Գիլգամեշ | համառոտ


Հարավային Բաբելոնում Գիլգամեշ արքան իր հպատակներին շինել է տալիս Ուրուկ մայրաքաղաքի պատնեշները: Անսալով աստվածների հրամանին՝ Արուրու դիցուհին հողից ստեղծում է վայրի կերպարանքով հսկա Էնկիդուին, որի ողջ մարմինը մազածածկ է: Էնկիդուն ապրում է բնության մեջ վայրի գազանների հետ: Որսորդը, որին նա միշտ խանգարում է, Ուրուկի Իշտարի տաճարից գեղեցիկ քրմուհի է բերում իր հետ գետի մոտ: Երբ Էնկիդուն վիթերի հետ գալիս է ջուր խմելու, տեսնում է մերկ տարփուհուն և տանում է նրան իր հետ:
6 օր և 7 գիշեր տարփուհուն սիրելուց, գինի խմելուց և հաց ուտելուց հետո Էնկիդուն տարվում է Ուրուկ: Իշտար դիցուհու ննջարանի դուռը բացվում է, և Գիլգամեշն ուզում է մտնել, սակայն Էնկիդուն փակում է նրա ճանապարհը: Հսկաները գոտեմարտում են: Մարտն ավարտվում է բարեկամության հաստատումով: Ընկերները որոշում են սպանել Լիբանանի լեռներում ապրող Խումբաբա ճիվաղին:
Վավաշոտ Իշտարը սիրո առաջարկ է անում երկիրը Խումբաբայից փրկած Գիլգամեշին, որը մերժում է առաջարկը՝ հիշեցնելով դիցուհու վեց սիրեկանների մասին, որոնք բոլորն էլ դժբախտության են մատնվել: Իշտարը դիմում է հորը՝ Անուին և գանգատվում է Գիլգամեշից: Սկզբնապես Անուն հրաժարվում է Գիլգամեշի դեմ երկնային ցուլ ուղարկել, քանի որ վախենում է, որ ցուլը աշխարհում 7 տարվա սովի պատճառ կդառնա: Սակայն զիջում է դստեր պաղատանքներին: Գիլգամեշը և Էնկիդուն երկար կռվի արդյունքում սպանում են ցուլին:
Էնկիդուն վատ երազ է տեսնում, որ Էնլիլ աստվածը Շամաշի աստծուն հայտնում է, թե ինքը՝ Էնկիդուն, պիտի մեռնի: Էնկիդուն իսկապես մեռնում է՝ մեծ վշտի մեջ թողնելով իր ընկերոջը՝ Գիլգամեշին: Վերջինս սկսում է խորհել կյանքի և մահվան իմաստի մասին: Դիմում է նախահայր Ուտնապիշտիմին՝ Բաբելոնի ջրհեղեղի ժամանակվա հերոսին, որպեսզի սա հայտնի իրեն կյանքի և մահվան խորհուրդը: Գնում է դեպի Մաշու լեռը և ստորոտի անտառում՝ ծառերից կախված, տեսնում թանկարժեք քարեր: Այստեղ տեսնում է մատռվակ Սիդուրին, որ բաշխում է աստվածների անմահական ըմպելիքից: Սիդուրը ուղարկում է Գիլգամեշին նախկին նավավար Ուրշանաբիի մոտ: Վերջինիս հրահանգով Գիլգամեշը բերում է 60 կանգուննոց 120 ձող և նավ շինելով նրա հետ ծով է դուրս գալիս: Ուղևորվում են Ուտնապիշտիմի մոտ: Հասնելով տեղ՝ իմանում է Ուտնապիշտիմից Նոյ նահապետի թողած տեղեկությունը կյանքի և մահվան մասին: Բոլոր մարդիկ մահկանացու են և պիտի մահանան: Ինքը Ուտնապիշտիմը աստվածացած է ջրհեղեղի վերապրումով, ահա ինչու անմահ է: Գիլգամեշին խորհուրդ է տալիս երկիր վերադառնալ՝ ասելով, որ կենաց ծառի տեղը աճել է մի բույս, որի պտղից ճաշակողը երիտասարդանում է:
Գիլգամեշը գտնում է կենարար բույսը: Սակայն վերադարձին, երբ լճի ջուրն է մտնում թարմանալու, օձը, որ մարդու թշնամին է, հափշտակում է անմահության բույսի տունկը: Գիլգամեշի անմահության երազանքը մնում է անկատար, իսկ օձը այդ պատճառով տարին մեկ անգամ փոխելով իր կաշին՝ երիտասարդանում է:
Գիլգամեշը ցանկանում է տեսնել իր ընկերոջը՝ Էնկիդուին: Մահվան Ներգալ աստվածը բերում է նրա մոտ Էնկիդուի ուրվականին և սա պատմում է Գիլգամեշին անդրշիրիմյան աշխարհի մասին:    

Գիլգամեշ | համառոտ Գիլգամեշ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.