Պլինիոս Կրտսեր



Պլինիոս Կրտսերը վարչական զբաղվածության մեջ չի մոռացել գրականությունը: Նա մոլի փառասեր էր և ձգտում էր գրական աշխատանքով ձեռք բերել անմահություն: Ժառանգել է Քվինտիլիանուսի հռետորական ազդեցությունը՝ մի կողմից, իր ուսուցիչ Նիկիտեսի ճարտասանական ազիանիզմը՝ մյուս կողմից: Եղել է Կիկերոնի երկրպագուն, ուսումնասիրել է նրա ճառերը: Գրել է բանաստեղծություններ, թեկուզ անհաջող, որովհետև Կիկերոնը նույնպես գրել է բանաստեղծություններ: Սակայն Պլինիոսը չի սիրել փիլիսոփայություն և մինչև վերջ մնացել է հռետոր և քաղաքական գործիչ: Իր մասին հայտնում է, որ արդեն 14 տարեկանում գրել է հունական ողբերգություն: Այն չի պահպանվել: Հռոմեական գրականության մեջ Պլինիոսը հայտնի է իր նամակներով և «Ջատագովություն Տրայանուսին» ներբողով: Դա ճառ է, որ Պլինիոսն արտասանել է 100 թ. սեպտեմբերի 1-ին, երբ ստանձնել է Բյութանիայի փոխարքայության պաշտոնը: Այդ ճառում Պլինիոսը հայտնում է իր գոհունակությունը Տրայանուսին վերջինիս կողմից ցույց տրված այդ պատվի համար: Տրայանուսին գովում է՝ նշելով նրա բնավորության բարեմասնությունները, նրա ցուցաբերած  հոգատարությունը գիտության, գրականության ու արվեստի նկատմամբ: Ճառը գրված է փքուն, վերամբարձ ոճով: Գրական նշանակությունն այն է, որ պատմական այդ վավերագրի միջոցով ընթերցողը ծանոթանում է Դոմիտիանուսի զարհուրելի բռնակալ օրերի և Տրայանուսի բերած վերափոխության հետ:
Նամակները ներկայացնում են ներբողի հակապատկերը: Դա մի ժողովածու է, որ կազմում է 9 գիրք և պարունակում է 247 նամակ: Նամակները գրված են բարեկամներին, ինչպես և Տրայանուսին: Պլինիուսի՝ իր բարեկամ Սեպտիմուսին ուղղված նամակից երևում է, որ ինքը հավաքել է նամակները և դասավորել է ոչ թե ժամանակագրական կարգով, այլ ինչպես պատահել է և հրատարակել է հենց Սեպտիցիուսի խորհրդով: Այդ ժողովածուն պատմական բարձր արժեք է ներկայացնում, որովհետև նրա մեջ ամփոփված նամակները հասցեագրված են Տրայանուսին: Երբ Պլինիոսը կառավարում էր Բյութանիան, պաշտոնական հարցերով դիմում էր Տրայանուսին և պատասխաններ ստանում նրանից: Տրայանուսի պատասխանները պահպանված են 10-րդ գրքում: Ժողովածուն ամբողջությամբ հրապարակվել է Պլինիոսի մահից հետո: Նամակներում շոշափվում են բազմաթիվ գրական հարցեր: Լեզուն կիկերոնյան է: Նախատեսված է հրապարակային ընթերցման համար: Միջնադարում Պլինիոսը կատարյալ անուշադրության է մատնվել և իր հանդեպ հետաքրքրություն է առաջացրել միայն Վերածնության դարաշրջանում:


Պլինիոս Կրտսեր Պլինիոս Կրտսեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 08, 2016 Rating: 5
Технологии Blogger.