Կոռնելիոս Տակիտոս | Կյանքը և գործը


Տակիտոսի առաջին աշխատությունը «Տրամախոսություն հռետորների մասին» (98) երկն է: Գիրքը շարադրված է հարց ու պատասխանի ձևով, որ տեղի ունի Մ. Ապրուսի,  Հուլիոս Սեկունդուսի, պոետ Կուրիատ Մատերնուսի և Վիպստանուս Մեսալլայի միջև: Սրանք Վեսպասիանոսի ժամանակի խոշոր հռետորներ են և պոեզիայի ու հռետորության վերաբերյալ պաշտպանում են տարբեր հայացքներ: Ոմանք պաշտպանում են պոեզիայի առաջատար նշանակությունը, իսկ մյուսները՝ հռետորության: Տրամախոսությունը կրկնում է Կիկերոնի ազդեցությունը և շարադրված է կիկերոնյան ոճով: Տակիտոսի երկրորդ գործը կոչվում է՝ «Գիրք Հուլիոս Ագրիկոլայի կյանքի ու վարքի մասին» (98 թ.): Այստեղ նկարագրվում են Բրիտանիայում հռոմեացիների մղած պատերազմները: Տեղեկությունները ստացել է իր աներոջից՝ Ագրիկոլայից: Նույն տարում Տակիտոսը գրում է «Գերմանիան»: Գերմանացիները հռոմեացիների դեմ մղած պատերազմներում ցուցաբերել են քաջություն և ջարդել են բանակներ, բայց և այնպես վերջնական հաղթանակ են տարել հռոմեացիները: Գրքի առաջին մասը Գերմանիայի աշխարհագրական տեղանքի նկարագրությունն է: Մյուսում պատմվում է գերմանացիների ծագման մասին, նրանց բարքերի, սովորույթների: Առանձնապես կարևոր են Տակիտոսի վերջին երկու երկերը՝ «Պատմությունները» և «Տարեգրությունները»: Առաջինը պատմում է Ներոնի մահից (68թ.) մինչև Դոմիտիանոս կայսրի մահը (96 թ.), իսկ երկրորդը՝ «Տարեգրությունները», Օկտավիանի մահից (14 թ.) մինչև Ներոնի մահը տեղի ունեցող  քաղաքական իրադարձությունների մասին: Այդ երկերը շարունակում են միմյանց: Հաղորդվում է կայսրերի ժամանակաշրջանի սարսափների և արհավիրքների մասին: Տակիտոսը մռայլ հայացքով է դիտում հատկապես Դոմիտիանոսի օրերի դաժան ժամանակը: Նա համակրանքի գծերով է ներկայացնում գերմանական ժողովուրդների պարզունակ կյանքը, նահապետական կենցաղն ու սովորույթները: Քննադատելով կայսերական իշխանությունը, նա այդուհանդերձ սա համարում է իշխանության միակ ճշմարիտ ձևը: Ակցիումի ճակատամարտից հետո ըստ Տակիտոսի, երբ հաստատվում է միանձնյա ղեկավարություն, դադարում է խոսքի ազատությունը: Նա գովում է Ագրիկոլային, Ներվային և Տրայանոսին, որոնք մեծացնում են պետության բարօրությունը: Բացասական գույներով է ներկայացնում Ներոնին, Տիբերիոսին, Դոմիտիանոսին: Իր ժամանակը Տակիտոսին չի գնահատել ըստ արժանվույն: Տակիտուսով հետաքրքրվել են Վերածնության շրջանում: Բոկաչչոն իր «Նշանավոր կանանց մասին» գրքում օգտագործել է Տակիտոսին: Նրանից օգտվել են՝ Կոռնեյլը և Ռասինը: Պուշկինը «Տարեգրություններից» ներշնչված է ստեղծել իր «Բորիս Գոդունովը»:
Հայերի և հռոմեական տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդների մասին Տակիտոսը խոսում է արհամարհանքով, հռոմեական շովինիզմի դիրքերից: Այդ իմաստով նրա երկերը ունեն պետական վառ արտահայտված գաղափարախոսություն:   

Կոռնելիոս Տակիտոս | Կյանքը և գործը Կոռնելիոս Տակիտոս | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 05, 2016 Rating: 5
Технологии Blogger.