Յան Ամոս Կոմենսկի «Մեծ դիդակտիկա» համառոտ



Յան Ամոս Կոմենսկու «Մեծ դիդակտիկա» մեթոդական տրակտատը գրվել է չեխերեն, իսկ հետո թարգմանվել է լատիներեն: Գլխավոր դրույթները կարելի է ներկայացնել ստորև բերված ցանկի տեսքով:
Մարդու կրթությունը պիտի սկսվի նրա կյանքի գարնանը, այսինքն՝ մանուկ հասակից:
Առավոտյան ժամերը ավելի օգտակար են ուսման համար: Կրթության նյութը հարկ է համապատասխանեցնել կրթություն ստացողի տարիքին և ընկալման հնարավորություններին:
Դասավանդվող նյութը՝ դասագրքերը և ձեռնարկները, պատրաստվում են նախապես:
Իրական առարկաները հարկ է անցնել նախքան ձևական առարկաները:
Նախ հարկ է ներկայացնել օրինակները, իսկ հետո՝ կանոնները:
Դպրոցներում պիտի լինի կարգ ու կանոն, որպեսզի տվյալ առարկան աշակերտները ուսումնասիրեն միևնույն ժամին:
Հարկ է այնպես բաշխել կրթական ծրագրի նյութը, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ դաս ընդլայնի նախապես ստացած գիտելիքը:
Դասավանդվող յուրաքանչյուր լեզու, յուրաքանչյուր գիտություն պիտի ներկայացվի նախ հիմունքների մակարդակում, որպեսզի աշակերտները հետագայում կարողանան պատկերացնել այն իր ամբողջության մեջ:
Պատանիների կրթությունը հարկ է սկսել վաղ: Միևնույն առարկան պիտի դասավանդի միևնույն ուսուցիչը: Ուսուցչի հսկողության տակ պիտի նախ շտկվեն բարքերը:
Բոլոր հնարավոր եղանակներով պետք է երեխաների մեջ արթնացնել գիտելիքի և ճանաչողության բուռն ձգտում:
Դասավանդման մեթոդը պիտի հեշտացնի առարկայի յուրացումը և չառաջացնի ձանձրույթ և խորշանք առարկայի նկատմամբ:
Ամեն գիտություն պիտի ամփոփված լինի սեղմ, սակայն ճշգրիտ կանոնների մեջ:
Ամեն կանոն հարկ է շարադրել սակավ, բայց դիպուկ բառերով:
Ամեն կանոն պիտի ուղեկցվի բազմաթիվ օրինակներով, որպեսզի երևա դրա կիրառության բազմազանությունը:
Հիմնավորապես պետք է ուսումնասիրվեն միայն այն առարկաները, որոնք օգտակար են:
Հաջորդող ամեն բան պիտի հիմնվի նախորդողի վրա:
Ամեն բան հարկ է ամրապնդել վարժությունների միջոցով:
Ամեն բան հարկ է ուսումնասիրել հետևողականորեն՝ կենտրոնացնելով ուշադրությունը կոնկրետ մի բանի վրա:
Առարկան հարկ է շարունակել ուսումնասիրել մինչև այն կյուրացվի:
Դպրոցն առանց կարգապահության ջրաղաց է առանց ջրի:
Կարգապահության առաջին օրինակը ինքը ուսուցիչն է:
Դասավանդվող ամեն բան հարկ է մատուցել որպես իրական և օգտակար իրողություն:
Դասավանդվող առարկան հարկ է մատուցել ուղիղ և ոչ թե զարտուղի եղանակներով:
Ամեն բան հարկ է մատուցել իր պատճառահետևանքային կապերի մեջ:
Նախ ներկայացվում է ընդհանուրը, հետո՝ մասերը:
Հարկ է ներարկել պատանուն բոլոր առաքինությունները, առանց բացառության:
Ժուժկալությունը հարկ է ներարկել ողջ ուսման ընթացքում:
Արիությունը թող սովորեն հաղթահարելով իրենք իրենց՝ խուսափելով չափազանցությունից և սանձելով կրքերը:
Պատանիները կարող են աշխատելու սովորություն ձեռք բերել, եթե զբաղվեն որևէ հետաքրքիր և լուրջ գործով:
Առաքինության զարգացումը հարկ է սկսել վաղ տարիքից, որպեսզի արատը չտիրի հոգուն:
Հարկ է հեռու պահել երեխաներին արատավոր մարդկանց ընկերակցությունից:
Բայց քանի որ անհնար է կատարելապես մեկուսացնել նրանց ամեն տեսակ շփումներից, չար բարքերից նրանց պաշտպանելու համար անհրաժեշտ է կարգապահություն:


Յան Ամոս Կոմենսկի «Մեծ դիդակտիկա» համառոտ Յան Ամոս Կոմենսկի «Մեծ դիդակտիկա» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 31, 2015 Rating: 5
Технологии Blogger.