Հենրի Ֆիլդինգ | Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը | համառոտ


Հարուստ սքվայր Օլվերտիի տուն են բերում ընկեցիկ երեխա, որին սա որոշում է դաստիարակել ինչպես հարազատ որդուն: Ընկեցիկի մորը՝ Ջեննիին Օլվերտին արտաքսում է իր տարածքներից՝ նախապես գումար տալով նրան, իսկ ենթադրվող հորը՝ տեղի ուսուցիչ Պատրիջին դատի տալիս և նույնպես արտաքսում: Պատրիջը չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ երեխայի հայրը չէ: Սքվայրի քույրը՝ Բրիջիտը, ամուսնանում է կապիտան Բլայֆիլի հետ և որդի է ունենում: Թոմ Ջոնսը՝ ընկեցիկը, որին Օլվերտին շատ է սիրում, մեծանում և դաստիարակվում է կրտսեր Բլայֆիլի հետ, որը վախենում է, որ ապագայում Օլվերտին իր ընկեցիկ սիրելիին կկտակի իր ողջ ժառանգությունը: Թոմը և Բլայֆիլը կատարյալ հակադրություն են: Թոմը անմիջական ու բարի է, Բլայֆիլը՝ նենգ ու հաշվենկատ: Թոմը մանկուց ընկերություն է անում Օլվերտիի հարուստ հարևան Վեսթերնի դստեր՝ Սոֆիայի հետ: Բլայֆիլին և Թոմին դաստիարակում է աստվածաբան Թվաքոմը, որը համակրում է Բլայֆիլին, որը չի վաճառում իր Աստվածաշունչը չքավորներին օգնելու համար, ինչպես դա անում է Թոմը: Պատանի Թոմը տարվում է այդ ընտանիքի թեթևամիտ աղջիկ Մոլլիով, որը շուտով հղիանում է: Սոֆիան վշտի մեջ է, քանի որ, ինչպես պարզվում է, մանկական խաղերն անցյալում են և աղջիկը լուրջ սիրահարված է Թոմին: Թոմը նույնպես մեծ ցավ է ապրում, որ իր թեթևամտության պատճառով ստիպված է ամուսնանալ Մոլլիի հետ: Սակայն պարզվում է, որ Մոլլիի երեխան Թոմից չէ և բացի այդ սա հաճախ է ժամանակ անցկացրել Թվաքոմի ծնկներին նստած:
Սքվայրի քույրը մահանում է, և սա անկողին է ընկնում: Բլայֆիլն անհամբերությամբ սպասում է, թե ինչպես կլուծվի ժառանգության հարցը: Թոմը մեծ վշտի մեջ է: Երբ Օլվերտին ապաքինվում է, Թոմը ուրախությունից ուժեղ հարբում է, իսկ Բլայֆիլը ներկայացնում է դա այլ լույսի տակ և կարողանում է փչացնել Թոմի հանդեպ Օլվերտիի վերաբերմունքը: Օլվերտին որոշում է ամուսնացնել Բլայֆիլին Սոֆիայի հետ: Սակայն Սոֆիան փախչում է տանից և գնում է Թոմի ետևից, որին Բլայֆիլի ջանքերով արդեն վտարել են տանից:
Գավառական հյուրանոցում Թոմը հանդիպում է ուսուցիչ Պատրիջին, որը հավատացնում է նրան, որ իր հայրը չէ և խնդրում է Թոմին թույլ տալ իրեն ուղեկցել տղային: Ճանապարհին Թոմը մի բռնացողի ձեռքից փրկում է մի կնոջ՝ տիկին Վոթերսին, որի գայթակղություններին հետագայում չի դիմանում և որի հետ գիշեր է անցկացնում Էպտոնի հյուրանոցներից մեկում: Այս բանն իմանում է նույն հյուրանոցում հայտնված Սոֆիան: Իր զարմուհու՝ տիկին Ֆիցպատրիկի հետ Սոֆիան վշտահար վերադառնում է Լոնդոն: Թոմը իմանալով, որ իր սիրելին եղել է հյուրանոցում և իմացել է իր դավաճանության մասին, հետևում է նրան: Լոնդոնում Սոֆիան գտնում է տիկին Բելաստոնին, որը խոստանում է օգնել Սոֆիային, իսկ ինքը այդ ընթացքում փորձում է գայթակղել իրեն դուր եկած Թոմին:
Այդուհանդերձ, Թոմն ու Սոֆիան հանդիպում են, սակայն չնայած Թոմի բոլոր աղերսանքներին, Սոֆիան չի կարողանում ներել նրան: Թոմը, որոշելով ազատվել տիկին Բելաստոնի հետապնդումներից, նամակ է գրում վերջինիս՝ առաջարկելով իր ձեռքն ու սիրտը: Հասկանալի է, որ հասարակության կարծիքի հետ հաշվի նստող տիկինը կմերժի իրեն, և ինքը առիթ կունենա խզել իրենց հարաբերությունը: Նախագիծն աշխատում է, սակայն Բելաստոնը որոշում է վրեժ լուծել: Սոֆիային է սիրահարված ոմն լորդ Ֆելամարը: Բելաստոնը բացատրում է լորդին, թե ում պատճառով է աղջիկը մերժում նրա ուշադրության նշանները: Այդ ընթացքում Թոմն ընդհարվում է տիկին Ֆիցպատրիկի խանդոտ ամուսնու հետ, որը կարծում է, թե Թոմն իր կնոջ սիրեկանն է: Թոմը սուսերով վիրավորում է պարոն Ֆիցպատրիկին և իսկույն հայտնվում է Ֆելամարի մարդկանց ձեռքը, իսկ սրանք հանձնում են նրան ոստիկանություն:
Սոֆիայի հայրը գալիս է Լոնդոն և փակի տակ է պահում դստերը: Բելաստոնը Սոֆիային է ցույց տալիս Թոմի՝ իրեն գրած ամուսնական առաջարկության նամակը:

Բանտում Թոմին այցելում է տիկին Վոթերսը: Պատրիջը հայտնում է Թոմին, որ դա իր մայրն է՝ Ջեննի Ջոնսը: Թոմը սարսափով մտածում է այն մասին, որ մեղսագործել է մոր հետ: Սակայն պարզվում է, որ ո´չ Ջեննի Ջոնսը և ո´չ էլ Պատրիջը ոչ մի կապ չունեն Թոմի հետ: Թոմի հայրն է Օլվերտիի ընկերը, որը մի ժամանակ ապրել է սքվայրի մոտ և կապ է ունեցել սքվայրի քրոջ՝ Բրիջիտի հետ: Բրիջիտը թաքցրել էր եղբորից, որ Թոմի իսկական մայրն է, իսկ Թոմի հայրը մահացել էր հիվանդությունից: Բլայֆիլը ամեն բան գիտեր և դա էր պատճառը, որ մշտապես իրեն հակառակորդ էր համարում Թոմին: Իրականում նրանք եղբայրներ են: Օլվերտին, իմանալով այս ամենի մասին, զղջում է, ներողություն է խնդրում Թոմից և իր ժառանգն է դարձնում նրան: Սոֆիային հավատացնում են, որ Բելաստոնին գրված Թոմի նամակը կեղծ էր և աղջիկն ու տղան կարող են ամուսնանալ, մանավանդ որ Սոֆիայի հայրն այլևս դեմ չէ այդ ամուսնությանը: Երիտասարդներն ամուսնանում են և հեռանում են ապրելու գյուղում: 

Հենրի Ֆիլդինգ | Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը | համառոտ Հենրի Ֆիլդինգ | Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.