Չինական պոեզիա (Տան դարաշրջան)



Չինական գրականության մեջ Տան (618-907 թթ.) դարաշրջանի պոեզիան իր առանձնահատուկ տեղն ունի, որն իրավամբ համարվում է «Ոսկե դար», երբ չինական դասական պոեզիան անսովոր զարգացում է ապրում: Ներկայացուցիչներն են Լի Բոն (Լի Թայ-պո), Դու Ֆուն, Բո Ցյույին, Վան Վեյը, Մեն Խաո-Ժանը:
Լի Բոյի պոեզիայում մարդը փնտրում է տիեզերքի փակ գաղտնիքները, բնության կախարդական երևույթների բանալին: Բանաստեղծի անընդհատ որոնող միտքը գիշերաշաղ պահերին լսում է առվակների դյութիչ կարկաչը, զառ-վառ հավքերի քաղցր դայլայլը, հասկանում ծաղիկիների լեզուն: Մեծ հումանիստ ու հայրենասեր բանաստեղծը հավատում է մարդու ուժին և երգում է բնության պսակը՝ մարդուն:

Ճերմակ կռունկը
Ես մի ճերմակ կռունկ տեսա
Աշնան խաղաղ գետի վրա,
Ասես քնքուշ եղյամ լիներ՝
Արծաթաշող ջրերն ի վեր:
Տխրեց հոգիս բախտից խռով,
Սիրտս է լեցուն անհուն վշտով.
Կանգնել եմ ես այստեղ մռայլ,
Այս ամայի կղզու վրա:

Լսում եմ, թե ինչպես Շույի Ցզյանը սրինգ է նվագում
Կանչում էր ինձ կախարդական սրինգով
Եվ Էմեյի բարձունքներից իջնում վար,
Ես լսեցի ձայնն առաջին տանջալի,-
Հառաչում էր ասես հեռվից մի անտառ:
Եվ կարկաչեց քարերի մեջ մի գետակ,
Եղյամածածկ զանգը կանչեց ինձ կրկին,
Ա՜խ, ծեր եմ ես ու չտեսա, թե ինչպես
Գիշերն աշնան ծածկեց լեռներն ահագին:
Դարերի ընթացքում ստեղծված գրական փորձը նոր ձևեր է ստանում Դու Ֆուի հիանալի ստեղծագործություններում: Մոտիկից ծանոթ լինելով պալատական աշխարհին՝ բանաստեղծը համոզվում է, որ պետության գործերում գլխավոր դերը կատարում են պատահմունքով շնորհ գտած մարդիկ ու իշխանների սիրուհիները, որոնք անձնական փառքի ու հարստության համար թշնամական դավեր են նյութում միմյանց դեմ:

Իշխան ռազմատենչի տաճարը
Կանգնած է մռայլ տաճարը լքված,
Թափվել են բոլոր գույները պայծառ,
Բայց նրա շուրջը փթթում են նորից
Ծառերը դալար, ծաղկունքը զառ-վառ:
Ու քաջ իշխանի խոսքն հրաժեշտի
Դեռ կլսես դու այն հին տաճարում,
Սակայն նա երբեք չի վերադառնա
Նանյանի ծանոթ վայրերը հեռու:
Տան դարաշրջանի ամենաճանաչված բանաստեղծներից է Բո Ցզյուին: Դեռ նրա կենդանության օրոք բանաստեղծի հռչակը տարածված էր հայրենի սահմաններից դուրս: Մեծ արվեստագետի բանաստեղծությունները, ինչպես վկայում է նրա բարեկամ Յոան Չժենը, փորագրվում է կառավարական շենքերի, տաճարների ու փոստային կայանների պատերի վրա: Բո Ցզյույի լեզուն ազատ է գրքային, մեռած ձևերից:

Գետախորշում
Բարձրանալով թումբը թաքուն՝
Կանգնում է նա միայնակ:
Նորից քամի, մռայլ գիշեր,
Նորից եղյամ սպիտակ:
Ետ դառնալով նայում է նա
Գետախորշի նավակին.
Բոշխիների ծաղկանց միջից
Փայլն է դողում կրակի:
Տան շրջանի չինական պոեզիայի անթոլոգիան կազմել է չինական կայսր ու պոեզիայի մեկենաս Կան Սին: Այն բաղկացած է 900 հատորից, որտեղ զետեղված են 2300 հայտնի բանաստեղծների 40 հազարից ավելի ստեղծագործություններ: Բանաստեղծությունները անհանգ են:

Տես նաև Լաո Ցզի «Դաո դե Ցզին», Կոնֆուցիոս «Զրույցներ» և Ֆիրդուսի «Շահնամե» 
Չինական պոեզիա (Տան դարաշրջան) Չինական պոեզիա (Տան դարաշրջան) Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.