Պինդարոս | Քնարերգություն


1
(Ագեսիդամոսին, Էպիզեփիրյան Լոկրիից. պատանի բռնցքամարտիկին)


Ստրոփե
Մի օր մարդուն ամենից շատ քամին է պետք,
Մի օր նրան հարկավոր է ջուրն անձրևի,
Որ երկրային զարմն է ամպոց.
Իսկ ով ջանքով ձեռք է բերում հաջողություն, կարիք ունի
Նա քաղցրաձայն ներբողների, հարկ է նրան,
Զերթ երաշխիք մեծ գործերի, պատվել գովքի նորիներով:

Անտիստրոփե
Օլիմպիական հաղթողներին արդ սպասում է
Այս աննախանձ դրվատանքը, որին լեզուս
Ցանկանում է լինել հովիվ:
Մարդը հավերժ լոկ աստծուց է բարգավաճում իմաստությամբ.
Գիտցի՜ր, զավա՜կ Արքեստրատի, Ագեսիդա՛մ,
Բռնամարտում տարած փայլուն հաղթանակիդ համար հիմա:

Էպոդոս
Պերճ ձիթենու ոսկետերև պսակի հետ, իբրև մի զարդ,
Պիտ քաղցրաձայն գովասանեմ
Ես զեփիրյան Լոկըրիի ժողովրդին:
Օ՜ Մուսաներ, դուք միացեք այժմ երթիս,
Վստա՜հ եղեք, որ այս ազգը երբեք հյուրից չի խուսափում,
Գեղեցիկին խորթ չէ բնավ.
Իմաստնագույն և նիզակին վարժ են նրանք,
Իսկ բնածին խառնվածքները չեն փոխում
Ո՛չ առյուծը մռնչացող, ո՛չ էլ աղվեսը շիկավուն:

(Էրգոտելես Հիմերացուն. երկար տարածությունների վազքում տարած հաղթանակի առթիվ)

Ստրոփե
Աղերսում եմ, ազատարար Զևսի զավակ,
Իշխանությամբ քո լայն՝ Հիմե՛րան պահպանիր.
Ո՜վ փրկիչ Բախտ,
Դու ես ծովում վարում նավերն արաընթաց,
Ցամաքներում՝ կռիվները հաճախակի
Ու ժողովները խորհրդի… Եվ մարդկային
Սպասելիքները անհամար,
Սին կեղծիքները ցրելով,
Մերթ վեր, մերթ վար են գլորվում:

Անտիստրոփե
Երկրաբնակ մարդիկ երբևէ չեն ստանում
Սպասվելիքը կանխորոշող ստույգ նշաններ
Աստվածներից,
Կույր է լինում իմացությունն ապագայի:
Մարդկանց շատ է, ուրախությանը հակառակ,
Բաժին ընկնում անսպասելին, բայց երբեմն էլ՝
Ընդդիմադիր քամիները
Կարճ ժամկետում վերածում են
Վիշտը խորունկ բարօրության:

Էպոդոս
Այդպես և քեզ համար որդի՛ Փիլանորի.
Ինչպես բնի ներսում կռվող մի աքաղաղ,
Դու հայրենի օջախիդ մոտ
Անփառ էիր. վազքի փառքը չէր գովերգվի ու կթոշներ,
Եթե կռիվն արանց միջև
Քեզ չզրկեր հայրենիքից կընոսական:
Արդ, պսակված Օլիմպիայում,
Նաև երկու անգամ Իսթմում, Պիթոնի մոտ,
Դու, Էրգոտե՛լ, հռչակեցիր տաք ջրերը Նիմփաների,
Ժողովրդին քո հարազատ եզերքների:

Թարգմանությունը՝ Ա. Թոփչյան

Տես նաև  Անակրեոն, Սափո և Սոլոն

Պինդարոս | Քնարերգություն Պինդարոս | Քնարերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 23, 2016 Rating: 5
Технологии Blogger.