Ջոնաթան Սվիֆթ | Տակառի հեքիաթը | համառոտ



Սվիֆթը կոչել է իր պամֆլետը «Տակառի հեքիաթ»՝ փորձելով ծաղրել բոլոր այն «տակառները», որոնք ամբիոն են ծառայում կղերա-քաղաքական դատարկաբանների ու կեղծ հռետորների համար:
Նախ հեղինակը այլաբանորեն պատմում է եկեղեցու բաժանման պատմությունը: Կաթոլիկ, անգլիկան և բողոքական եկեղեցիներին մարմնավորում են 3 եղբայրները՝ Պետրոսը (կաթոլիկներ), Ջեքը (կալվինիստներ և այլ ծայրահեղական հոսանքներ) և Մարտինը (լյութերականներ և անգլիկան եկեղեցի), որոնց հայրը մեռնելիս կտակ է թողել նրանց: Կտակը Նոր Կտակարանն է: Բաժանումը զուրկ է աստվածային փառքի վեհաշուքությունից: Եղբայրներից ո՞վ է ավելի արժանի ժառանգության գանձերին, այլ կերպ ասած՝ ազդեցության ոլորտներին: Այլաբանորեն կռվախնձոր է դառնում կաֆտանը: Պետրոսի շեղումը քրիստոնեական ուսմունքի հիմքերից կաֆտանը հալունքներով, ակսելբանտներով և պճնամոլության այլ մանրուքներով զարդարելն է. ակնարկվում է կաթոլիկ եկեղեցու ծեսերի շքեղությունը: Բացի այդ Պետրոսը թաքցնում է կաֆտանը և իրեն հռչակում է դրա միակ տիրակալ:
Ջեքը, որը պատկերում է Ջոն Կալվինին, ցանկանալով հեռացնել Պետրոսի դրած ոսկե կոճակները, պոկում է նաև կաֆտանի կտորից՝ դարձնելով այն պատառոտված: Ակնարկը Կալվինի ֆանատիզմն է: Մարտինը կանգնեցնում է եղբորը և կարողանում է դժվարությամբ վերադարձնել կաֆտանը նախկին վիճակին: Մարտին Լյութերին պատկերող այս եղբայրը վայելում է հեղինակի որոշակի համակրանքը, քանի որ Սվիֆթը անգլիկան, այսինքն՝ բողոքական եկեղեցու հետևորդ էր:
Պետրոսի մյուս խորամանկությունը շշուկարանների ստեղծումն է, որտեղ մարդիկ կարող են ազատորեն պատմել իրենց սրիկայությունների և մեղքերի մասին: Ակնարկը խոստովանության կաթոլիկական ծառայությունն է:
Կրտսեր եղբայր Ջեքը քարշ է գալիս ցնցոտիներ հագած: Հրապարակավ հայհոյում է և թքում: Կտակարանի ֆետիշացումը հասնում է այն աստիճանի, որ պետքարան գնալու համար ևս պատրաստ է տեղեկություն քաղել Սուրբ Գրքից:
Սվիֆթը բացատրում է տակառի իր այլաբանությունը: Հանդիպելով ծովում մեծ կետերի, նավի անձնակազմը դիմում է խորամանկության: Տակառ է գցում ջուրը: Կետը, խաղալով տակառի հետ, մոռանում է նավի մասին և չի վնասում այն: Այդպես էլ կառավարությունները ամեն կերպ ջանում են դատարկ վեճերի ու գաղափարական կռիվների օգնությամբ շեղել իրենցից քննադատության սլաքները: Այդ կետին Սվիֆթը համեմատում է Հոբսի «Լևիաթանի» հետ, իսկ Հոբսին համարում է իր նախորդը: 

Տես նաև Ջոնաթան Սվիֆթ Գուլիվերի ճանապարհորդությունները, Էրազմ Ռոտերդամցի Գովք հիմարության և Թոմաս Մոր Ուտոպիա
Ջոնաթան Սվիֆթ | Տակառի հեքիաթը | համառոտ Ջոնաթան Սվիֆթ | Տակառի հեքիաթը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.