Լուի Արագոն | Բանաստեղծություններ



Santa Espina
Հիշում եմ մի երգ, թախծոտ մի եղանակ,
Որ սիրտ էր փոթորկում և արյունս էր վառում,
Կրակն էր բորբոքում իմ հոգու մոխրի տակ,
Աչքերիս դեմ պարզում մի լուրթ երկինք հեռվում: 

Հիշում եմ ես մի երգ՝ բաց ծովերից հասնող,
Մի երգ՝ նման չվող թռչունների ողբին,
Մի երգ, որի խորքում հեծեծանք կա և ոխ,
Նման աղի ալյաց, որ զարկվում են ափին:

Հիշում եմ ես մի երգ, որ մութի մեջ միայն
Կարելի էր սուլել, խուլ վայրերում լռին.
Երբ մանկանց մոտ լացող՝ գետնափորում անձայն,
Մի ժողովուրդ տանջված անիծում էր Նեռին:

Երգն այդ անվան մեջ իր կրում էր սուր փշեր
- Փշե պսակն ինչպես Աստվածորդու ճակտին,-
Երգն այդ մարդկանց սրտում խարսխում էր հուշեր,
Բաց էր անում վերքը անթիվ զոհվածների անթիվ:

Խոսքերով այն երգել ոչ ոք չէր հանդգնում,
Մեն մի բառը նրա արգելված էր վաղուց.
Ախտավարակ, նեխած ու չար այս աշխարհում
Դա քո միակ հույսն էր՝ չպսակվող թեկուզ:

Իզուր եմ ես փնտրում խոսքերը մորմոքիչ
Այն սիրտ ծակող երգի: Ոչ մի նվագ հեծող,
Ոչ մի տենոր, ոչ մի օպերային երգիչ
Չեն տվել ինձ հույզն այն՝ հառնող վշտերից ծով:

- Օ՜, Santa Espina, օ՜, Santa Espina,
Հիշո՞ւմ ես, քեզ հնում կանգնած էին լսում.
Ո՞վ իմանա պիտի նորոգել երգդ հիմա,
Դարձնել այն խմբերգ՝ մարդկային անտառում:

Ուզում եմ հավատալ, որ կերգվես դու նորից
Երկրի սրտի թաքուն խորքերում աննվաճ.
Լեզու կառնե համրը, վեր կկենան տեղից
Անդամալույծները՝ արշավելով առաջ:

Որդին մարդո գցած պսակը իր փշե,
Բոլորի հետ մեկտեղ բարձրաղաղակ կերգի,
Երբ կդառնա կյանքը պայծառագեղ ու շեն,
Ու կծաղկի ուրախ մասրենին մեր երկրի:

Թարգմանությունը՝ Ա. Կոթիկյանի

Սկիզբ
Ես կասեմ քեզ մի մեծ գաղտնիք: Ժամանակը դու ես,
Ժամանակը կին է: Նա
Կարիք ունի, որ իրեն սիրատածեն և նստեն
Իր ծնկներին: Ժամանակը՝ ինչպես ձևափոխված զգեստ,
Ժամանակը ինչպես սանրվածք անվերջ հարդարվող,
Հայելի, որ շնչից փայլատակում է ու փայլում,
Ժամանակը դու ես, որ քնում ես արշալույսին, երբ ես եմ արթնանում:
Դու՝ ինչպես կոկորդս խրված դանակ,
Օ՜, չեմ կարող բացատրել ժամանակի անձկությունը, որ չի անցնում բնավ,
Ժամանակի այս անձկությունը՝ սառած ինչպես արյունը կապույտ երակներում,
Եվ սա վատթար է, քան անվերջ չգոհացվող ցանկությունը,
Քան աչքի այն ծարավը, երբ դու քայլում ես սենյակում,
Ու գիտեմ, որ պետք չէ ընդհատել դյութանքը,
Ավելի վատ է, քան մեզ օտար զգալը,
Խուսափող,
Գլուխն ուրիշ տեղ, և սիրտն արդեն մի ուրիշ դարում,
Աստվա՜ծ իմ, բառերը որքան են ծանր: Խոսքը հենց այդ մասին է.
Իմ սերը հաճույքից վեր, իմ սերը այսօրվա սպասումի ըմբռնումից դուրս,
Դու, որ ժամացույցի նման տրոփում ես իմ քունքում,
Եվ եթե դու չշնչես, շնչահեղձ կլինեմ ես,
Եվ մաշկիս վրա վարանում ու կանգ է առնում քայլվածքը քո:
Ես կասեմ քեզ մի մեծ գաղտնիք: Շուրթերիս վրա ամեն խոսք
Մուրացկան է, որն աղերսում է
Թշվառություն ձեռքերիդ համար, մի բան, որ սևանա հայացքիդ ներքո,
Եվ դրա համար էլ այնքան հաճախ եմ ասում. սիրում եմ քեզ,
Խոսքի բավական թափանցիկ մի բյուրեղի սխալը, որ կկրեիր դու քո պարանոցին,
Դու մի՛ վիրավորվիր իմ գռեհիկ խոսելաձևից: Այն
Պարզ ջուր է, որ տհաճորեն թշշում է կրակի մեջ:
Ես կասեմ քեզ մի մեծ գաղտնիք: Ես չգիտեմ
Խոսել ժամանակի մասին, որ նմանվում է քեզ,
Ես չգիտեմ խոսել քո մասին: Ես ձևացնում եմ,
Ինչպես նրանք, որ կառամատույցում երկար ժամանակ
Թափահարում են ձեռքերը մեկնող գնացքի ետևից,
Եվ դաստակը ճզմվում է արցունքների նոր ծանրությունից:

Ես  կասեմ քեզ մի մեծ գաղտնիք: Ես վախենում եմ քեզանից,
Վախ նրանից, որ երեկոյան ուղեկցում է քեզ դեպի պատուհանները,
Շարժումներից, որ անում ես դու, բառերից, որ չեն ասվում,
Ես վախենում եմ արագընթաց ու կամկար ժամանակից: Ես վախենում եմ:
Ես կասեմ քեզ մի մեծ գաղտնիք: Փակի՛ր դռները:
Մեռնելը սիրելուց հեշտ է,
Ահա թե ինչու եմ ես ինձ ապրելացավ պատճառում,
Սե՛ր իմ…

Թարգմանությունը՝ Ա. Հակոբյանի

Լուի Արագոն | Բանաստեղծություններ Լուի Արագոն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 11, 2016 Rating: 5
Технологии Blogger.