Ջեֆրի Չոսեր | Քենթրբերյան պատմվածքներ | համառոտ



Ջեֆրի Չոսերի ստեղծագործության պսակը «Քենթրբերյան պատմվածներ» պատմվածաշարն է, որը, ինչպես Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոնը», ունի միասնական առանցք:
«Նախաբանում» ներկայացվում է լոնդոնամերձ Սաութվարքի «Թաբարդ հյուրանոցը»: Գարուն է: Բնությունն արթնացել է և ժամանակն է, որ հավատացյալները ուխտագնացություն կատարեն դեպի Քենթրբերիում գտնվող սուրբ Թոմաս Բեկկետի գերեզմանը: Լոնդոնից Քենթրբերի հասնելու համար պահանջվում է մեկ օր: Ընդ որում ճանապարհներն անվտանգ չեն: Ահա ինչու ուխտագնացները հավաքվում էին հյուրանոցներից մեկում, գիշերում էին, իսկ առավոտյան շարունակում ճանապարհը: Այդպիսի մի ուղևորություն է նկարագրում Չոսերը: Հարրի Բեյլիի հյուրանոցում հավաքվել է 29 մարդ (չհաշված Չոսերին), որոնք ժամանել են Անգլիայի տարբեր վայրերից: Բուխարու մոտ ստեղծվում է ջերմ մթնոլորտ, որի ընթացքում հեղինակը ծանոթանում է իր ճանապարհակիցների հետ և տալիս է նրանց հակիրճ, բայց դիպուկ դիմանկարները: Առանձնանում է ասպետը, որը մասնակցել է անհավատների դեմ պատերազմին և Ֆրանսիայից Անգլիա է վերադարձել պատանի որդու հետ, որը սիրահարված է և երգում է: Նրա կողքին են՝ հարուստ գյուղացին (իոմեն), կուսանոցի մայրապետուհին, ազնվական մի տիկին, որը վատ ֆրանսերեն է խոսում, գեր մի վաճառական, որն այնքան լավ է հագնված, որ ոչ ոք գլխի չի ընկնում նրա պարտքերի մասին, Օքսֆորդի ուսանողը, որի ունեցվածքը միայն գրքերն  են, մի այրի կին, որը երազում է նոր ամուսնության մասին, իրավաբանը, ծովագնացը, բժիշկը, որի գործերը հրաշալի են ժանտախտի ժամանակ, գյուղացի հողատերը, ջրաղացպանը, հյուսնը և այլն: Առանձնապես ուշագրավ են կղերականները, որոնց հեղինակը ներկայացնում է հեգնական գույներով:
Հյուրանոցի տերը ճանապարհ դնելով ուխտավորներին՝ խորհուրդ է տալիս  նրանց, որպեսզի ճանապարհը կարճելու համար յուրաքանչյուրը չորսական պատմություն պատմի՝ երկուսը Քենթրբերիի ճանապարհին, իսկ երկուսը՝ ետդարձի ժամանակ: Այսպիսով «Քենթրբերյան պատմվածքները» թվով պիտի լինեն 120-ը: Չոսերը հասցրել է գրել միայն 24-ը, որոնք պատմում են 23 ուխտավորներ:
Ասպետը պատմում է Պալամոնի և Արսիտայի մասին միջնադարյան կուրտուազ պատմությունը, որի սյուժեն փոխառված է Բոկաչչոյից: Սա սիրո և ընկերության կոնֆլիկտի մասին ողբերգական պատմություն է, որը Չոսերը գրել է դեռ նախքան «Քենթրբերյան պատմվածքների» վրա աշխատելը:
Ինդուլգենցիայի վաճառողը պատմում է մռայլ մի պատմություն Ֆլամանդացի երեք երիտասարդների մասին, որոնք, տարված լինելով տարփասիրության մեղքով, փնտրում և գտնում են մահը:
Ջրաղացպանը պատմում է հյուսնի և նրա կնոջ մասին, և թե ինչպես է մի ուսանող եղջյուրներ սարքում հյուսնին:
Կառավարիչը, որը նախկին ջրաղացպան է, իսկույն պատմում է մի ջրաղացպանի մասին, որին պատժում և ծաղրի են ենթարկում երկու ուսանողներ այն բանի համար, որ սա գողանում էր քոլեջի համար նախատեսված ալյուրը:
Ինքը Չոսերը, երբ հերթը հասնում է նրան, պատմում է սըր Տոպասի մասին սատիրական ասքը: Սակայն ներկաները խնդրում են նրան խրատական որևէ բան պատմել և նա ներկայացնում է այլաբանական զրույցը Մելիբեյի, նրա կնոջ՝ Պրուդենցիայի և նրանց դստեր՝ Սոֆիի մասին:
Օքսֆորդի ուսանողը իր պատմվածքի մասին ասում է, որ լսել է այն Պադովայում արժանավոր վանահայր Ֆրանչեսկո Պետրարկայից:
Չնայած սյուժետային որոշ համաընկնություններին (վաճառականի, կառավարչի և ուսանողի պատմությունները հիշեցնում են «Դեկամերոնի» որոշ դրվագներ), Չոսերի ծանոթությունը Բոկաչչոյի ստեղծագործության հետ անապացույց է:

Չոսերի «Քենթրբերյան պատմվածքների» ազդեցությունը անգլիական գրականության վրա մեծ է: Երևակայությունը և առողջ բանականությունը, հումորը, դիտողականությունը, վառ դիմանկարները, սերը հակադրությունների համատեղման նկատմամբ, մի խոսքով այն ամենը, որ հետագայում առկա է անգլիական գրականության լավագույն ներկայացուցիչների՝ Շեքսպիրի, Ֆիլդինգի, Դիքենսի մոտ, գալիս է Ջեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքներից»:  

Ջեֆրի Չոսեր | Քենթրբերյան պատմվածքներ | համառոտ Ջեֆրի Չոսեր | Քենթրբերյան պատմվածքներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.