Լևոն Շանթ | Երազ օրեր | համառոտ


«Երազ օրերի» հերոսը պատանի Երվանդն է, որն իր ամառային արձակուրդի օրերն անցկացնում է Դիլիջանում, հորեղբոր տանը: Իր հետ կատարվող դեպքերը գրեթե ամեն օր արձանագրում է օրագրում: Դիլիջանում առաջին անգամ սիրահարվում է և օրագրի հիմնական նյութը դառնում է պատանեկան սերը, որը գնալով խորոնում և զարգանում է:
Իր էությամբ Երվանդը գերզգայուն հոգի է, շատ տպավորվող է և բնավ ապահովագրված չէ հակասական ու իրարամերժ մտքերից: Սիրում է կարդալ և մտածել: Նա ոգևորված է Շիլլերի մարկիզ Պոզայի հայրենասիրությամբ, հիանում է Տուրգենևի գաղափարական հերոսներով: Իր կյանքը և ապագան դիտում է որպես ժողովրդին ծառայելու միջոց և նվիրման առարկա: Պետք է ունենալ սկզբունք և անձնազոհություն: Սրանք են ազգանվերի առաջին անհրաժեշտ հատկանիշները: Կյանքի հիմնական արժեքներն են՝ մաքառումը, նվիրումը և աշխատանքը: Հանդերձյալ գոյության սպասումներն անարժեք են: Հերոսի մտորումների հիմնական հոգսը ժողովրդի լուսավորության հարցն է: Երվանդի խոր համոզմամբ իսկական բախտավորությունը նվիրման մեջ է, և սեր կոչվածն էլ նվիրում է: Այդ նվիրմամբ էլ նա հոգով կապվում է Վարդուհուն՝ երազելով նրա մեջ տեսնել Տուրգենևի Ելենային: Վարդուհին գիմնազիայի առաջին դասարանի ուսանողուհի է: Նա ավելի նախաձեռնող է, քան Երվանդը: Այդքան ամաչկոտ ու անվճռական չէ: Երվանդին ճնշում է աղջկա անբռնազբոս ու տիրական պահվածքը: Օտարանալու հակված Վարդուհին որոշում է հայերեն սովորել և դա կապում է նրանց: Վարդուհուն ոգեշնչում է Երվանդի սերը հայ պատմության, հայ հերոսների հանդեպ: Երվանդի մտապատրանքներում իրականությունը հյուսվում է անուրջին, և նա երևակայում է իրեն Սյունյաց սեպուհ, իսկ Վարդուհուն՝ Գուգարաց բդեշխի դուստր: Ներքին հոգեխռովք ապրող Երվանդը մի քանի օր խուսափում է հանդիպել Վարդուհուն: Վերջինս վիրավորվում է դրանից: Լուծելով եռօրյա բացակայության վրեժը, Վարդուհին սառն է դիմավորում տղային: Բուռն խոստովանությունը տեղի է ունենում Սևանա կղզում: Զույգն առանձնանում է ժայռախոռոչներից մեկում: Այստեղ նրանք առաջին անգամ համբուրվում են:
Սակայն «երազ օրերը» ավարտվում են: Բաժանման անխուսափելիությունը թախիծով է լցնում երիտասարդ սրտերը: Եվ թեպետ խոստանում են միշտ սիրել իրար և երբեք չբաժանվել իրարից, տխրությունը մեծ է: Վարդուհու տունը նրա մեկնելուց հետո Երվանդի համար դառնում է օտար:
«Հետգրություն» կոչվող վերջաբանում խոսվում է շարունակվող սիրո մասին:

Լևոն Շանթ | Երազ օրեր | համառոտ Լևոն Շանթ | Երազ օրեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.