Բիլինաներ | համառոտ


Բիլինաները ձևավորվել են 11-16-րդ դարերում՝ գերազանցապես Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։ Նրանց հեղինակները եղել են ժողովրդական անանուն երգիչներ, որոնք իրենց հորինած երգ-զրույցները բանավոր փոխանցել են հաջորդ սերունդներին։ Բիլինաների առաջին ժողովածուն, որը գրի է առել Ուրալի կազակ Կիրշա Դանիլովը, լույս է տեսել 1804 թվականին «Հին ռուսական բանաստեղծություններ» խորագրով։ Բիլինաների հավաքումն ու հրատարակումը հետագայում շարունակվում է, ընդհուպ մինչև մեր օրերը։ Բիլինաներն ունեն գեղարվեստական ինքնատիպ առանձնահատկություններ. սկսվում են հատուկ նախերգանքով, և ավարտվում վերջերգով, հաճախ են հանդիպում չափազանցություններ, կայուն մակդիրներ և համեմատություններ։ Գրվել են անհանգ ոտանավորով։ Բաժանվում են երկու շարքերի՝ կիևյան և նովգորոդյան: Կիևյան բիլինաների շարքին են պատկանում՝ Սվյատոգորի, Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի, Ալյոշա Պոպովիչի, Վոլխ Վսեսլավիևիչի, Դյուկ Ստեպանովիչի, Դանիլա Լովչանինի և Չուրիլա Պլյանկովիչի մասին պատումները: Նովգորոդի բիլինաներին են պատկանում՝ Սադկոյի, Միկուլո Սելյանինովիչի և Վասիլի Բուսլաևիչի մասին պատումները: Բազում բիլինաների կենտրոնում է իշխան Վլադիմիրը, որին հաճախ նույնացնում են Վլադիմիր Սվյատոսլավովիչի հետ: Իլյա Մուրոմեցը հիշատակվում է 13-րդ դարի նորվեգական սագայում: Տարբեր քրոնիկներում հիշատակվում են նաև Ստավր Գոդինովիչը և Ալյոշա Պոպովիչը: Բիլինաների ընդհանուր քանակը հասնում է չորս հարյուրի:
Բիլինաները միավորում են տարբեր ժողովրդական տարրեր՝ պատմական, կենցաղային, միֆական և փոխառյալ: Սյուժետային հիմնական գիծը ռուս դյուցազուների ազատագրական պայքարն է ընդդեմ հիմնական թշնամու՝ թաթար և լիտվացի նվաճողների: Երկրորդ տարածված մոտիվն է՝ պայքարը կնոջ համար: Կա նաև հրեշների դեմ մղվող պայքարի մոտիվը:
Բիլինաների կերպարները և սյուժեները լայնորեն մուտք են գործել ռուս գրականություն և տարատեսակ մշակումների առիթ դարձել (օրինակ՝ Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» և Լերմոնտովի «Իվան Վասիլիևիչի երգը» պոեմները): Դյուցազներից յուրաքանչյուրը մարմնովորում է որևէ առաքինություն: Իլյա Մուրոմեցը՝ ուժ: Նա ուժով երկրորդն է հսկա Սվյատոգորից հետո: Դոբրինյա Նիկիտիչը աչքի է ընկնում դիվանագիտական տաղանդով: Իշխան Վլադիմիրը նրան հանձնարարում է դիվանագիտական առաքելություններ: Լինելով բանավոր ավանդության նյութ, բիլինաներն ունեն բազմաթիվ տարբերակներ և ճյուղավորումներ: Հեքիաթային տարրերը՝ մասնավորապես հրաշապատումները, տեղ են գտնում բիլինաներում, թեպետ դրանք պատումի գլխավոր հանգամանք չեն: Բիլինաներում երգվում են Կիև, Մուրոմ, Նովգորոդ և Գալիչ քաղաքները:

Բիլինաներ | համառոտ Բիլինաներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 19, 2016 Rating: 5
Технологии Blogger.