Նար-Դոս | Պայքար | համառոտ


189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն է: Օսանը և նրա հարսը՝ Մանեն, նստած են եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ: Սպասում են ճաշի ժամերգությանը: Գալիս է ազգականներից մեկը՝ Զաքար անունով մի ծերունի, որին նեղ օրերին օգնել է Օսանի որդին՝ Գրիգոր Սերգեյիչը: Զաքարը պատմում է եղբոր որդու՝ Աշոտ Բադամյանի մասին, որին հինգ տարեկանից պահել է, ուսման տվել, իսկ նա չի էլ հիշում ծեր հորեղբորը: Նրանց է մոտենում Հոռոմսիմը՝ կմախքացած մի կին, հնամաշ հագուստով: Սա դժգոհ է որդուց՝ Սեդրակ Նասիբյանից, ում գժվեցրել է աննամուս ակուշերկեն՝ Հեղինե Սոլիկյանը: Տուն-տեղ թողել, մոռացել է, կնոջը ծեծում է, երեխաները սոված են: Գրում է լրագրերում: Ասում են՝ լավ փող է վերցնում, սակայն տուն մի գրոշ էլ չի բերում: Անիծում է Հեղինեին: Օսանին խնդրում է որդուն տեսնելիս խրատել, իսկ Մանեին, ով Հեղինեի մանկության ընկերուհին է, ամոթանք տալ Հեղինեին: Հոռոմսիմի խոսքերն այնպես են ազդում Մանեի վրա, որ հենց այդ օրն այցելում է ընկերուհուն: Հեղինեն ապրում է 3 սենյակից բաղկացած վարձու մի բնակարանում իր մեծ քրոջ՝ Սալոմեի հետ, ով խուլ ու համր, պառաված մի օրիորդ է, մոտ 40 տարեկան և Հեղինեին սիրում է առանձին մի քնքշանքով ու նայում է մոր պես: Հեղինեի հայացքները զարմացնում են Մանեին: Նա դեմ է ամուսնության, քանի դեռ կինը ընտրության հնարավորություն չունի, այլ միայն ստրուկ է: Հանդիմանում է կրոնական զգացումը, որը համարում է բոլոր սնահավատությունների մայրը, իսկ կրոնը՝ հսկայական մի նախապաշարում, որն անհաշիվ աղետներ է բերել մարդկության գլխին: Կրոնական մոլեռանդությունը մարդկանց հանում է հոգեկան նորմալ դրությունից, խելագարեցնում, գազանացնում: Անգամ բուդդայականությունը, որ թեև ուրիշի մի մազին էլ չի դիպչում, փոխարենը ուտում է ինքն իրեն, մաշում ու մահացնում իր օբյեկտին: Մերոնք կեղծավոր են, Եվրոպայում են իսկականները: Գլադսոնի պես ազատամիտի գրասեղանին աղոթագիրք է դրված, իսկ Տոլստոյի գրվածքներում մի տող չկա, որ մեջը աստված չլինի: Միայն բնության ձայնն է ընդունակ ցույց տալ ուղիղ ճանապարհը, որի շնորհիվ ինքը ազատ է ու անկախ: Մանեն, որ զուսպ էր, այս անգամ պոռթկում է, թե բնության ձայնով անասունն էլ է առաջնորդվում, խոսում է բանականության, իմացականության մասին, որը տարբերում է մարդուն անասունից, քրիստոնեական գթության, անձնվիրության, պարզ խղճահարության զգացումի մասին և չդիմանալով՝ ընկերուհու երեսին շպրտում Հոռոմսիմի ասածները: Հեղինեն, հասկանալով նրա բարկության իրական պատճառը, բացատրում է, որ այդ ամենը սուտ է, Նասիբյանն ինքը հանգիստ չի թողնում իրեն, և պատուհանից տեսնելով՝ վերջինս գալիս է, թախանձում է Մանեին մնալ և համոզվել դրանում: Ներս մտնելուն պես Հեղինեն բիրտ խոսքերով հարձակվում է Նասիբյանի վրա, ասում Մանեի ասածները: Նասիբյանը բարկանում է, վիճում են: Նա անգամ նկատողություն է անում Մանեին, որ որպես կրթված կին իրեն թույլ է տվել խառնվել ուրիշի ընտանեկան գործերին: Մանեն հեռանում է՝ վիրավորված Նասիբյանից և նրանց վեճի հանդեպ զզվանքի զգացումով: Հետևյալ օրը Մանեին այցելում է եղբայրը՝ Վահանը, որը վաղուց չէր տեսել քրոջը: Մոտ 30-35 տարեկան, գեղեցիկ աչքերով, մեծ փորով, երեսն անմազ տղա է: Զրուցում են Մանեի ամուսնուց, ով հանքերում է, Հեղինեից, որը հայտնել էր, թե կսիրահարվեր Վահանին, եթե վերջինս նիհար լիներ: Վահանը ուրախ է, որ գերությունը իրեն ազատել է այդպիսի վտանգից: Նրան զարմացնում է քրոջ՝ ամուսնուն գրած նամակը, որը բոլորովին պոետիկ չէ: Տեսնում է, որ քույրը ձանձրանում է և երջանիկ չէ: Խորհուրդ է տալիս երեխա ունենալ: Ժամից գալիս են Օսանն ու Զաքարը: Նորից խոսում են Բադամյանի մասին: Վահանի կատակները դուր չեն գալիս Մանեին: Ճանշից հետո քույր ու եղբայր փիլիսոփայում են: Ըստ Վահանի Մանեն հակադիր կարծիքների մեջ է՝ մի կողմից Հեղինեն, Նասիբյանը և Բադամյանը՝ իրենց ազատության, անկախության, ազատ սիրո, եկեղեցու կործանման մասին պատկերացումներով, «փարմասիոնությամբ», մյուս կողմից այդ երկու պառավները՝ իրենց ժամ ու պատարագով, դժոխքով ու սատանայով, Քրիստոսով: Սա է ողջ նրա հասարակությունը: Առաջարկում է քրոջը գյուղ տանել: Մանեն զգում է, որ եղբոր համեմատությունը ճիշտ է, ինքն ասես վանդակի մեջ փակված թռչնակ է: Ձանձրույթ է զգում: Զատիկը շնորհավորելու պատրվակով Մանեին տեսնելու է գալիս Բադամյանը, սակայն նա հիվանդ ձևանալով, դուրս չի գալիս: Օսանի հետ զրուցելու ընթացքում Բադամյանն ասում է, թե ինքը Զաքարին իրականում առաջարկել է տեղափոխվել իր մոտ, բայց նա մերժել է, և որ նրան միշտ փող է ուղարկում: Մանեն կից սենյակից լսելով դա՝ հիշում է եղբոր ասած 100 ֆրանկի պարտքը, որը Բադամյանն արդեն 6 տարի է, ինչ չի վերադարձնում, իսկ Վահանն անընդհատ այդ մասին է նշում: Հեղինեն հայ կանանց բարեգործական ընկերության օգտին տրվող ներկայացման երկու տոմսակ է ուղարկում Մանեին: Գնում են Մանեն և Վահանը: Խաղամիջոցին բոլորը թափվում են պարտեզ: Նրանց սեղանի շուրջ հավաքվում են Բադամյանը, ապա Նասիբյանն ու Հեղինեն: Վահանը քննադատում է Բադամյանի «Ապահարզան» վեպը, իր սրախոսություններով ու հեգնական խոսելաձևով վիրավորում Հեղինեին և վիճում Նասիբյանի հետ, հարվածում նրա փորին: Բադամյանը մի կերպ է պահում Նասիբյանին: Երկրորդ խաղամիջոցին Մանեն մենակ է: Բադամյանի հետ մտնում են պարտեզ: Սա Վահանին անտակտ է անվանում, բայց ինքը ծանոթ է նրա բնավորությանը և չի նեղանում, այլ է Նասիբյանը. նա տաքարյուն է: Խոսում են իրենց հարաբերությունների մասին: Նրանք սիրում են իրար: Բայց Մանեն չի կարող թողնել ամուսնուն: Բադամյանն ասում է, թե նա կա´մ չի սիրում իրեն, կա´մ խաղում է նրա զգացմունքների հետ: Մանեն հուզվում է, հեկեկում, հետո հանկարծ հեռանում: Տանը Մանեն խոսում է եղբոր հետ Բադամյանի մասին, սակայն Վահանը ոչինչ չի ասում: Մանեն աղաչում է նրան օգնել իրեն, ինքը անդունդն է գլորվում, խորհուրդ է ուզում: Վահանը սառը կերպով ասում է դիմել ամուսնուն, գնում է, հետո վերադառնում, ասում՝ կատակ էր անում: Մանեն վիրավորված է, չի ուզում եղբորից որևէ բան լսել, նրան տհաճ է Վահանի հեգնանքն ու սիգարի հոտը: Բադամյանը նամակ է գրում Մանեին՝ տեսակցություն խնդրելով, որպեսզի որոշեն այդ անորոշ դրության ելքը: Մանեն պատասխանը գրում է նամակի հետևում: Երկու օր անց Բադամյանը նշանակված ժամին գալիս է: Օսանը տանը չէ: Մանեն հանգիստ ու սառն է, ասես ինքն է հրավիրել նրան: Նա չի կարող գործել իր խղճի դեմ: Բադամյանը չի հասկանում նրան, ինչպես կարող է նա սիրել իրեն, երջանկություն ցանկանալ, եթե գիտի, որ իր երջանկությունը միայն Մանեից է կախված: Մանեն, սակայն մերժում է նրան, ամուսնուն չի թողնի, նրա հետ չի գնա: Բադամյանը փորձում է հիասթափեցնել Մանեին՝ ցույց տալով մի նամակ, որին ինքն էլ թերևս չի հավատում, բայց հուսահատ դիմում է այդ քայլին: Նամակում մեղադրանք է ներկայացված ամուսնու հասցեին, իբր Գիրգոր Սանթրոսյանը տեր է դարձել գյուղական հասարակությանը պատկանող բնական հարստությանը և բռնաբարել ու սպանել է տասներեք տարեկան մի աղջկա: Մանեն ասում է, թե դա ինքը Բադամյանն է հորինել, և նա խղճում է նրան: Բադամյանի հեռանալուց հետո գալիս է Վահանը: Դարձյալ վիճում են: Քույրն ասում է նամակի մասին: Վահանը Բադամյանին ավելի լավը չի համարում, քան նրա ամուսնուն: Մանեի սերը հիվանդություն է՝ առաջացած մենակությունից: Մանեն դարձյալ մերժում է գյուղ գնալու եղբոր առաջարկը: Վահանը գնում է կայարան, բայց մտքափոխվում է և գնում Բադամյանի մոտ: Նրան ասում է հեռու մնալ քրոջից: Զրույցը չի ստացվում: Հիշեցնում է իր պարտքի մասին, վերցնում այն՝ պահանջելով տալ նաև կոպեկները: Այդ օրվա կուրսով 100 ֆրանկն անում է 35 ռուբլի 45 կոպեկ: Բադամյանը տվել էր միայն 35 ռուբլին: Չնայած Բադամյանի գոռգոռալուն՝ Վահանը հանգիստ է խոսում, ասում, որ քրոջ վրա երբեք չի ազդել, նա պարզապես քրիստոնյա է, նրա կուլտը հոգին է, իսկ Բադամյանինը՝ նյութը: Նա չի ճանաչում նրան, ում սիրում է: Խոսում է խավարամիտների ու ազատամիտների մասին: Հեռանում է՝ Բադամյանի գետնին շպրտած կոպեկները պատվիրելով ծառային հավաքել և պահել իրեն: Սենյակ է մտնում մի կին՝ ասեղնագործ սև շալը գլխին: Մանեն է, եկել է ներողություն խնդրի, լսել է խոսակցությունը, բողոքում է եղբորից: Բադամյանը գրկում է նրա ոտքերը, ուզում տիրել նրան: Մանեն ճչում է, հետո նայում աչքերին՝ ասելով՝ մի՞թե դուք եք: Նա ցնցվում է, բացում դուռը: Մանեն վազում է դուրս: Բադամյանը գնում է նրա հետևից, ներողություն խնդրում: Երկինքը փայլատակում է, անձրև է սկսում: Մանեն մթության մեջ նկատում է, որը տանը լույս է վառվում: Հետո տեսնում է, որ Վահանն է, ով սպասում է նրան երկու ժամ: Մանեն հասկանալով նրա ակնարկը՝ վիրավորվում է: Վիճում են: Վահանը դարձյալ գնում է: Առավոտյան է գյուղ գնալու: Բադամյանը այդ գիշեր մրսում է: Արթնանում է՝ ցավը մարմնում: Որոշում է գնալ Մանեի մոտ, բայց ճանապարհին տեսնում է Սանթրոսյանին կառքի մեջ: Անհանգստանում է՝ արդյո՞ք գիշերն է եկել, թե՞ առավոտ: Եթե գիշերը, նա կարող է ամեն բան իմանալ: Ուզում է գնալ, հայտնել, որ Մանեն հրեշտակ է, ոչինչ չի արել, ինքն է մեղավոր: Հետո հիշում է Հեղինեին, գնում նրա մոտ, իմանում, որ Սանթրոսյանն առավոտյան է եկել: Տուն հասնելով նրա վիճակն ավելի է վատանում: Սկսում է հազ: Մանեն հանգիստ է: Վահանը հետ է եկել՝ կայարանում հանդիպելով Սանթրոսյանին: Գալիս է Զաքարը, հայտնում, որ Բադամյանը մեռնում է: Օսանն ու Զաքարը գնում են նրա մոտ: Վահանը փորձում է շեղել ամուսնուն, որ սա չնկատի Մանեի վիճակը: Երբ Սանթրոսյանը դուրս է գնում գործերով՝ Մանեն, Օսանի վերադառնալուց հետո, թաքուն գնում է Բադամյանի մոտ: Գիտի, որ Հեղինեն այնտեղ է: Բադամյանին տեսնելով՝ սարսափում է: Նա չի ճանաչում Մանեին, աչքերը հանգած են: Հեղինեն թաքցնում է ճշմարտությունը. բժիշկներն ասել են՝ չի լուսացնի: Մանեն ուզում է գիշերը մնալ նրա մոտ, բայց գալիս է Վահանը ու նրան տուն տանում: Սանթրոսյանը ոչինչ չէր կասկածել, սակայն Մանեն ինքն է ասում, որ Բադամյանն այնտեղ մեռնում է, իսկ ինքը սիրում է նրան, սիրում էր: Սանթրոսյանն ապշած է: Ոչինչ չի հասկանում: Գիշերը մտնում է Վահանի մոտ: Զրուցում են: Նա իրավունք չունի Մանեի մոտ գնալ, չգիտի ինչ անել, տանջվում է: Վահանի խորհուրդով որոշում են միասին մտնել Մանեի մոտ: Նրանք պետք է զրուցեն և վերջ դնեն այդ հարցին, որոշեն իրենց անելիքը: Առաջինը մտնում է Վահանը: Մանեն շորերով պառկած է անկողնու վրա: Պառկած է տարօրինակ կերպով, գլուխը ներքև ընկած, մի ոտը ծալած, մյուսը ձգված հատակի վրա: Մի աչքը կիսաբաց է, ծնոտը ծռված, բերանը բաց, որում ինչ-որ սպիտակ բան կա, փրփուրի նման: Թվում է, թե ծիծաղում է: Մեռած է: Վահանը ճչում է, պինդ բռնում մահճակալի գլխից, որ վայր չընկնի: Ականջին հասնում է վայրենի մի ճիչ, տեսնում է Սանթրոսյանի խելագար հայացքը, ապա մի խուլ ձայն, ասես մի մարմին ընկավ գորգի վրա:
Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում է իր անվերջ միապաղաղ ճռինչը՝ անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ կործանվում է կրքերի ողբերգական պայքարի մեջ:  

Նար-Դոս | Պայքար | համառոտ Նար-Դոս | Պայքար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.