Թոմաս Ս. Էլիոթ | Ջ. Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը



S’io credessi che mia risposta fosse
a persona che mai tornasse al mondo,
questa fiamma staria senza piu scosse.
Ma per cio che giammai di questo fondo
Non torno vivo alcum, s`i’odo il vero.
Senza tema d’infamia ti rispondo.

Գնանք, ուրեմն, միասին քայլենք,
Մինչ երեկոն սփռվել է երկնքով մեկ,
Ինչպես հիվանդ` եթերացված վիրահատության սեղանին,
Գնանք փողոցներով կիսադատարկ,
Մեղմիկ առանձնավայրերը վայելենք,
Անհանգիստ գիշերներն էժանագին հյուրանոցների
Եվ թեփոտ ռեստորանները` ոստրեի խեցիներով լի.
Փողոցներ, որոնք հետապնդում են, որպես մի նենգ
Դիտավորության տաղտկալի փաստարկ,
Առաջնորդելու դեպի հարցն սպանիչ...
Մի՛ հարցրու. «Ի՞նչ պատահեց քեզ».
Գնանք և զբոսնենք մի քիչ:

Սենյակում կանայք են քայլում միասին
Եվ զրուցում Միքելանջելոյի մասին:

Դեղին մշուշը, որ մեջքն է շփում լուսամուտների ապակուն,
Դեղին ծուխը, որ մռութն է շփում լուսամուտների ապակուն,
Լիզեց երեկոյի բոլոր անկյունները,
Կանգնեց մի պահ ջրատար առվի վրա թաքուն,
Թողնելով, որ մեջքին թափվի ծխնելույզների մուրը սև,
Անցավ պատշգամբի մոտով, բայց չմտավ տուն,
Այլ տեսնելով, որ հոկտեմբերյան գիշեր է թեթև,
Փաթաթվեց տանը և մտավ քուն:

Անտարակույս, դեռ ժամանակ կլինի
Փողոցով սահող դեղին ծխի համար,
Որ լուսամուտների ապակուն է մեջքը շփում,
Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի
Պատրաստի դեմքով դիմավորելու դեմքերն անհամար,
Սպանելու և բժշկելու ժամանակ
Եվ այս տքնաջան ձեռքերի, որոնք ափսեի մեջ
Բարձրացնում ու գցում են միևնույն հարցը,
Իմ ժամանակը և քո ժամանակը,
Երբ կլինեն հարյուրավոր տատանումներ,
Հարյուրավոր կասկածներ ու մտորումներ`
Նախքան թեյն ու բոված հացը:

Սենյակում կանայք են քայլում միասին
Եվ զրուցում Միքելանջելոյի մասին:

Դեռ ժամանակ կլինի, և ես կհարցնեմ.
«Ինձ պե՞տք է արդյոք... կհամարձակվե՞մ...».
Շրջվել ու իջնել աստիճաններով դեռ կհասցնեմ,
Գլխիս գոյացած փոքրիկ ճաղատ
(Մարդիկ կասեն. «Նրա մազերը թափվում են հատ-հատ»).
Առավոտյան վերարկուս, օձիքս մինչև կզակս քաշած,
Փողկապս` շքեղ, բայց հասարակ գնդասեղով ամրացված -
(Մարդիկ կասեն. «Ոտքերը բարա՛կ են, ձեռքերը` դողդո՛ջ»)
Ես կանհանգստացնե՞մ
Տիեզերքն ամբողջ:
Րոպեի մեջ այնքան մտորում ու կասկած,
Րոպեն կարող է ամեն ինչ շուռ տալ ու փոխել հանկարծ:

Որովհետև ճանաչել եմ արդեն դրանք,
Ճանաչել եմ առավոտներ, երեկոներ, կեսօրներ ունայն,
Իմ կյանքը սուրճի գդալներով եմ չափել միայն,
Ծանոթ է ինձ ամեն մեռնող ձայն`
Հեռավոր սենյակից լսվող երաժշտության տակ:
Ես ինձ թույլ կտա՞մ:

Որովհետև ճանաչել եմ աչքերը սրա ու նրա,
Աչքեր, որոնք խոցում են քեզ ֆրազով բանաձևված,
իսկ ես ինքս եմ բանաձևված,
Գնդասեղով պատին ամրացված,
Ինչպե՞ս այդժամ չվարանեմ
Թքելու մնացուկներն իմ դառն ու սառը օրերի,
Ինչպե՞ս սիրտ անեմ:

Որովհետև ճանաչել եմ և ձեռքերը մեկ առ մեկ,
Ձեռքեր ապարանջազարդ, սպիտակ ու մերկ,
(Լամպի լույսի տակ` շիկակարմիր մազերով ծածկված).
Գուցե զգեստի բուրմունքից եմ ես
Ընկրկում այսպես:
Ձեռքեր` սեղանին կամ շալի տակ...
ինչի՞ց սկսեմ ու ինչպե՞ս:
Թույլ կտա՞ս ինձ այդ ժամանակ:
***
Ասե՛մ, որ աղջամուղջին քայլել ես անձուկ նրբանցքներով
Եվ դիտել պատուհաններից կախված
Միայնակ, վերնաշապիկավոր տղամարդկանց ծխամորճերի ծուխը
Անշշուկ ծովերի հատակը ծակող
Մի զույգ քառթավոր ճիրան լինեի:
***
Իսկ երեկոն քնած է խաղաղ,
Հարդարված՝ մատներով երկար,
Քնած հոգնած կամ ձևանում է հիվանդ ու տկար՝
Հատակին՝ հենց մեր կողքին պառկած:
Թեյից, թխվածքներից, պաղպաղակներից հետո անհամար
Ես ուժ կունենա՞մ պահը գագաթնակետին հասցնելու համար:
Բայց թեպետ ես շատ եմ լացել ու ծոմ պահել, լացել ու աղոթել,
Թեպետ տեսել եմ՝ ինչպես են ճաղատ գլուխս բերել սկուտեղի վրա,
Բայց մարգարե չեմ, ու այստեղ մեծ խնդիր չկա:
Նաև իմ մեծության պահն եմ տեսել ես,
Հավերժական Հանդերձապահին, որը վերարկուս բռնած վրնջում էր ապուշի պես,
Ու կարճ ասած, ես վախեցա:

Արժե՞ արդյոք վերջին հաշվով
Բաժակներից, ջեմից ու թեյից հետո,
Ճենապակեղենի, մեր մասին զրույցի թեժ պահին
Արժե՞ առհասարակ
Մի ժպիտով այդ հարցը կծել ու պոկել,
Տիեզերքը ճզմելարձնել փոքրիկ գնդակ
Եվ գլորել դեպի հարցն սպանիչ՝
Ասելու համար. «Ես Ղազարոսն եմ, մեռյալների մոտից եմ եկել,
Որպեսզի սովորեցնեմ ամեն ինչ, կսովորեցնեմ ամենի ինչ»,-
Եթե մեկը բարձն ուղղելով գլխի տակ,
Պիտի ասի երևբևէ.
«Չէ, սա այն չէ,
Ամենևին իմ ուզածը չէ»:

Արժե՞ արդյոք, այս ամենից հետո,
Արժե՞ առհասարակ,
Մայրամուտներից, բակերից ու ջրցանված փողոցներից հետո,
Վեպերից, թեյի բաժակներից, հատակին քսվող շրջազգեստներից հետո,
Սրանից ու նրանից հետո
Անհնար է ասել այն, ինչ ուզում եմ արտահայտել,
Կարծես թե մի մոգական լապտեր նյարդերով է նախշերը պատել.
Արժե՞ ասել գլխավորը,
Եթե մեկը, բարձն ուղղելով, շպրտելով գլխաշորը,
Շրջվելով դեպի պատը, պիտի ասի երբևէ.
«Չէ, սա այն չէ,
Ամենևին իմ սպասածը չէ»:

***
Ոչ, ես իշխան Համլետը չեմ, և ոչ էլ կարող եմ լինել,
Այլ սպասավոր եմ, որին չարժե ապավինել,
Տեսարան բացող այն խոնարհ ծառան,
Խորհրդատու արքայորդուն, գործիք-դրանիկ,
Հարգաբարո, հլու-երջանիկ,
Խորամանկ, զգուշավոր ու պատվական,
Լեզուս` հղկված, բայց մի քիչ բութ, մի քիչ անվարժ,
Մերթ համարյա ծիծաղաշարժ,
Մերթ համարյա խեղկատակը պալատական:

Ծերանում եմ... ծերանում եմ...
Ու շալվարիս փողքերն ահա ծալում եմ:

Ե՞տ սանրեմ մազերս: Արդյոք դե՞ղձ ուտեմ:
Կհագնեմ ֆլանելե տաբատ ու ծովափով կքայլեմ:
Ես լսել եմ ծովահարսների երգը, իրար դեմ առ դեմ:

Չեմ կարծում, թե նրանք կերգեն ինձ համար:
Տեսել եմ նրանց ալիքների վրա դեպի ծովը հեռանալիս,
Երբ հանդիպակաց ալիքների վարսերն էին սանրում,
Իսկ քամին սպիտակ ու սև ալիք էր հանում:

Մենք շատ հապաղեցինք ծովի սենյակներում
Ջրիմուռներով զարդարված ծովահարսների հետ,
Մինչև մարդկային ձայնից արթնանանք ու խեղդվենք հավետ:


Թարգմանությունը՝ Ս. Մկրտչյան

Թոմաս Ս. Էլիոթ | Ջ. Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը Թոմաս Ս. Էլիոթ | Ջ. Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.