Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Բանաստեղծություններ


ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ
Կադիսից մինչև Ջիբրալթար
Ինչ լավ է ուղին,
Ծանոթ է ծովին
Հառաչանքը իմ:


Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Կադիսից մինչև Ջիբլարթար
Լիմոններով է պատած իմ ուղին,
Ծանոթ է հովտին
Հառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Սևիլիայից մինչև Կարմոնա
Դանակներ չենք պահում
Մենք մեր մոտ,
Կտրելով սահում է լուսինը
Եվ օդը ներկում է արյունով:

Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:

Անտերունչ աղի հանքերի կողքով
Սեր իմ, անցնում եմ առանց քեզ,
Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերով
Իմ մեռած սիրո մասին կպատմես:

Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:

Կադիս, խեղդում է քեզ ծովը,
Կադիս, փոխիր քո ուղին,
Կանգնիր Սևիլիա,
Թե չէ կկորչի գետում քո հոգին:

Օ, տղա,
Օ, աղջիկ,
Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ
Եվ հրապարակում ինչ ցուրտ է:

Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի

ԼՌՈւԹՅՈւՆ
Լսիր, ընկեր, լռությունը:
Լռությունը
Լիքն է կանչով ալիքների
Եվ լեռների արձագանքով:
Լռությունը
խոնարհել է
Դեմքը հողին:

Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ
- Ու՞ր ես փախչում, գետ:

- Ես փափուկ հունով
Փախչում եմ հեռու ափերը ծովի:

- Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:
- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -
խաղաղ գետախորշ փնտրելով այսպես:


- Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:

- Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:
Ես... դողում եմ, տես:

ՀՐԱԺԵՇՏ
Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:

Ուրախ պատանին նարինջ է քաղում:
(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):

Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:
(Ես պատշգամբից լսում եմ նրան):

Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:

ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ
Այսօր ինձ տվին ծովային խեցի:

Նրա մեջ
Այն նույն ծովն էր աղմկում,
Որը ծփում էր քարտեզի վրա:
Իմ սիրտը
Լցվեց ջրով, որի մեջ
Մութի, արծաթի
Ձկներ են լողում:

Այսօր ինձ տվին ծովային խեցի:

ԵՎՍ ՄԻ ԵՐԳ
Քունը չքացավ-թռավ անհավետ...
Մութ երեկոյան, անձրևի պահին,
Իմ սիրտը այնպես լավ է հասկանում
Ուշ աշնան խոնավ ողբերգությունը,
Որ օրորվում է ճյուղերից կախված:

Խամրած դաշտերի և այգիների
Հաշտարարական պաղ տխրության մեջ
Իմ ձայնը լռեց, մարեց առհավետ,
Ախ, քունը, քունը չքացավ անհետ:
Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:

Թռչում է ձյունը հարթավայրերով,
Ու վախենում է,
Դողում է ինքնախաբեությունս,
Թե կմոլորվի ամայի հեռվում,
Կսուզվի մռայլ մշուշների մեջ:

Ջրերն ինձ համար տխուր երգեցին,
Քունը չքացավ - թռավ առհավետ:
Ու՞ր է աշխարհը անսահման քնի,
Ծնված անհաստատ մշուշների մեջ:
Իսկ մշուշը ցուրտ, մշուշը - միայն
Շնչառությունն է հոգնած ձյուների:

Իմ եղանակը հնչում է, երգում:
Ու  երեկոյան, մութ, մառախլապատ,
Ցուրտ երեկոյան
Իմ սիրտը այնպես լավ է հասկանում
Ուշ աշնան խոնավ ողբերգությունը,
Որ շիթ առ շիթ
Խամրած ճյուղերից թափվում է ներքև:

ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ
Խնձորի ծառ,
Քո ճյուղքի մեջ

Թռչուններ կան և ստվերներ:
Սլանում է իմ երազը,
Լուսնից իջնում քամու թևին:

Խնձորի ծառ:
Կանաչել են քո ձեռքերը:

Ճերմակ քունքերը հունվարի
Մարտին էլ դեռ երևում են:

Խնձորի ծառ...
(Մարած քամի)

Խնձորի ծառ...
(Մի մեծ երկինք):

ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ
Կանաչ երկնքի կանաչ խորքերում
Կանաչ աստղերի փայլեր կան կանաչ:
Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:
Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:

Ձուլվել են բարձր աշտարակները
Ցուրտ մշուշներին:
Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:
Պատուհանները փակ են հիրավի:

Կանաչ երկնքում
Լողում են հարյուր վառ-կանաչ աստղեր
Ու չեն նկատում հարյուր սպիտակ
Աշտարակները ծածկըված ձյունով:

Եվ որպեսզի իմ տագնապներն ամեն
Թվան ավելի բուռն ու կենարար,
Իմ տագնապները ես պիտի ներկեմ
Կարմիր ժպիտով:

ԱՎԱՂ
Նոճու սև ստվերը տնքում է,
Գիշերվա քամու դեմ օրորվում:

(Ինձ մենակ թողեցեք
Դաշտերում):

Ամեն ինչ խզվել է աշխարհում,
Ամեն ինչ լցվել է լռությամբ:

(Ուզում եմ մեն-մենակ արտասվել
Դաշտերում):

Խարույկի, խարույկի սուր լույսից
Մութ հեռուն ընկել է վիրավոր:

(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,
Միայնակ,
Մենավոր...):

ԱՐՁԱԳԱՆՔ
Առավոտն արդեն
Ծաղկի պես բացվեց:

(Հիշո՞ւմ ես
Դողդոջ աղջամուղջը դու):

Շապուհը լուսնի՝
Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:

(Հիշո՞ւմ ես
Մաշվող հայացքն ամառվա):

ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ
(Սովորական գիշերային տեսարան)

Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:
Տան լուսամուտներն ամուր փակեցին
Եվ պաշտպանվեցին աստղերի լույսից:
Սենյակում մեռած աղջիկն է քնել.
Եվ կարմիր վարդն է թաքնվել նրա
Սև մազերի մեջ:
Եվ լուսամուտի վանդակի վրա
Վեց սոխակ նրա կորուստն են ողբում:

Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:
Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:

ՀԻՄԱՐ ԵՐԳ
- Մայրիկ,
Ուզում եմ լինել մետաղից:
- Տղաս,
Քեզ համար շատ ցուրտ կլինի:


1912թ. ընտանիքի հետ
- Մայրիկ,
Ուզում եմ լինել կաթիլքից:
- Տղաս,
Քեզ համար շատ ցուրտ կլինի:

- Ասեղնագործիր
Ինձ բարձի վրա:
- Շատ լավ:
Անպատճառ:

ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ
Ես քեզ ոչ մի խոսք
Չուզեցի ասել:

Միայն նայեցի
Քո աչքերի մեջ
Եվ տեսա. այնտեղ,
Քեփյուռից, լույսից
Ու բախտից հարբած,
Օրորվում էին
Երկու ոսկի ծառ:

Ես քեզ ոչ մի խոսք
Չուզեցի ասել:

ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ
Գիշերն ունի չորս լուսին
Ու մի ծառ մենակ,
Ծառի տակ մեն մի ստվեր,
Ծառին՝ մեն մի հավք:

Համբույրիդ հետքն է դեմքիս,
Իսկ առուն հովին
Համբուրում ու չի թողնում
Հետք բոլորովին:

«Չէ» քո տվածն եմ տանում
Իմ ափի մեջ տաք,
Մոմե լիմոն է կարծես,
Բոլորովին խակ:

Չորս լուսին ու մեն մի ծառ
Ունի գիշերս:
Ասեղների վրա է
Առաջին սերս:

ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ
Երբ ելնում է լուսինը,
Զանգակները լռում,
Պատկերվում է կածանը
Անանց թավուտներում:

Երբ ելնում է լուսինը,
Ծովն է հողին տիրում,
Սիրտը հեռվում մոռացված

Մի կղզի է թվում:

Ոչ ոք լուսնյակ գիշերով,
Չէ, չի ուտում նարինջ,
Խակ պտուղներ են ուտում
Եվ պտուղներ սառած:

Երբ ելնում է լուսինը
Դեմքով միապաղաղ,
Զամբյուղներում ողբում են
Դրամները արծաթ:

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ
Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,
Բայց գարունը նրան հարություն է տալիս:

Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,
Փաթաթվեին բարդուն:

Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերեր
Հառաչանքի ծիլեր:

Ուր էր թե փռվեին տանիքների առաջ
Ստվերները կանաչ:

Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,
Բայց գարունը նրան հարություն է տալիս:

*
Երեկոն իր խոր, խաղաղ կապույտով
Մադրիգալներ է երգում նարինջին:

Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն
«Երկիրն ինչքան է նման նարինջի»:

Լուսինն ասում է, լացը զսպելով.
«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:

«Բայց դա, զավակս, անհնարին է,
Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:
Դու լիմոն անգամ չես կարող լինել:
Ցավալի է շատ»:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ
Սարսափելի է
Գիշերել մեռնող տերևների հետ,
Սարսափելի է անպտուղ դաշտում
Մնալ միայնակ.
Ախ, եթե, եթե
Ինձ չարթնացնես,
Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվից հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է
Դռները բախում:

Քո մանյակի մեջ
Արշալույսների փայլերն են պահված:
Ինչո՞ւ ես թողնում
Ինձ հեռու ճամփին:
Դու կհեռանաս,
Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,
Խաղողի այգինն
Չի լցվի հյութով:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվում հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է
Դռները բախում:

Եվ չես իմանա,
Ձյունե իմ թիթեռ,
Թե ինչքան պայծառ էին շողշողում
Աստղերն իմ սիրո:

Լուսայգն է բացվում,
Անձրև է գալիս,

Եվ չոր ճյուղերից
Բներն են թափվում:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվում հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է
Դռները բախում:

Ռուսերենից թարգմանեց Համո Սահյանը

Տես նաև Ժերար Ներվալ Բանաստեղծություններ, Ռընե Շար Բանաստեղծություններ և Թոմաս, Ս. Էլիոթ Բանաստեղծություններ

Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Բանաստեղծություններ Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 13, 2016 Rating: 5
Технологии Blogger.