Պոլիբիոս | Ընդհանուր պատմություն | համառոտ


Պոլիբիոսի «Ընդհանուր պատմությունը» բաղկացած է 40 գրքերից և ներկայացնում է Միջերկական տարածքի պատմությունը Ք. ա. 220-146 թթ.: Ամբողջությամբ պահպանվել են աշխատության միայն առաջին 5 գրքերը: Մյուսները հայտնի են տասներորդ դարի բյուզանդացի ուսյալների մանրամասն վերաշարադրանքներից:
Պոլիբիոսը, ձգտելով վերականգնել նկարագրվող անցքերի ամբողջական պատկերը, շատ է շրջել և հավաքել է ականատեսների պատմությունները:
Պատմության սկիզբը Ք. ա. 220 թ. Իսպանիայի նվաճումն է կարթագենցի զորավար Հաննիբալի կողմից: Պատմիչը մտադիր էր իր «Պատմությունը» հասցնել մինչև 168 թ., երբ տեղի ունեցավ Պիդնի ճակատամարտը: Հետագայում աշխատելով գրքի վրա, հեղինակը որոշում է հասցնել իր պատմությունը մինչև Կարթագենի անկումը Ք. ա. 146 թ.: Պոլիբիոսը նպատակ է ունեցել ներկայացնել, թե ինչպես ողջ հայտնի աշխարհը 53 տարվա ընթացքում ենթարկվեց Հռոմի իշխանությանը: Աշխատությունը հասցեագրված է հույներին, որոնք պիտի իմանան, թե ինչպես պետք է հարաբերվել հռոմեացիների հետ: «Պատմությունը» ընդհանուր է կոչվում, որովհետև պատմիչի կյանքի օրոք ողջ Միջերկրական աշխարհը միավորված էր Հռոմեական հեգեմանիայի ներքո և կազմում էր միասնություն:
Պոլիբիոսը քննադատում է իր նախորդներին՝ հատկապես Փիլարքոսին, օգտագործած չափազանցությունների և անեկդոտների համար: Նա գնահատում է պատմությունը բարոյախրատական տեսանկյունից և առաջինն է սահմանում ամբողջական պատմագրական կոնցեպցիա: Պատմության շարժիչ ուժը ֆորտունան է: Աշխարհի տիրակալությունը պատկանում է ուժին և բանականությանը: Բարոյական վեհությանը պատմիչը մեծ նշանակություն չի տալիս: Պատմության բեմահարթակը ոչ թե բարոյական, այլ մեխանիկական սկզբուքների գործադրման վայր է:
Պոլիբիոսի «Ընդհանուր պատմության» առաջին երկու գրքերը ներածություն են, որտեղ հեղինակը մանրամասնորեն պատմում է պունիկյան պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների մասին Աֆրիկայում, Իտալիայում և Հունաստանում: Երրորդ գրքից մինչև երեսուներորդ գիրքը նա շարադրում է իր երկի հիմնական թեման: Դա իր իմացած երկրների միավորումն է Հռոմեական կայսրության դրոշի ներքո: Վերջին տասը գրքերում Պոլիբիոսը պատմում է այն դեպքերը, որոնց մասնակիցն է եղել անձամբ: Չնայած օբյեկտիվության սեփական պահանջին, այստեղ զգալի է նրա մեծ համակրանքը Սկիպիոն Աֆրիկացու նկատմամբ:  
Պոլիբիոսը լայն տարածում է ստանում Վերածնության դարաշրջանում: Նա իդեալական էր համարում հին հռոմեական պետական կարգը, որը միավորում էր միապետության, դեմակրատիայի և օլիգարխիայի տարրեր: Շարունակելով Պլատոնի և Արիստոտելի ավանդույթը, Պոլիբիոսը գտնում է, որ իշխող վարչակարգերը վեցն են: Միապետությունը, դեմոկրատիան և արիստոկրատիան նա համարում է ճշմարիտ, իսկ օլիգարխիան, միապետությունը և օխլոկրատիան՝ արատավոր: Լուսավորության դարաշրջանում Պոլիբիոսին առանձնահատուկ նշանակություն է վերագրում Շառլ Լուի Մոնտեսքյոն:   
               
Տես նաև Հերոդոտոս Պատմություն, Ստրաբոն Աշխարհագրություն և Քսենոփոն Անաբասիս

Պոլիբիոս | Ընդհանուր պատմություն | համառոտ Պոլիբիոս | Ընդհանուր պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.