Պերճ Պռոշյան | Ցեցեր | համառոտ


Հեղինակը ներկայացնում է Սամփսոնի և Սոնայի ծնողների ուխտով երդված սերը: Սակայն Պռոշյանի պատկերած ժամանակը, որը բեկման ժամանակ է, թույլ չի տա իդիլիային զարգանալ իր բնականոն հարթ ընթացքով: Տանուտեր Խուդոն, Սոնայի հոր՝ Բարսեղի հարստությունը ձեռք գցելու համար փորձում է նրա դստերը ամուսնացնել իր որդու հետ և այդ նպատակով խափանում է Սամփսոնի և Սոնայի հարսանիքը: Նրան հովանավորում են մեծահարուստ Բալասան աղան և տեր Սուքիասը: Աղետը համընդհանուր է: Դա աղետալի ժամանակի ողբերգական շրջանակն է: Ամենուրեք դժգոհություն է, մարդասպանություն, մարդկանց կրքերը բորբոքված են. «ցեց ա, որ մտել ա մեր ջանը»: Վեպը ներկայացնում է գյուղական տիպերի մի պատկերասրահ՝ «Արտեմ Սերգեյիչը», «Ցեցապետը», «Էջմիածնի ուխտապետը», «Տանուտեր Խուդոն», «Միկիտան Սաքոյի երկվորյակը», «Երեսփոխանը»… Ավանդական անունների կողքին հայտնվում են նաև նորերը՝ Մինայ, Միֆոդի, Միտրոֆան…
Սակայն հարսանիքի խափանումը վերջնականորեն չի ընկճում Սամփսոնին և Սոնային: Նրանք համարձակորեն պայքարի են բռնվում խարդավանքի դեմ: Գյուղն իր միջոցներով է լուծում նոր ժամանակում իր առաջ ծառացած խնդիրը:
Գյուղափրկիչ գաղափարներով Գևորգյան ճեմարանից եկած Սիսակը և Սմբատը իրապես փրկիչներ չեն՝ չնայած ամենաբարի նկրտումներին: Էջմիածնի ուխտավորը, որը բերել է Խրիմյան Հայրիկի վկայաթուղթը, վարժապետ է կարգվում գյուղում և ստանձնելով Բալասան աղայի ատենադպիրի պաշտոնը, գործակցում է «ցեցապետի» հետ՝ գործի դնելով ձեռագիր կեղծելու իր վարպետությունը: Միաժամանակ հիշատակարանում գրանցում է Բալասան աղայի սրիկայությունները: Դրանք օգնում են բացահայտել Բալասան աղային, իսկ ինքը գրագիրը փախչում է:
Տանուտեր Խուդոն օրենքով դատապարտվում է բանտարկության, տեր Սուքիասը բանադրվում և աքսորվում է Սևան, իսկ Բալասան աղան կաթված է ստանում: Տանուտեր է դառնում Արտեմ Սերգեյիչը, գրագիր ու վարժապետ է նշանակվում Սիսակը, կայանում է Սամփսոնի և Սոնայի խափանված հարսանիքը, նահապետական գյուղը շարունակում է նախկին ավանդական կյանքը:  

Տես նաև Պերճ Պռոշյան Հացի խնդիր, Կռվածաղիկ և Ղազարոս Աղայան Երկու քույր

Պերճ Պռոշյան | Ցեցեր | համառոտ Պերճ Պռոշյան | Ցեցեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.