Նաիրի Զարյան | Արա Գեղեցիկ | համառոտ

Ողբերգությունը բաժանվում է հինգ արարների: Ձգտելով Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելին հաղորդել ողբերգական գծեր, Նաիրի Զարյանը ներմուծել է սյուժեի մեջ էական փոփոխություններ և լրացումներ:
Այսպես, համաձայն լեգենդի, ըստ Մովսես {որենացու, Շամիրամը հեռվից վառվում էր Արայի նկատմամբ կրքով և դա գաղտնի էր պահում: Զարյանի պարագայում Շամիրամը սիրահարվում է Արային նրա Նինվե՝ Ասորենստանի մայրաքաղաք այցելելու ժամանակ: Զարյանի մոտ Արան նույնպես սիրահարվում է Շամիրամին, ապրումներ է ունենում, տանջվում: Նրա սրտում սկսվում է պայքար սիրո և պարտքի միջև: Արան ստիպված է զենք բարձրացնել սիրած կնոջ վրա, որը դարձել է նրա հայրենիքի կատաղի թշնամին: Թեպետ նա մերժել է Շամիրամին պարտքի և բանականության թելադրանքով, սակայն շարունակում է սիրել նրան նույնիսկ այն բանից հետո, երբ Արքայամայրը սպառնում է նրան հայրական աճյունի անեծքով: Արան տանջվում է Նվարդի առաջ իր պարքտքի և Շամիրամի նկատմամբ իր կրքի միջև.

Երկու պատկեր, երկու կրակ այրվում են իմ հոգում,
Նվարդ և Շամիրամ... Նվարդ և Շամիրամ...
Մեկը մի պահ մարում է, մյուսն է բորբոքվում
Կամ միասին և դեմ առ դեմ են Փոթորկվում…

Ճակատամարտի ժամանակ Արայի ձեռքը չի բարձրանում հարվածելու Շամիրամին: Նա երկու անգամ ուզում է խոցել նրան, բայց իջեցնում է աղեղը: Արայի մեծահոգությունը զգում և գնահատում է նաև Շամիրամը։ Գրավելով այն նույն բլուրը, որի վրա գեռ նոր կանգնած էր Արան, Շամիրամն անսքող ուրախությամբ ասում է, «Նա ինձ նշան բռնեց լայն ալիճով, բայց նետը չարձակեց»։ Դա հույսի վերջին կայծն էր. նա մինչև վերջ չէր կորցրել Արայի սերy նվաճելու հավատը, և դա նույնպես նրա ողբերգական սխալն էր։
Արտաբանը, խռովված նայելով երկնքում սավառնող արծվին, տագնապով ասում է, «Արծվի թռիչքը արհավիրք է գուշակում»։ Դեռ առաջին արարում ասորեստանցի Արտաբանը Արայի ժամանման առաջին իսկ օրը անհանգստացած է այդ այցից. «Երկու պատճառ ունեմ, Երկու կասկած կա իմ հոգում։ Եթե Նինոս (Ասորեստանի թագավորը՝ Շամիրամի ամուսինը) Արայի հետ հաշտվեց, Ուրարտացին կուժեղանա... Երկրորդ կասկածը ավելի ցավագին… Վախենում եմ Շամիրամ տարվի սիրով դեպ այս գոռոզ ուրարտացի արքան..։
Հենց Արտաբանն էլ սպանում է Արային: Նա անում է դա՝ խախտելով Շամիրամի հրամանը: Լինելով Շամիրամի սիրեկանը, Արտաբանը գիտի, որ չի դիմանա Արայի հետ մրցակցությանը: Տեսնելով, թե ինչպես է Արայի դիակի վրա լալիս Շամիրամը, Արտաբանը ինքնասպան է լինում: Արտաբանը սպանում է Արա Գեղեցիկին՝ վրեժխնդիր լինելով Շամիրամից նրա դավաճանության համար, Շամիրամը մահապատժի է ենթարկում ամուսնուն՝ Նինոսին, վրեժ լուծելով իրեն ժամանակին բռնի առևանգելու համար և թագավորությանը տիրանալու նպատակով, որպեսզի իշխանությունը կիսի իր սիրեցյալ Արայի հետ։ Շամիրամի որդի Նինուասը, վրեժխնդիր լինելով մորից հոր սպանության համար, դավադրություն է կազմակերպում նրա դեմ և գահընկեց է անում նրան (կարող էր և սպանել Շամիրամին, եթե նա, պարտություն կրելով ուրարտացիներից, վերադառնար հայրենիք)։  

Տես նաև Լևոն Շանթ Հին աստվածներ, Հովհաննես Թումանյան Անուշ և Դերենիկ Դեմիրճյան Քաջ Նազար
Նաիրի Զարյան | Արա Գեղեցիկ | համառոտ Նաիրի Զարյան | Արա Գեղեցիկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 26, 2016 Rating: 5
Технологии Blogger.