Էրազմ Ռոտերդամցի «Գովք հիմարության» համառոտ

Էրազմ Ռոտերդամցի
Գովք հիմարության
(համառոտ)

1509 

Հիմարությունն ասում է, որ միայն ինքն է իսկապես կարողանում ուրախացնել մարդկանց և աստվածներին: Հիմար մահկանացուները, այսքան դարեր ապրելով իր ստվերում և ամեն ինչում իրեն պարտական լինելով, չեն փառաբանում իրեն, այնպես որ ինքը պիտի իր վրա վերցնի այդ գործը, բեմ դուրս գա և խոսի:
Լատիներեն նրան կոչում են Ստուլտիցիա, իսկ հունարեն՝ Մորիա:
Նրա ծնողն է, թող ներեն Հոմերոսը և Հեսիոդոսը, Պլուտոսը, որ համտեսել է արբեցնող նեկտարից: Ծնվել է Երջանիկների կղզիներում, ուր չեն ցանում և չեն հնձում, որտեղ չկան հիվանդություններ և չկա ծերություն: Նրա շքախմբում են շողոքորթությունը և մոռացությունը, ինչպես նաև խելահեղությունը, վայելքը և զվարճասիրությունը: Իր այս ծառաների միջոցով հիմարությունն իշխում է անգամ կայսրերին:
Ամեն բան տեղի է ունենում կյանքում հիմարության շնորհիվ: Այդ ո՞ր տղամարդը կուզեր կամովի մտնել ամուսնական լծի տակ, եթե մինչ այդ չհիմարանար: Չէր լինի նաև զավակածնություն, քանզի չէր լինի սիրո համար անհրաժեշտ հիմարացումը:
Ամենաերջանիկ տարիքը մարդու կյանքում մանկությունն է, որը հիմարության նշանի տակ է և որպես այդպիսին առաջ է բերում ծնողների սերը և հոգածությունը: Մանկությանը հետևում է պատանեկությունը, որը նույնպես հիմարության տարիք է, իսկ ծերությունը, որ ամենածանր ու դժվար տարիքն է, նույնպես տանելի է դառնում մարդու համար, որովհետև նա հիմարանում ու չի զգում այդ տառապանքի ողջ ողբերգությունը: Նրանք, ովքեր տրվում են փիլիսոփայությանը, ժամանակից շուտ ծերացնում են իրենք իրենց, որովհետև նրանց լքում է բնական երիտասարդությունը՝ հիմարությունը:
Կանայք, գինին, մյուս հաճույքները…  անհնար է հասկանալ որպես բերկրանք բերող բաներ, եթե բացառվում է տղամարդու հիմարացումը:
Եվ ո՞ւմ են ավելի շատ սիրում թագավորները՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն, թե՞ իմաստուն ու մռայլ խորհրդականներին:
Մի՞թե եկեղեցական այրերը հիմար չեն՝ փրկություն խոստանալով ոմն մեղավորի, բավական է՝ նա յոթ տող անգիր անի սաղմոսագրքից: Ժողովուրդները նույնպես չեն հրաժարվում հիմարության բարիքներից: Յուրաքանչյուր ժողովուրդ իրեն մյուսներից մեծ է կարծում:
Նմանապես նաև գիտությունները շահում են հիմարությունից, քանի որ այն շարժիչ ուժ է գիտական առաջընթացի համար:

Հիմարությունը պատռում է դիմակները և ցույց է տալիս կյանքի կատակերգությունը: Նա, ով հիմարությամբ համակվելուց հետո նորից դառնում է ողջախոհ, կարոտում է հիմարության վիճակը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ հիմարությունն իրականում երանություն է:   
Էրազմ Ռոտերդամցի «Գովք հիմարության» համառոտ Էրազմ Ռոտերդամցի «Գովք հիմարության» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.