ հեգնանքը, արհամարհանքը մարմնավոր սիրո հանդեպ, ինչպես նաև նրա ֆիզիկական բարձր դիմացկունությունը և պատերազմի օրերին հերոսական պահվածքը:
Վերջում գալիս են նոր խնջույքավորներ, որից հետո արդեն ներկաները սկսում են խմել «առաց չափ ու դադարի»: Լուսաբացին Սոկրատեսը և Արիստոդեմոսը հեռանում են:

Պլատոն | Խնջույք | համառոտ Պլատոն | Խնջույք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.