Վախթանգ Անանյան | Մայր Արջը | համառոտ


Աշուն է: Անտառները նորից նախշուն շորեր են հագնում։ Քոչը սարից իջնում է: Հեղինակն ասում է, որ այսպես սկսվում է խարույկների և զրույցների շրջանը:

Հիշում է մի պատմություն: Այդ ժամանակ պատանի էր՝ ոչխարի մորթուց մեծ փափախը գլխին, տրեխները հագին։ Ընկերների հետ տավար էր պահում ձմեռանոցում, որ գյուղից հինգ-վեց կիլոմետր հեռու էր: Ձմեռանոցում ուներ մի ընկեր՝ Սիմոն անունով։ Նրանից 6-7 տարով մեծ էր, անծնող։ Սիմոնի հետ ցերեկները անասուններն արածացնում էին հանդում, երեկոները մաքրում գոմը: Ջուխտ վանքերի ձորում մի օր կարտոֆիլ է թաղում մոխրի մեջ։ Ժայռի տակ տեսնում է արջի քոթոթ: Սիմոնին ձեռքով նշան է անում, որ շուտ գա։ Սիմոնը վերցնում է քարը և նետում արջի ուղղությամբ... Քոթոթը սպանվում է, իսկ անտառից մռնչյուն է լսվում։ Թավուտի միջից, տանձը բերանին խժռելով, դուրս է գալիս վիթխարի մի արջ։ Կարտոֆիլն ու անասունները թողած, հեղինակն ու Սիմոնը փախչում են մինչև ձմեռանոց...
Այդ երեկո ձմեռանոցի բնակիչները հավաքվել էին որսկան Մուկուչի տանը։ Տավարածները զգուշացնում են, որ արջը վրեժ է լուծելու ձագի արյան համար: Ծեր որսորդ Մուկուչն ասում է, որ ամեն կենդանի ջիգյար ունի, անջիգյար շնչավոր չկա աշխարհքում։ Մոր սիրտը մեկ է:
Հեղինակն ու Սիմոնը ցերեկները տաշտ ու թիակ են շինում, որոնք գիշերով կոտրատում է Արտեմի տղան: Նրանց այդպես է թվում: Արտեմի տղան ուզում է Սիմոնի սիրած աղջկան և իր մրցակցին վատություն է անում: Բայց ծեր որսկան Մուկուչը հավատացած է, որ արջն է կոտրում տաշտերը: Ծեր որսկանի պատվերով հեղինակն ու Սիմոնը մի քանի տաշտ ու թիակ են շինում և կողքին էլ թեժ կրակ են անում։ Երեկոյան որսկանը գալիս է կացինն ուսին, դաշույնը գոտուց կախ։ Կարգադրում է ծառը բարձրանալ և ձայն չհանել: Կեսգիշերին վերևից խշխշոց է լսվում։ Մայր արջն է: Սկսում է տաշտերը ջարդել: Չի մոռացել իր ձագի մահը: Ծառն է բարձրանում: Մուկուչը կացինով կտրում է նրա թաթը, բայց արջը ցած չի իջնում։ Ստիպված են լինում նրան սպանել:
Սիմոնը իրեն նոր հագուստ չի գնում և հետաձգում է իր սիրած աղջկան ուզելու օրը: Բայց լուր է հասնում, որ Արտեմի տղայի համար են ուզում աղջկան: Հեղինակը մտածում է, որ եթե Սիմոնը արջի ճուտին չսպաներ, գուցե նրա կյանքն ուրիշ ընթացք ունենար։ Հարուստներից դաղված, սիրտը դառնություններով լիքը, Սիմոնը սար է բարձրանում և միանում պարտիզաններին։
Շատ ժամանակ է անցել այդ օրերից: Անահիտը՝ Սիմոնի սիրած աղջիկը, հիմա թոռներ ունի, բայց նրա մորաքույր Աշխենն ասում է՝ չի մոռանում իր առաջին սերը։ Սիմոնն էլ է ապրում. նա հիմա անվանի մարդ է գյուղում, բոլորն էլ հարգում են նրան։ Իր ամբողջ կյանքում նա հավատարիմ է մնացել իր անդրանիկ սիրուն և չի ամուսնացել։
Ասում են այժմ էլ, ամեն աշնան տերևաթափի Սիմոնը գնում է Ջուխտ վանքերի ձորը, երեսը թաղում է թափված տերևների կույտի մեջ ու լաց է լինում, արցունք թափում իր փշուր-փշուր եղած սիրո համար...

Տես նաև Վախթանգ Անանյան Հովազաձորի գերիները, Ակսել Բակունց Մթնաձոր և Հրանտ Մաթևոյան Արջը

Վախթանգ Անանյան | Մայր Արջը | համառոտ Վախթանգ Անանյան | Մայր Արջը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.