Տրիստան Տցարա | Դադայի մանիֆեստ | համառոտ


Մանիֆեստ գրելու համար հարկ է պահպանել a, b, c կարգը և հերքել ուրիշների 1, 2, 3 դրույթները: Հեղինակը (Տրիստան Տցարան) գրում է մանիֆեստ, սակայն նա ոչինչ չի ուզում: Եվ գրելով մանիֆեստ` նա միաժամանակ դեմ է ամեն տեսակ մանիֆեստների: Նա գրում է, որպեսզի ցույց տա, որ կարելի է միաժամանակ նախաձեռնել հակադիր գործողություններ:
Դադա բառը ոչինչ չի նշանակում: Թերթերից կարելի է իմանալ, որ Կրու ցեղի նեգրերը այդպես են կոչում սրբազան կովի պոչը, որ Իտալիայի որոշակի տեղանքում այդպես են կոչում խորանարդը և մորը, որ այն նշանակում է փայտե ձի, ստնտու, որ ռուսերեն և ռումիներեն դա կրկնակի հաստատում է: Արվեստի երկը չպիտի լինի ինքնին գեղեցիկ, քանզի գեղեցկությունը մեռած է: Արվեստի երկը օբյեկտիվ չէ, հետևաբար քննադատությունն անօգուտ է:
Նոր կտակարանի պատվիրանները երեսպաշտություն են: Դելփիքի պատգամը ուտոպիա է: Բայց այս վերջինը ավելի կենսունակ է, քանի որ իր մեջ չարիք ունի:
Դադան ծնվում է ընդհանուրի և հասարակականի հանդեպ կասկածից և անվստահությունից: Հարկ է վերջ տալ կուբիստական և ֆուտուրիստական ակադեմիաներին: Արվեստը բուրժուաներին դուր գալու համար չէ: Կուբիզմը ծնվում է առարկային նայելու եղանակից: Սեզանը տեղադրեց նկարելիք բաժակը աչքերի մակարդակից 20 սանտիմետր ներքև: Ֆուտուրիստը դիտում է բաժակը շարժման մեջ: Նոր նկարիչը ստեղծում է աշխարհ, որի տարրերը հենց նկարելու միջոցներն են:
Արվեստի երկը անօգուտ է և նման է հրեշի, որը կոչված է վախեցնելու ստրկամիտ հոգիներին: Բարձրագույն ձևերն են՝ կարգը – անկարգությունը, Ես – ոչ Ես, հաստատում – մերժում:
Դադաիզմը սենտիմենտալ և դողացող չէ:
Փիլիսոփայությունը հարց է: Ինչպե՞ս, ո՞ր կողմից դիտել Աստծուն, գաղափարը… սակայն այդ ընթացքում քննվող առարկան կեղծ է: Ի՞նչ ուտել ճաշից հետո հարցը պակաս կարևոր չէ:
ԻԴԵԱԼ, ԻԴԵԱԼ, ԻԴԵԱԼ,
ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ,
ԲՈՒՄ-ԲՈՒՄ, ԲՈՒՄ-ԲՈՒՄ, ԲՈՒՄ-ԲՈՒՄ:
Հոգեվերլուծությունը շատ վտանգավոր հիվանդություն է, այն քնեցնում է հակակղերական հակումները: Դիալեկտիկան զվարճանքի մեքենա է: Տրամաբանությունը օրգանական հիվանդություն է: Այն միշտ կեղծ է: Հեղինակը դեմ է բոլոր համակարգերին:
Արվեստը մասնավոր բան է: Արվեստագետը զբաղվում է արվեստով միայն ինքն իր համար: Թերթերի կողմից վարձված արվեստագետը վերարկուի աստառ է:  
Թող բոլորը բացականչեն. գոյություն ունի մեծ կործանման աշխատանք: Ավլելու և մաքրելու շատ բան կա: Հարկ է արտաքսել համակարգերը և նախագծերը:
Բարոյականության ծնած կարեկցանքի և խղճահարության մեջ բարի ոչ մի բան չկա: Դադան մերժում է հիերարքիաները, հիշողությունը, հնէաբանությունը, տրամաբանությունը, հավասարությունը:
Դադան ազատություն է: Այն խաչավորում է հակասությունները, գրոտեսկը և անհետևողականությունները: Դադան կյանքն է:

Տես նաև Ֆիլիպո Տոմազո Մարինետտի Ֆուտուրիզմի մանիֆեստ և Սալվադոր Դալի Սալվադոր Դալիի կյանքը և Երեքի դեկլարացիա
Տրիստան Տցարա | Դադայի մանիֆեստ | համառոտ Տրիստան Տցարա | Դադայի մանիֆեստ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 05, 2016 Rating: 5
Технологии Blogger.