Ալեքսանդր Սոլժենիցին | Արխիպելագ Գուլագ | համառոտ


Արխիպելագ Գուլագը ճամբարների համակարգ է, որ սփռված է ողջ Սովետական երկրով: «Բնիկներ» են դառնում անարդար դատաստանի ենթարկված մարդիկ: Մարդկանց ձերբակալում են գիշերով, երբ նրանք ոչինչ չեն հասկանում, չեն հասցրել հագնվել: Հետո նետում են ճամբարների մսաղացը: Արխիպելագի պատմությունը սկսվում է 1917 թ. Լենինի հայտարարած կարմիր տերորից: Սկզբում այստեղ են մեկուսացնում այլակուսակցականներին:
Ձերբակալումների հիմքը 58-րդ հոդվածն է, որը կարող է մինչև 25 տարի ազատազրկում սահմանել: Երեխաներին կալանավորում են 10 տարով: Որպես ժողովրդի թշնամիներ Արխիպելագի բնիկներ են դառնում բժիշկները, ինժեներները, եկեղեցականները, Կիրովի մահվան մեջ «մեղավորները»: Մարդիկ քշվում են գյուղերից, բնաջնջման են ենթարկվում անգամ ազգություններ: Պատերազմը չի թեթևացնում վիճակը: Ընդհակառակը՝ Արխիպելագը լցվում է ռուսացած գերմանացիներով:
Առաջին պատժիչ օրգանը 1918 թ. ստեղծված Հեղափոխական Տրիբունալն է: Դրա անդամները իրավունք ունեն գնդակահարելու առանց դատ ու դատաստանի: Մահապատիժը վերացվում է 1928 թվականին և տարածվում է միայն 58-րդ հոդվածի վրա: 1947 թ. Ստալինը փոխարինում է մահապատիժը 25 տարվա ազատազրկմամբ:
Արխիպելագի առաջին «կղզին» գոյանում է վանքի տեղում 1923 թ.: Տարագիրներին, գյուղացիներին և «փոքր ժողովուրդներին» տեղ են հասցնում կարմիր վագոններով: Հաճախ գնացքը կանգ է առնում ամայի տարածքում և դատապարտյալներն իրենք են կառուցում իրենց գաղութը: Գիտնականներին տեղափոխում են հատուկ վագոններով: Սոլժենիցինը միջուկային ֆիզիկոս է և նրան բերում են Բուտիրկա:
1930թ. ուժի մեջ է մտնում դատապարտյալներին որպես աշխատուժ օգտագործելու ծրագիրը: Ջրանցքները, երկաթգիծը և մայրուղիները բանտարկյալները կառուցում են իրենց ձեռքերով, առանց գործիքների՝ աշխատելով 12 ժամ: Շատերը փորձում են փախչել, սակայն դա անիմաստ է, որովհետև նրանց սպասում է «դատարկություն»: Փշալարերից այն կողմ ապրող մարդիկ հավատում են, որ նրանք իսկապես մեղավոր են:
1937 թ. Արխիպելագն աճում է: Ճամբարներ են կառուցում Սիբիրում և Միջին Ասիայում: Բանտարկյալներին ճնշում են տարբեր միջոցներով՝ սննդից մինչև պատժիչ բրիգադներ և կարցեր: Սոլժենիցինը կրում է այս ամենը Նոր Յերուսաղեմ ճամբարում, ուր հայտնվում է 1945թ.:
Հիմնականում աշխատում են անտառահատման կետերում: Ապրում են հողաշեններում կամ վրաններում, որտեղ հնարավոր չէ չորացնել հագուստը: Բուրեպոլոմի ճամբարում յուրաքանչյուր գիշեր մահանում է 12 մարդ: Կանայք ավելի շուտ են մահանում: Գեղեցիկներին իրենց մոտ են վերցնում պետերը: Ճամբարներում կան նաև 12 տարին չլրացած երեխաներ:
Քաղաքական բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ամենախիստն է: Կան բանտարկյալների մեջ մարդիկ, որոնք մինչև վերջ հավատարիմ են Ստալինին: Սրանք դառնում են մատնիչներ: Սոլժենիցինին նույնպես առաջարկում են մատնիչ դառնալ: Նա ստորագրում է պարտավորագիրը, սակայն մատնություններ չի անում: Ազատազրկման ժամանակը լրացած մարդիկ հազվադեպ են ազատ արձակվում: Նրանց ժամկետը կրկնապատկում են:      
Ճամբարները գտնվում են որևէ գյուղի հարևանությամբ: Ժամանակի ընթացքում այդ գյուղերը մեծանում և դառնում են քաղաքներ, ինչպես օրինակ Մագադանը կամ Նորիլսկը: Այդ ավաններում նախապես բնակություն են հաստատում սպաների ընտանիքները: Չնայած անվճար աշխատուժին՝ ճամբարները թանկ են նստում պետության վրա:
Արխիպելագի բնիկներին ազատումից հետո սպասում է աքսոր: Աքսորյալը կարող է բնակավայր ընտրել սահմանափակ թվով քաղաքներից:
Ազատությունը նույնպես դժվարություններ է բերում: Մարդը փոխվում է, օտար է դառնում իր հարազատների համար: Ստիպված է թաքցնել իր անցյալը:
Հատուկ ճամբարների պատմությունը շարունակվում է նաև Ստալինի մահից հետո: Ազատվելուց հետո Սոլժենիցինը նամակներ է ստանում բանտարկյալներից, որոնք համոզում են նրան, որ Արխիպելագը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այն ստեղծած համակարգը:

Տես նաև Ալեքսանդր Կուպրին Յամա, Վիկտոր Հյուգո Թշվառները և Ալեքսանդր Դյումա Սև կակաչ  
Ալեքսանդր Սոլժենիցին | Արխիպելագ Գուլագ | համառոտ Ալեքսանդր Սոլժենիցին | Արխիպելագ Գուլագ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.