Գրիմ եղբայրներ | Ձյունանուշ


Մի ձմեռային երեկո թագուհին նստած է պատուհանի մոտ և կար է անում: Հանկարծ ասեղով ծակում է մատը, որից երեք կաթիլ արյուն է գալիս: Մտածում է. «Ախ, եթե ունենայի երեխա, որը լիներ սպիտակ, ինչպես ձյունը, ալ, ինչպես արյունը և սևահեր, ինչպես սև ծառը»: Նրա ցանակությունը կատարվում է, և նա ունենում է աղջիկ, որին կոչում է Ձյունանուշ: Շատ ճերմակամաշկ է, ունի սև մազեր և կարմիր այտեր: Ձյունանուշի ծնվելուց մեկ տարի անց թագուհին մահանում է, իսկ թագավորը ամուսնանում է երկրորդ անգամ: Երբ Ձյունանուշը դառնում է 7 տարեկան, խորթ մայր թագուհու կախարդական հայելին նրան է ճանաչում ամենագեղեցիկը: Թագուհին ծառային պատվիրում է անտառ տանել Ձյունանուշին և սպանել այնտեղ, իսկ որպես ապացույց բերել աղջկա լյարդը: Ծառան խղճում է Ձյունանուշին և բաց է թողնում, իսկ որպես ապացույց բերում է եղջերուի լյարդը: Թագուհին ուտում է այն:
Ձյունանուշն անտառում հայտնաբերում է տնակ: Տնակում սեղան է դրված և կա սպասք 7 հոգու համար: Ձյունանուշը փորձում է բոլոր յոթ բաժիններից, պառկում է 7 մահճակալներից մեկի վրա ու քնում: Իրիկնամուտին տուն են վերադառնում տանտերերը: Դրանք 7 թզուկներ-հանքափորներ են: Ձյունանուշը նրանց դուր է գալիս: Առավոտյան լսելով նրա պատմությունը, որոշում են իրենց մոտ թողնել աղջկան:
Թագուհին իր հայելու օգնությամբ իմանում է, որ Ձյունանուշը ողջ-առողջ է և երեք անգամ ուրիշի հանդերձանքով գալիս է աղջկան սպանելու: Առաջին 2 անգամները Ձյունանուշին փրկում են թզուկները: Սակայն երրորդ անգամ նրանք չեն կարողանում անել դա: Ուտելով թագուհու բերած թունավոր խնձորը՝ Ձյունանուշը մահանում է: Սակայն անշնչացած վիճակում էլ նա շարունակում է շատ գեղեցիկ մնալ, այնպես որ թզուկները չեն թաղում նրան, այլ պահում են ապակե թափանցիկ դագաղի մեջ:
Ձյունանուշը երկար ժամանակ պառկած է մնում ապակե դագաղի մեջ: Մի օր դագաղը նկատում է անցնող երիտասարդ արքայազնը: Տեսնելով Ձյունանուշին՝ իսկույն սիրահարվում է: Արքայազնը խնդրում է թզուկներին փոխանակել իր հետ դագաղը, քանի որ այլևս չի կարող ապրել առանց Ձյունանուշին տեսնելու: Կարեկցանքից թզուկները արքայազնի ծառաներին են հանձնում դագաղը: Սակայն ծառաները դագաղը կրելիս սայթակում են, և թունավոր խնձորը դուրս է թռչում Ձյունանուշի կոկորդից: Նա կյանք է վերադառնում: Արքայազնը և Ձյունանուշը ամուսնանում են, իսկ հարսանիքին հրավիրվում է նաև չար թագուհին: Իմանալով իր հայելուց, որ արքայազնի ընտրյալը ամենագեղեցիկն է աշխարհում, թագուհին ինքն է շտապում հարսանիքին: Տեսնում է Ձյունանուշին և ճանաչում է նրան: Որպես պատիժ նրան ստիպում են պարել երկաթե շիկացած կոշիկներով, մինչև որ նա անշնչացած վայր է ընկնում:  

Տես նաև Գրիմ եղբայրներ Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ | Ձյունանուշ Գրիմ եղբայրներ | Ձյունանուշ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.