Էդգար Պո | Լռություն


Լեռնագագաթները քնած են. հովիտ, քարափ ու անձավ լուռ են:
Ալկման

- Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Տեղանքը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքի մոտ, և այնտեղ չկա ոչ անդորր, ոչ լռություն:
- Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծումով հավերժաբար տրոփում են արեգակի հրաշեկ հայացքի տակ: Գետի հունի տիղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն թավուտը: Դրանք հերթով հառաչում են այդ մենության մեջ, երկար ու բարակ վզերը երկինք երկարում ու ետուառաջ շարժում գեղեցիկ գլուխները: Եվ նրանց մեջ լսվում է մի տարտամ մրմնջյուն, որ նման է ստորերկրյա ջրերի հոսանքին: Եվ դրանք հերթով հառաչում են:
- Բայց դրանց տիրույթը ունի սահման` մութ, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես Հեբրիդյան կղզիները շրջապատող ալիքների նման անվերջ ծփում են թփերը: Սակայն երկնքում բոլորովին էլ չկա քամի: Եվ երկնասլաց հինավուրց ծառերը հզոր շաչյունով անդադար օրորվում են: Եվ նրանց բարձր կատարներից հատ-հատ ընկնում են ցողի մշտական կաթիլներ: Եվ ծառերի արմատների մոտ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Իսկ վերևում գորշ ամպերը շրշուն ու շաչուն աղմուկով անվերջ սուրում են արևմուտք և ապա ջրվեժի նման թավալվում են հորիզոնի հրեղեն պատնեշից այն կողմ: Եվ Զաիր գետի ակունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
- Գիշեր էր. տեղում էր անձրև, որը թափվելիս անձրև էր, իսկ գետնին հասնելով` դառնում էր արյուն: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ: Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, խիտ մշուշի միջից բարձրացավ լուսինը, այն բոսորագույն էր: Աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Ժայռը գորշ էր, վիթխարի ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում փորագրված էին նշաններ, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի կարդամ: Սակայն չկարողացա զանազանել գրերը: Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու գործողություններին հետևելու: Եվ մարդը բարձրահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը ծածկված էր հին հռոմեական թիկնոցով: Եվ նրա ձիամարմին ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր փակել նրա դեմքը, և դիմագծերն աստվածային էին: Եվ խրոխտ ճակատը մտասույզ էր, իսկ աչքերը մտատանջությունից փայլում էին վայրի փայլով. իսկ այտերն ակոսող ծալքերում ես կարդացի ցավի ու վշտի, խոնջանքի, մարդկության հանդեպ զզվանքի և մենության տենչի առակները:
Եվ մարդը նստել էր ժայռին՝ գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորագույր լուսնին: Եվ ես մոտիկից շուշանների մեջ թաքնված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և մուգ դեղին ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն լսում էր ջրաշուշանների հառաչանքը ու նրանց միջից եկող սոսափը: Եվ ես մոտիկից` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Հետո իջա ճահճուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանների թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմոտների հետ միասին հավաքվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի տակ: Եվ ես մոտիկից` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Ապա ես նզովեցի տարերքը ահարկու անեծքով. և մի ահեղ փոթորիկ բարձրացավ երկնքում, ուր մինչ չկար անգամ այդ քամի: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց-սևացավ, և անձրևը հարվածեց մարդու գլխին, գետի ծփացող ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և հողմը մաս-մաս արեց անտառը, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես մոտիկից` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
Այդժամ ես բարկացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ դրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց դողալով վեր բարձրանալ իր կածանով, ամպրոպն անհետացավ, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվել, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց սոսափն այլևս չէր լսվում, ոչ էլ ուրիշ որևէ ձայն` այդ անծայր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ նույնն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա արագ գլուխը հեռացրեց ձեռքից, ոտքի կանգնեց ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և արագ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:
* * *
Մոգերի հատորները հարուստ են հիասքանչ պատմություններով` մոգերի երկաթակազմ, տրտում հատորները: Կրկնում եմ, դրանց մեջ կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին ծովին, երկրին և գոռ երկնքին: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ են պատմել ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, ես բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և սառը հայացքը հառեց նրա դեմքին:

Տես նաև Կաֆկա Օրենքի առաջ, Լեսինգ Առակներ և Կռիլով Առակներ

Էդգար Պո | Լռություն Էդգար Պո | Լռություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 01, 2016 Rating: 5
Технологии Blogger.