Միշել Ֆուկո «Բառեր և իրեր» համառոտ



Դասական դարաշրջանը, որ ձգվում է Ռընե Դեկարտից մինչև Լուսավորություն, կոչվում է բանականության դարաշրջան: Բայց այն կարելի է կոչել նաև ռեպրեսիվ բանականության դարաշրջան:
Կառուցվածքային մեթոդը, կիրառված լինելով պատմության նկատմամբ, ցույց է տալիս, որ առաջընթացքը, որը երևում է արևմտյան մարդուն, իրականում գոյություն չունի: Պատմությունը չունի իմաստ, ինչպես որ չունի նպատակներ: Ինչ վերաբերում է մշակույթի պատմությանը, ապա այն պայմանավորում են իմացական կառուցվածքները (էպիստեմեները), որոնք գործում են անթագիտակցական մակարդակի վրա: «Երբ ես նկատի ունեմ էպիստեմեներ,-գրում է Ֆուկոն,- ես նկատի ունեմ բոլոր այն հարաբերությունների համակարգը, որոնք գոյություն ունեն տվյալ դարաշրջանում իմացության տարբեր ոլորտների միջև: Ես նկատի ունեմ, օրինակ, այն փաստը, որ մաթեմատիկան որոշակի փուլում սկսեց կիրառվել ֆիզիկական հետազոտություններում, որ լեզվաբանությունը կամ նշանագիտությունը կիրառվեց կենսաբանության մեջ… Իմ խնդիրն է փոխարինել փոփոխությունների վերացական, ընդհանուր և միակերպ ձևը տրանսֆորմացիաների դիֆերենցիալ տիպերի վերլուծությամբ: Դրա համար անհրաժեշտ է՝ 1. Փակագծերի մեջ վերցնել հին անընդհատական բանաձևերը, որոնք հորինված էին փոփոխության պրիմիտիվ փաստի արտահայտության համար (այսինքն՝ ավանդույթների, ազդեցությունների, մտածողության սովորությունների, ինտելեկտուալ կառույցների), որպեսզի թույլ տամ արտահայտվելու տարբերությունների կամակոր կենդանի ուժին, 2. փակագծերի մեջ վերցնել փոփոխությունների բոլոր հոգեբանական բացատրությունները (հորինողի հանճար, գիտակցության ճգնաժամ, ինտելեկտի նոր ձև), որպեսզի մեծ ստուգությամբ որոշարկեմ այն տրանսֆորմացիաները, որոնք ոչ թե հրահրել, այլ հաստատել են այդ տվյալ փոփոխությունը: Կայացման թեման կարելի է փոխարինել տրանսֆորմացիայի յուրակերպության վերլուծության միջոցով»:
«Բառեր և իրեր» աշխատության մեջ Միշել Ֆուկոն առանձնացնում է արևմտյան մտածողության երեք իմացական կառույց: Առաջինը պահպանվել է մինչև Վերածնություն: Դրան բնորոշ է այն, որ բառերը նույնքան իրական են, որքան իրերը: Օրինակ մետաղադրամները ունեին իրական արժեք, ինչպես այն ապրանքատեսակները, որոնցով չափվում էին:

Վերածնության շրջանից նկատվում է երկրորդ տիպի իմացական կառույցի ի հայտ գալը: Տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերի սահմանագծին տեղի է ունենում տրանսֆորմացիա և նոր դիսկուրսը կոտրում է հաստատված կապերը: Այսպես Կառլ Լիննեյն այևս չի օգտագործում իր տեսության մեջ կենդանիների այնպիսի զավեշտական դասակարգում, ինչպես օրինակ՝ «գիշերով որս անող թռչուն» կամ «ջրում ապրող կենդանի»: Նա գործածում է տերմիններ, որոնք առաջնորդվում են նույնությամբ և տարբերությամբ: Համանման կերպով թանկարժեք մետաղի քանակը կոնկրետ մետաղադրամի մեջ քչերին է հետաքրքրում. կարևոր է միապետի գլուխը, որը պատկերված է մետաղադրամի վրա: Տասնութերորդ դարից ուժի մեջ է մտնում նոր ասպեկտ: Ոչ թե տեսանելիի ներկայացումը, այլ ուրիշ, թաքնված իրականությունն է շարժում գիտնականի հետաքրքրությունը: Լեզվական և քերականական կառուցվածքները անուններ են տալիս իրերին: Կենսաբանական ֆունկցիան դառնում է կենդանիներին դասակարգելու սկզբունք համեմատական անատոմիայում: Ոչ թե դրամը, այլ հասարակական աշխատանքն է որոշում ապրանքատեսակի արժեքը: Այսպես, անգիտակցական իմացական կառույցների օգնությամբ ֆուկոն նկարագրում է դիսկուրսիվ պրակտիկաները, որոնց համապատասխանում են արևմտյան մտածողության երեք դարաշրջանները: 

Տես նաև Կլոդ Լևի Ստրոս «Կառուցվածքային մարդաբանություն», Կառլ Մարքս «Կապիտալ» և Ֆրենսիս Ֆուկույամա «Պատմության ավարտը և վերջին մարդը» 
Միշել Ֆուկո «Բառեր և իրեր» համառոտ Միշել Ֆուկո «Բառեր և իրեր» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 05, 2015 Rating: 5
Технологии Blogger.