Կուխուլին



Կուխուլինը՝ Կոնխոբարի քույր Դեհտիրեի և լույսի աստված Լուգի որդին է: Մեկ այլ տարբերակի համաձայն նա հենց Կոնխոբարի և Դեհտիրեի որդին է: Երբ Կուխուլինը դառնում է պատանի, Իռլանդիայի կանայք և աղջիկները սիրահարվում են նրան իր գեղեցկության և սխրանքների համար: Ուլադների պահանջով Կուխուլինը որոշում է ամուսնանալ, սակայն իր ընտրած աղջկա հայրը ստիպում է նրան մի շարք դժվարին հանձնարարություններ կատարել՝ հույս ունենալով, որ հերոսը կմեռնի: Սակայն Կուխուլինը հաջողությամբ գլուխ է բերում բոլոր առաջադրանքները և ողջ է դուրս գալիս բոլոր փորձություններից: Նա ամուսնանում է աղջկա հետ: Իր վտանգավոր հարսնախոսության ընթացքում նա լինում է Շոտլանդիայում, որտեղ մի հսկա կին սովորեցնում է նրան իր արվեստի նրբությունները: Նույն Շոտլանդիայում նա սիրավեպ է ունենում մեկ ուրիշ հսկա կնոջ հետ, որից ունենում է որդի, որի անունն է Կորնլայխ: Երբ Կորնլայխը մեծանում է, հեռանում է Իռլանդիա փնտրելու իր հորը: Նրանք հանդիպում են, մենամարտում են և հայրը, չճանաչելով որդուն, սպանում է նրան:
17 տարեկանում Կուխուլինը գործում է իր ամենամեծ սխրանքը: Արևմտյան Իռլանդիայի թագուհի Կոնախտան, որը թշնամի էր ուլադներին, ցանկանում է տիրանալ ոմն ուլադի մեծ ու շատ գեղեցիկ ցլին: Նա մեծ զորք է գումարում և մտնում է Ուլադ: Ընտրում է այնպիսի ժամանակ, երբ բոլոր ուլադները տառապում են մոգական մի հիվանդությամբ, որն անզոր էր դարձնում նրանց բոլորին, բացի Կուխուլինից: Սա խուսափում էր հիվանդությունից իր աստվածային ծագման շնորհիվ: Ստիպված լինելով միայնակ պաշտպանել հայրենիքը, Կուխուլինը պառկում է ջրանցի մոտ, որտեղ պիտի հայտնվեր մեծ զորքը: Այստեղ ցուցանակներ է դնում, որոնց վրա գրված է, որ զորքը պիտի անցնի ջրանցը մեկ-մեկ, որպեսզի բոլորը հերթով կռվեն Կուխուլինի հետ: Նա ձմեռային երեք ամիսների ընթացքում հաղթականորեն դիմակայում է այդ մենամարտներին, մինչև որ ուլադները ապաքինվում են իրենց հիվանդությունից և գալիս են օգնության:
Սագաներից մեկը պատմում է, թե ինչպես է Կուխուլինը մրցում ուլադների մյուս հերոսների հետ: Նա բոլորին գերազանցում է հերոսությամբ՝ ընդունելով Կուրոի կախարդի մարտահրավերը: Նա ցանկանում է կտրել Կուրոիի գլուխը ի պատասխան խոստանալով թույլ տալ, որ Կուրոին կտրի իրենը:  Երբ նա կտրում է Կուրոիի գլուխը, այն նորից սերտաճում է կախարդի մարմնին: Այդժամ Կուխուլինը դնում է իր գլուխը կառափնարանին, սակայն Կուրոին խնայում է նրան և ասում, որ դա ընդամենը հերոսի քաջության փորձություն էր: Կուխուլինը ունի հրաշալի հատկություններ և ընդունակություններ: Երբ նա ընկնում է ցասման մեջ, անչափ մեծանում է և ամբողջովին աղճատվում է: Նրա յուրաքանչյուր մազի ծայրին արյան կաթիլ է հայտնվում:

Կուխուլին Կուխուլին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 09, 2016 Rating: 5
Технологии Blogger.