Պարույր Սևակ | Անլռելի զանգակատուն | համառոտ



Պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջին մասում, որը կոչվում է ‹‹Ղողանջ ավետիսի››, նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայն Կոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:
Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:
Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:
Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը,
Ձայնասըփյո՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը,-
Մեր հայկական երգարա՜նը...
Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,
Հարդը մեզնից՝ ցորենը դու,
Հարթը մեզնից՝ կատար դու սեգ.
Լուրթը մեզնից՝ երկինքը դու,
Շուրթը մեզնից՝ դու համբույրը,
Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,
Իսկ դու՝ օջախ,
Իսկ դու՝ թոնիր...

Եվ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:

Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն...

Պարույր Սևակ | Անլռելի զանգակատուն | համառոտ Պարույր Սևակ | Անլռելի զանգակատուն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.