Ալկայոս | Քնարերգություն


1
Ողջույն, արքա՛ Կիլլենեի, քեզ եմ սրտանց
Ես գովերգում, քեզ, ում լեռան հենց գագաթին
Ծնեց Մեան՝ Կրոնիդի հետ կենակցելով:

2
Ով Աթենաս, ով ռազմատենչ մեր տիրուհի.
Մի ժամանակ դու չունեիր
Ոչ մի տաճար Կորոնիայում…,

3
…Ահեղագույն աստված է նա,
Ում որ ծնեց գեղեցկամույկ, հեզ Իրիսը՝
Կենակցելով Զեփիրոսի հետ ոսկեհեր…

6
Հարկավոր է այժմ հարբել, եթե նույնիսկ
Չուզենք, քանզի մահը տարավ Միրսիլոսին:

9
Չարիքներից բնավ պետք չէ հոգով տանջվել.
Տառապելով երբեք առաջ մենք չենք գնա:
Բաքո՜ս, դու մեզ մի լավագույն դեղ ես տվել,
Գինի՜ բերեք, եկե՛ք խմենք:

14
Մեռոն լցրու դու իմ գլխին բազմաչարչար,
Նաև կրծքին իմ ալևոր:

15
Խնդրում եմ ձեզ, ինձ հաճելի Մենոնին թող մեկը կանչի,
Որպեսզի այս գինարբուքում նա ինձ դառնա ընկերակից:

16
Պատմում են, թե Արիստոդեմը Սպարտայում հետևյալ ճիշտ
Խոսքը ասաց.
«Մարդը փող է. երբեք աղքատը չի լինում ո՛չ պանծալի,
Ո՛չ պատվելի»:

17
(Սափոյին)
Հեզաժպիտ, անբիծ Սափո, մանուշակի պես մազերով,
Ուզում եմ քեզ մի խոսք ասել, բայց ամոթն է ինձ խանգարում:

Թարգմանությունը՝ Ա. Թոփչյան


Ալկայոս | Քնարերգություն Ալկայոս | Քնարերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.