Բերտոլդ Բրեխտ | Գալիլեյի կյանքը | համառոտ


Պիեսի գործողությունը տեղի է ունենում 17-րդ դարի Իտալիայի Պադովա և Ֆլորենցիա քաղաքներում: Նկարագրվող դեպքերը զարգանում են 28 տարիների ընթացքում:
Պիեսի սկզբում Գալիլեո Գալիլեյը 46 տարեկան է: Նրա տանը իր դուստր Վիրջինիայից բացի ապրում է տիկին Սարտին իր որդու՝ Անդրեայի հետ միասին: Գիտական գործունեությունը փող չի բերում Գալիլեյին: Մաթեմատիկան, ինչպես նշում է Պադովայի համալսարանի կուրատորը, այնքան շահութաբեր չէ, որքան փիլիսոփայությունը և աստվածաբանությունը: Գալիլեյը դրամ է վաստակում՝ դասավանդելով ու տարբեր ինժեներական սարքեր մոգոնելով, սակայն նրա բուն կիրքը աստղագիտությունն է: Նրան թվում է, որ եկել են փոփոխության ժամանակները, և շուտով մարդկությունը կազատվի Արիստոտել-պտղոմեոսյան համակարգից: Ազատ ժամանակ նա նվիրում է Կոպերնիկոսի արգելված ուսմունքին:
Գալիլեյի տանը հայտնվում է հարուստ երիտասարդ Լյուդովիկո Մարսիլին, որը պատրաստ է դասեր վերցնել, սակայն ծնողների հարկադրանքով: Նրանից Գալիլեյն իմանում է հոլանդացիների նոր գյուտի՝ հեռադիտակի մասին: Նա ստեղծում է աստղադիտակ, որով երկնքում դիտում է Կոպերնիկոսի տեսությունը հաստատող իրողություններ: Գալիլեյի ընկերը՝ Սագրեդոն, կարծում է, որ Գալիլեյը այդկերպ միայն փորձանք կբերի իր գլխին: Գալիլեյը մեկնում է Ֆլորենցիա, որտեղ գտնում է նոր հովանավոր՝ Կոզիմո Երկրորդ Մեդիչիին: Այստեղ գիտնականներին է ներկայացնում երկնքում տեսած երևույթները: Սակայն նրանք մատնացույց են անում Արիստոտելին: Որ երկիրն է իրականում պտտվում արեգակի շուրջ, Գալիլեյին չի հաջողվում ապացուցել: Նրա դեմ է ելնում եկեղեցին: Կարդինալ-ինկվիզիտորը իր կողմն է գրավում Գալիլեյի դստերը:
Գիտնականի ուսմունքը լայն ժողովրդականություն է սկսում վայելել: Սակայն պատերազմը, ժանտախտը և ռեֆորմացիան ստիպում են եկեղեցուն սաստկացնել պայքարը այլակարծության դեմ: Գալիլեյին չեն ենթարկում խոշտանգումների: Նրան միայն ցույց են տալիս խոշտանգումների սարքերը, և նա տեղի է տալիս:
Սուրբ Մարկոսի տաճարի մեծ զանգը հայտնում է մեծ գիտնականի ուրացման մասին: Հիասթափված Անդրեան՝ Գալիլեյի սիրելի աշակերտը, ասում է. «Դժբախտ է այն երկիրը, որ չունի հերոսներ»: Գալիլեյը պատասխանում է. «Դժբախտ է այն երկիրը, որ ունի հերոսների կարիք»:
Աշակերտի կողմից լքված Գալիլեյը շարունակում է իր ուսումնասիրությունները՝ վանականների խիստ հսկողության տակ: Արտասահման մեկնող Անդրեային հրաժեշտի պահին նա խնդրում է իր հետ տանել իր տրակտատի ձեռագիրը, որի վրա նա աշխատել է վերջին տարիներին: Աշակերտի աչքերում այդ աշխատությունը արդարացնում է Գալիլեյի ուրացումը, սակայն ինքը գիտնականը չի արդարացնում ինքն իրեն և արդարացումներ չի փնտրում:
Սահմանին Անդրեային հիմնավորապես զննում են և, այդուհանդերձ, կասկածելի ոչինչ չեն գտնում: Փոքրիկ երեխաները, որ խաղում են մոտակայքում և քննարկում են վհուկներին, հարցնում են նրան, կարելի է արդյոք թռչել փայտի վրա նստած: Անդրեան պատասխանում է, որ դա հնարավոր կլինի միայն փայտի վրա հարմար մեքենա սարքելու դեպքում: Բայց մարդիկ դեռ չգիտեն անել դա: Մարդիկ առհասարակ դեռ շատ քիչ բան գիտեն:      

Տես նաև Բերտոլդ Բրեխտ Կուրաժ մայրիկը և նրա զավակները, Թոմաս Ման Կախարդական լեռը և Վլադիմիր Մայակովսկի Փայտոջիլը
Բերտոլդ Բրեխտ | Գալիլեյի կյանքը | համառոտ Բերտոլդ Բրեխտ | Գալիլեյի կյանքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.