Ֆիլիպո Տոմազո Մարինետտի | Ֆուտուրիզմի մանիֆեստ | համառոտ


1909 թ. փետրվարի 20-ին իտալացի իրավաբան և բանաստեղծ Ֆիլիպո Տոմազո Մարինետտին ֆրանսիական «Լը Ֆիգարո» հանդեսում հրապարակում է «Ֆուտուրիզմի մանիֆեստը» (լատ.՝ futur - ապագա)՝ սկիզբ դնելով արվեստի ավանգարդ շարժմանը, որը պիտի միտված լիներ ապագային և խզեր իր կապերը անցյալի հետ։ Մանիֆեստի էությունը ամփոփվում է հետևյալ հիմնադրույթներում:
Պետք է հրաժարվել նմանակման բոլոր ձևերից: Փոխարենը պիտի փառաբանվեն ինքնատիպության բոլոր ձևերը։
Ֆուտուրիստները երգելու են վտանգի հանդեպ սերը, էներգիայի և անվախության սովորությունը:
Արիությունը, խիզախությունը և ապստամբությունը կլինեն ֆուտուրիստների պոեզիայի հիմնական գծերը:
Մինչ այժմ գրականությունը փառաբանում էր մտազբաղ անշարժությունը, էքստասիսը և քունը: Ֆուտուրիստները երգելու են գործողությունը, տենդագին անքնությունը, մրցարշավորդի վազքը, մահացու թռիչքը, բռունցքի հարվածը և ապտակը:
Ֆուտուրիստները հաստատում են, որ աշխարհի շքեղությունը կհարստանա նոր գեղեցկությամբ՝ արագության գեղեցկությամբ: Մրցարշավի մեքենան, որի կապոտը ինչպես հուր արտազեղող օձերը զարդարում են խողովակները, ավելի գեղեցիկ է Սամոտրակիայի Նիկեից:
Ֆուտուրիստները ուզում են երգել մեքենայի ղեկի առաջ նստած մարդուն, որի ոգին տարածվում է աշխարհով մեկ:
Բանաստեղծը պիտի անմնացորդ ծախսի իրեն, որպեսզի լցնի նախնադարյան էներգիաների ցնծագին կիրքը:
Գեղեցիկը կարող է լինել միայն պայքարի մեջ: Ագրեսիվ բնույթից զուրկ ոչ մի ստեղծագործություն չի կարող լինել գլուխգործոց:
Պոեզիան հարկ է դիտել որպես կատաղի գրոհ, որն ուղղված է անհայտ ուժերին՝ ճնշելու համար դրանք և ենթարկելու համար մարդուն:
Մարդը կանգնած է դարերի վերջին սահմանագծին: Հետևաբար անհնար է ետ շրջվել, եթե ուզում են բացել անհնարի դուռը: Տարածությունը և ժամանակը մեռել են երեկ: Մարդիկ ապրում են բացարձակի մեջ, որովհետև ստեղծել են բացարձակ արագություն:  
Ֆուտուրիստները փառաբանելու են պատերազմը՝ աշխարհի միակ հիգիենան: Երգելու են միլիտարիզմը, հայրենասիրությունը, ազատագրողների կործանարար գործողությունները, գողեցիկ գաղափարները, որոնց համար ափսոս չէ մեռնել, և արհամարհանքը կնոջ նկատմամբ:    
Ֆուտուրիստները կքանդեն գրադարանները, թանգարանները, բոլոր տեսակի ուսումնական հաստատությունները և կպայքարեն, բարոյապաշտության, ֆեմինիզմի, ամեն տեսակ վախկոտության դեմ:
Ֆուտուրիստները կփառաբանեն բազմագույն, բազմաձայն հեղափոխությունները ժամանակակից քաղաքներում, կփառաբանեն էլեկտրական լուսիններով լուսավորված զինանոցների և նավակայանների դողդոջն ու գիշերային ջերմը:

Տես նաև Տրիստան Տցարա Դադաիզմի մանիֆեստ, Ումբերտո Էկո Վարդի անունը և Երեքի դեկլարացիա 

Ֆիլիպո Տոմազո Մարինետտի | Ֆուտուրիզմի մանիֆեստ | համառոտ Ֆիլիպո Տոմազո Մարինետտի | Ֆուտուրիզմի մանիֆեստ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.