Եղիշե Չարենց | Ազգային երազ | համառոտ


«Ազգային երազ» պոեմում առաջին պլանում է գրոտեսկային գործողությունը: Արտաքին նմանությունների խախտումը և երևույթի դեֆորմացումը գործողության մեջ ստեղծում է գրոտեսկային պատկեր, որի մեջ ներկայացվող նյութը դառնում է երգիծական: Դա կապված է գրոտեսկային իրավիճակի և բնավորությունների հետ:
Պոեմը սկսվում է երազով և ավարտվում է արթնացումով: Հետևաբար պոեմը կառուցում է յուրօրինակ շրջանակ, որտեղ սկիզբը համընկնում է էքսպոզիցիային, իսկ վերջը՝ հանգուցալուծմանը: Գործողությունը զարգանում է երազի մեջ, որի մասին բանաստեղծն ասում է. «Քո այդ երազում դու կյանքն ես տեսել»:
Մեծ եղեռնի ֆոնի վրա ներկայացվում է ժամանակի հայ «ազգային գործիչների» արկածախնդիր գործելակերպը, կեղծ հայրենասիրական պոռոտախոսությունը և այն վնասները, որոնք նրանք պատճառում են կործանվող ժողովրդին:
Սյուժեի գրոտեսկային հանգույցը սկսվում է «ազգային գործիչներից մեկի»՝ Ահոյի «փոքրիկ» սխալից. նա «հատուկ հանձնարարությամբ» գնում է վառելու թշնամու գյուղը, բայց սխալմամբ վառում է հայկականը: «Դրացի գյուղը» (տվյալ դեպքում այն մեկը, որը նա պիտի վառեր), գալիս է հանգցնելու հրդեհը, բայց «Մեր դրացին / Քարյուղ է լցնում մեր փոքրիկ կայծին»: Բռնկվում է մեծ հրդեհ, որի մեջ «վառվում է Հայոց աշխարհը»: Գրոտեսկային պատկերը միտված է ցույց տալու ժամանակի «ազգային գործիչների» գործողությունների աբսուրդը:
Երգիծական իրավիճակը ավելի են ընդգծում «գործիչների» (Ահո, Վետերան, Լեգեոն և այլն) հայրենական շուքով արտասանած ճառերը և ունայն անցուդարձը, որը վերջանում է «հայ ազգի համար» բուրդ հավաքելով, որպեսզի նրա բեկորները «…մոռանալով ձմեռ ու մշուշ- / Անկողին մտնեն ու քնեն անուշ»:
Սյուժետային դրվագները կառուցում են մեկ ամբողջական գրոտեսկ, որը պոեմի կոմպոզիցիայի հիմքն է, թեև կոմպոզիցիան այստեղ զարգանում է երկու գծերով, որոնցից երկրորդը Մեծ Եղեռնի պատկերն է, որի ֆոնին կատարվում է գրոտեսկային կոմիկական գործողությունը: Այդ պատճառով հեղինակն այն կոչում է «պոեմ երգիծական և ողբերգական»՝ նշելով դրա տրագիկոմիկական բնույթը:

Տես նաև Ամբոխները խելագարվածԴանթեական առասպել և Խմբապետ Շավարշը

Եղիշե Չարենց | Ազգային երազ | համառոտ Եղիշե Չարենց | Ազգային երազ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 31, 2015 Rating: 5
Технологии Blogger.