Ուիլյամ Վորդսվորդ | Քնարական բալլադներ | համառոտ


Միասին Գերմանիա կատարելիք ուղևորության ծախսերը հոգալու համար բանաստեղծներ Ուիլյամ Վորդսվորդը և Սեմյուել Քոլրիջը, որոնք ապրում էին Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում, որոշում են պատրաստել և անանուն հրատարակել բանաստեղծությունների ժողովածու, որը կարտահայտեր գրականության հանդեպ նրանց հայացքները: Վերնագիրը պայմանավորված է նրանով, որ Վորդսվորդը պիտի գրեր «քնարերգությունը», իսկ Քոլրիջը՝ բալլադները: Տարբեր պատճառներով Քոլրիջը չի հասցրել ավարտի հասցնել «Կուբլա Խան» և «Քրիստաբել» բալլադները: Ժողովածուում գերակշռում են Վորդվորդի գործերը:
Ժողովածուն ամփոփում է հենց հրապարակումից առաջ Վորդսվորդի տարերայնորեն ստեղծած «Թինթերյան աբբայություն» էլեգիան, որը ժամանակի ընթացքում դառնում է քրեստոմատիական: Այն մուտք է գործում անգլիական գրականության պատմություն որպես բնության զգայուն ընկալման պատկերի օրինակ, որի մեջ բնանկարը և հույզերը կապված են անքակտելի միասնությամբ:
Երկրորդ հրատարակության մեջ ժողովածուին ավելանում են խորհրդավոր Լյուսիի մասին Գերմանիայում Վորդսվորդի գրած բանաստեղծությունները:
Վորդսվորդը համարվում է բնանկարի վարպետ: Ամեն բան, որ ներկայացնում է բանաստեղծը, ներկայանում է բնանկարի ֆոնի վրա: Ժամանակը, հոգեկան հույզերը, անգամ մարդկային այնպիսի արատ, ինչպիսին է խլությունը, Վորսվորդը մեկնաբանում է բնանկարի լեզվով:
Լինելով քաղաքային մշակույթի հակառակորդ, Վորսվորդը բարձր չի գնահատել գիտությունը և դրա նվաճումները: Երեխան ավելի է ունակ ճանաչելու աշխարհը, քան գիտնականը, քանի որ նա ընկալունակ է բնության հանդեպ: «Բավական է, որ երեխան ականջ դնի ծովախեցուն, և նա իսկույն լսում է ծովի աղմուկը»:
«Քնարական բալլադների» համար Վորդսվորդի գրած նախաբանը դառնում է անգլիական ռոմանտիզմի մանիֆեստը:
1.Պոեզիայի առարկա պիտի դառնա գյուղական կյանքը, քանի որ պարզ և հասարակ կյանքի մեջ առավել չափով են դրսևորվում մարդկային կրքերը, որոնք միահյուսվում են բնության հետ:
2.Հարկ է նկարագրել ոչ միայն մեծ իրադարձությունները, այլև ամենօրյա կենցաղը և հասարակ ժողովրդին:
3. Հարկ է դիմել մարդու ներաշխարհին, հոգու հակասություններին:
4. Հարկ է հիմք ընդունել Շեքսպիրին (նրա երկերի հակումը դեպի ժողովրդականն ու ավանդականը):
5. Կապիտալիստական-արդյունաբերական առաջընթացի կատարյալ մերժում:
6. Գյուղացիական աշխատանքի փառաբանում:
7. Խոսակցական և ժողովրդական լեզվի տարրերի առատ կիրառություն:

Ուիլյամ Վորդսվորդ | Քնարական բալլադներ | համառոտ Ուիլյամ Վորդսվորդ | Քնարական բալլադներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.