Լև Տոլստոյ | Առակներ


Շունը և մսի կտորը
Շունը մսի կտորը երախում անցնում էր գետի վրա ձգվող տախտակով: Տեսնում է սեփական արտացոլանքը ջրում և մտածում է, թե օտար մի շուն է, որը գողացել է իր միսը: Սկսում է հաչել ու փորձում է միսը խլել նրանից: Իր միսը գցում է ջուրը և տեսնում, որ այն մյուս շունն էլ երախում ոչինչ չունի: Եվ մնում է շունը ձեռնունայն:


Շունը և աքաղաղը
Շունը և աքաղաղը գնում են աշխարհով մեկ շրջելու: Գիշերով աքաղաղը քնում է ծառի ճյուղին նստած, իսկ շունը հարմարվում է ծառի տակ: Առավոտյան կանուխ աքաղաղը կանչում է: Աղվեսը լսելով նրա ձայնը գալիս է և խնդրում, որ իջնի իր մոտ: Որ կարողանա նրան պատիվ մատուցել: Աքաղաղն ասում է, որ նախ հարկավոր է արթնացնել պահակին, որը քնած է ծառի տակ: Աղվեսը արթնացնում է շանը, շունը հարձակվում է նրա վրա ու խեղդում է:

Ծերունին և մահը
Ծերունին փայտ է կտրում և ուզում է տուն տանել: Ճանապարհը երկար է: Նա վար է դնում փայտի կապոցը և ասում. «Մարդու մեռնելն էլ չի գալիս, որ պրծնի»: Մահը գալիս է և հարցնում. «Ի՞նչ ես ուզում»: Ծերունին վախենում է և ասում. «Բարձրացնել փայտի կապոցը:»

Կրիան և արծիվը
Կրիան խնդրում է, որ արծիվը նրան թռչել սովորեցնի: Իսկ արծիվը հրաժարվում է: Բայց կրիան նորից ու նորից է խնդրում: Արծիվը ճանկում է կրիային և օդ հանում: Այնտեղից գցում է ցած, այնպես որ կրիան ընկնում է քարերի վրա և կործանվում:

Ժառանգության բաժանումը
Մի ծեր մարդ ուներ երկու որդի: Ասում է նրանց.
- Երբ մեռնեմ, ամեն բան բաժանեք հավասար:
Երբ հայրը մեռնում է, որդիները չեն կարողանում բաժանել ունեցվածքն առանց վեճի: Օգնության են դիմում հարևանին: Սա հարցնում է.
-Ինչպե՞ս էր հայրը պատվիրում բաժանել:
- Հավասար,- պատասխանում են որդիները:
- Այդ դեպքում հավասար պատռեք բոլոր զգեստները, հավասար կոտրեք ամբողջ սպասքը և հավասար մորթեք բոլոր անասուններին:
Եղբայրները այդպես էլ անում են և նրանց մոտ ոչինչ չի մնում:

Կապիկը և ոլոռը
Կապիկը երկու բուռ ոլոռ ուներ: Ոլոռի մի հատիկ դուրս է ընկնում: Ուզում է բարձրացնել, թափում է ևս քսանը: Փորձում է վերցնել, թափում է մնացածը: Կատաղում է, ցիր ուցան է անում ոլոռը և հեռանում:

Կթու կովը
Մի մարդ կով ուներ: Կովն ամեն օր տալիս էր լիքը սափոր կաթ: Մարդը հյուրեր է կանչում և նրանց համար կաթ է ուզում հավաքել: Տաս օր շարունակ կթում է կովին: Նա կարծում է, որ այդ դեպքում կովը տասն անգամ շատ կաթ կտա: Սակայն կովի կաթը կտրվում է և ծերունին մնում է առանց կաթի:  

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ, Մխիթար Գոշ Առակներ, Էզոպոս Առակներ և Ժան Լաֆոնտեն Առակներ

Լև Տոլստոյ | Առակներ Լև Տոլստոյ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 05, 2016 Rating: 5
Технологии Blogger.