Պրոսպեր Մերիմե | Մատեո Ֆալկոնե


Երբ Պորտո-Վեկկիոյից դուրս ես գալիս և ուղղվում դեպի հյուսիս-արևմուտք` կղզու խորքը, ապա իսկույն հարկ ես տեսնում բարձրանալ բավական զառիթափ դարավանդը և ժայռաբեկորներով լցված ու տեղ-տեղ հեղեղատներով հատված ոլորապտույտ կածաններով երեք ժամ ընթանալուդ հետո գտնվում ես լայնարձակ թավուտի եզրին։ Թավուտը ապաստանն է կորսիկացի հովիվների և բոլոր նրանց, որոնք գժտվել են արդարադատության հետ։
Պետք է գիտենալ, որ կորսիկացի հողագործը, ազատվելու համար իր դաշտը պարարտացնելու նեղությունից, սովորություն ունի վառելու անտառի որոշ մասը. շատ վատ է, եթե բոցը տարածվում է ավելի հեռու, քան հարկավոր է. ինչ էլ որ պատահի, նա կարող է վստահ լինել, որ լավ բերք կհավաքի ծառերի մոխիրներով պարարտացած այդ հողի վրա։ Հասկաքաղից հետո է հարդը թողնում են, որովհետև դրա հավաքելը ավելորդ հոգնություն կպատճառի) հողի մեջ մնացած չայրված ծառարմատները առաջիկա գարնանը արձակում են շատ խիտ ընձյուղներ, որոնք մի քանի տարում հասնում են յոթ-ութ ոտնաչափ բարձրության։ Հենց այդ թավ թփուտներն էլ կոչվում են թավուտ։ Այստեղ աճում են բազմատեսակ ծառեր ու թփեր, որոնք միանում, խառնվում են իրար Աստծու կամքի համաձայն։ Մարդ կարող է իրեն ճանապարհ բանալ միայն տապարը ձեռքին, իսկ ուրիշ թավուտներ այնքան ստվարախիտ են, որ վայրի խոյերն անգամ չեն կարող թափանցել այնտեղ։
Եթե դուք մարդ եք սպանել, գնացեք Պորտո-Վեկկիոյի թավուտը. դուք այնտեղ ապահով կապրեք, ունենալով մի լավ հրարան, վառոդ և գնդակներ. մի մոռանաք նաև վերցնել մի կնգուղավոր թուխ կրկնոց, որը վերմակի ու անկողնի տեղ կծառայի։ Հովիվները ձեզ կմատակարարեն կաթ, պանիր և շագանակ, և դուք արդարադատությունից կամ սպանվածի ազգականներիդ վախենալու բան չեք ունենա, քանի ձեզ հարկ չի լինի քաղաք իջնել ռազմամթերքի համար։
Մատեո Ֆալկոնեն այդ թավուտից կես մղոն հեռու մի տան էր ապրում, երբ ես Կորսիկայում էի 18... թվականին։ Նա բավական հարուստ մարդ էր այդ երկրի համար և ապրում էր ազնվականի պես, այսինքն` ոչինչ չանելով, հասույթովը իր անասնահոտերի, որոնք հովիվները, այդ մի տեսակ շրջմոլիկները, տանում էին արածացնելու լեռնային արոտներում։ Երբ ես նրան հանդիպեցի երկու տարի հետո այն դեպքից, որի մասին պատմելու եմ հիմա, նա ինձ ամենաշատը հիսուն տարեկան երևաց։ Պատկերացրեք կարճահասակ, բայց ամրակազմ, գանգուր, ձյութի պես սև մազերով, արծվային քթով, նուրբ շրթներով, կենդանի խոշոր աչքերով և դաբաղած կաշու գույնի դեմքով մի մարդ։ Հրաձգության մեջ նրա ճարտարությունը արտասովոր էր համարվում նույնիսկ նրա հայրենիքում, ուր այնքան լավ հրաձիգներ կան։ Զորօրինակ, Մատեոն վայրի խոյի վրա երբեք չէր կրակի կապարե գեդակով, բայց նրան հարյուր քսան քայլից ցած կգլորեր ըստ իր նշանառության գլխին կամ ուսին արձակած մի գնդակով։ Գիշերով նա իր զենքերը նույնքան լավ էր գործածում, որքան ցերեկով, և ինձ այնպիսի օրինակ բերեցին նրա ճարպկությունից, որ գուցե անհավատալի կթվա նրան, ով չի ճանապարհորդել Կորսիկայում։ Ութսուն քայլ հեռավորության վրա դնում էին վառած մի մոմ, իսկ նրա առջևը` թափանցիկ թղթի մի թերթ ափսեի մեծությամբ։ Նա նշան էր բռնում. ապա մոմը հանգցնում էին, և մի րոպեում, լիակատար մթության մեջ, նա կրակում էր և թուղթը ծակում չորսից երեք անգամ։ Իր գերազանց վարպետությամբ Մատեո Ֆալկոնեն մեծ համբավ էր ձեռք բերել։ Նրա մասին ասում էին, թե նա նույնքան լավ բարեկամ է, որքան վտանգավոր թշնամի։ Այնուամենայնիվ, լինելով հաճոյակատար և ողորմարար, նա հաշտ ու խաղաղ էր ապրում բոլորի հետ Պորտո-Վեկկիոյի շրջանում։ Սակայն պատմում էին, որ Կորտեում, որտեղից նա կին էր առել, դաժանորեն մեջտեղից վերացրել էր իր մի մրցակցին, որ հավասարապես վտանգավոր էր համարվում մարտերում և սիրային գործերում. գոնե Մատեոյին էին վերագրում այն կրակոցը, որ սպանեց այդ մրցակցին, երբ նա ածիլվում էր լուսամուտից կախված մի փոքրիկ հայելու առջև։ Երբ այդ գործը մոռացվեց, Մատեոն ամուսնացավ։ Նրա կին Ջուզեպպան սկզբում իրար հետևից նրան տվել էր երեք աղջիկ (որից նա կատաղել էր) և, վերջապես, մի տղա, որի անունը նա դրեց Ֆորտունատո. սա էր ընտանիքի հույսն ու անվան ժառանգը։ Աղջիկները հաջող ամուսնացել էին. հայրը ի հարկին կարող էր հույսը դնել իր փեսաների դաշույնների ու կարաբինների վրա։ Տղան ընդամենը տասը տարեկան էր, բայց արդեն բարեգուշակ բարեմասնություններ էր երևան բերում։ Աշնան մի օր վաղ առավոտյան Մատեոն կնոջ հետ միասին գնաց այցելելու իր հոտերից մեկին, որ արածում էր թավուտի մի բացատում։ Փոքրիկ Ֆորտունատոն ուզում էր գնալ նրանց հետ, բայց բացատը շատ հեռու էր. բացի դրանից, պետք է մեկնումեկը մնար տունը հսկելու համար. ուստի հայրը հրաժարվեց նրան տանել։ Դուք կտեսնենք, թե ինչպես հորը հարկ եղավ զղջալ դրա համար։ Հայրը արդեն մի քանի ժամ է, ինչ բացակայում էր։ Փոքրիկ Ֆորտունատոն հանգիստ պառկել էր արևի տակ, նայելով կապույտ լեռներին և մտածելով, որ առաջիկա կիրակի օրը ինքը ճաշի համար գնալու է քաղաք, իր կապրալ հորեղբոր մոտ, երբ հանկարծ նրա խոհերը ընդհատվեցին հրարանի կրակոցից։ Նա վեր կացավ ու նայեց հարթավայրի կողմը, որտեղից եկավ այդ ձայնը։ Հետևեցին ուրիշ կրակոցներ, որոնք լսվում էին անհավասար ժամանակամիջոցներում և միշտ ավելի ու ավելի մոտիկից։ Վերջապես, հարթավայրից Մատեոյի տունը տանող շավիղի վրա երևաց մի մարդ սրածայր գլխարկով, ինչպիսին կրում են լեռնականները, երկարած մորուքով, ամբողջովին ցնցոտիների մեջ. նա քարշ էր գալիս դժվարությամբ, հենվելով հրացանին։ Հենց նոր մի գնդակ ծակել էր նրա ազդրը։ Այդ մարդը փախստական էր, որը վառոդի համար գիշերով քաղաք գնալիս ընկել էր կորսիկացի վոլտիժյորների դարանը։ Նորովի պաշտպանությունից հետո նա կարողացել էր նահանջել, թեև նրան կրնկակոխ հետապնդում էին և իրեն հարկ էր լինում հրացանից կրակել յուրաքանչյուր քարաժայռի մոտ։ Բայց նա բավականաչափ առաջ չէր ընկել զինվորներից և վերքերի պատճառով չէր կարողանա թավուտ հասնել նրանցից առաջ։
Նա մոտեցավ Ֆորտունատոյին և հարցրեց նրան
Դու Մատեո Ֆալկոնեի տղա՞ն ես։
Այո։
Ես Ջանետտո Սանպիերոն եմ։ Դեղին օձիքները ինձ հետապնդում են։ Թաքցրու ինձ, ես չեմ կարող ավելի հեռու գնալ։
Իսկ ի՞նչ կասի հայրս, եթե ես քեզ թաքցնեմ առանց նրա թույլտվության:
Նա կասի, որ դու լավ ես արել։
Ո՞վ գիտե։
Շուտ թաքցրու ինձ. նրանք հիմա կգան։
Սպասիր մինչև հայրս վերադառնա։
Սպասե՞մ։ Նզո՛վք։ Հինգ րոպեից նրանք այստեղ կլինեն։ Դե՛հ, թաքցրու ինձ, թե չէ քեզ կսպանեմ։
Ֆորտունատոն նրան պատասխանեց ամենայն պաղարյունությամբ.
Քո հրացանը պարպված է, իսկ քո carchera-ի մեջ փամփուշտ չկա։
Ես դաշույն ունեմ։
Բայց դու կարո՞ղ ես ինձ պես արագ վազել։
Նա մի ոստյուն գործեց դեպի ետ և վտանգից դուրս գտնվեց։
Դու Մատեո Ֆալկոնեի տղան չես։ Ուրեմն թողնելու ես, որ ինձ բռնե՞ն քո տան առաջ։
Տղան ազդված երևաց։
Ի՞նչ կտաս ինձ, եթե ես քեզ թաքցնեմ,— հարցրեց նա մոտենալով։
Փախստականը իր գոտուց կախված կաշվե պարկի մեջ փնտրեց և այնտեղից դուրս հանեց հինգ ֆրանկանոց մի դրամ, որ, անշուշտ, պահված էր վառոդի գնման համար։ Ֆորտունատոն ժպտաց, տեսնելով արծաթ դրամը. նա բռնեց այն և Ջանետտոյին ասաց.
Ոչ մի բանից մի՛ վախենա։
Նա իսկույն մի խոր ծակ բացեց տան կողքին գտնվող խոտի դեզի մեջ։ Ջանետտոն այնտեղ մտավ ու կուչ եկավ, և տղան նրան ծածկեց խոտով, մի անցք թողնելով օդի համար, բայց այնպես, որ չէր կարելի կասկածել, թե խոտի մեջ մարդ է պահված։ Բացի դրանից, վայրենու խորամանկությամբ նա մտածեց ևս մի՝ հնարք. կատվին ու ձագերին բերեց ու գցեց խոտի վրա, որպեսզի թվար, թե վաղուց ոչ ոք չէր դիպել դեզին։ Ապա, արյան հետքեր նկատելով տան մոտակա շավղի վրա, նա դրանք փութապես ծածկեց հողով և, այդ բոլորը վերջացնելով, ամենայն           հանդարտությամբ նորից պառկեց արևի տակ։ Մի քանի րոպե անց, թուխ համազգեստների մեջ դեղին օձիքներով վեց զինվորներ արդեն կանգնած էին Մատեոյի տան դռան առջև, մի ենթասպայի հրամանատարության տակ։ Այդ ենթասպան Մատեոյի հեռավոր ազգականն էր (հայտնի է, որ Կորսիկայում հեռավոր ազգականությունն ավելի լավ են հիշում, քան այլուր)։ Նա կոչվում էր Թիոդորո Գամբա. նա ազդեցիկ մարդ էր և նրանից հույժ վախենում էին փախստականները, որոնցից շատերին նա արդեն բռնել էր։
Բարև, փոքրիկ քեռորդի,— ասաց      նա,— մոտենալով Ֆորտունատոյին։ Ինչքան մեծացել ես։ Հիմա այստեղով մի մարդ չանցա՞վ։
Օ, ես դեռ ձեր հասակին չեմ հասել, քեռի,— պատասխանեց տղան միամիտ տեսքով։
Շուտով կհասնես։ Բայց ասա, այստեղով մի մարդ չանցա՞վ։
Այստեղով մի մարդ չանցա՞վ։
Այո՛, սրածայր սև թավշե գլխարկով և կարմիր ու դեղին բաճկոնով մի մարդ։
Սրածայր գլխարկով և կարմիր ու դեղին բաճկոնով մի մա՞րդ։
Այո, շո՛ւտ պատասխանիր և մի՛ կրկնիր իմ խոսքերը։
Այսօր առավոտյան մեր տան առջևով անցավ քահանան իր Պիերո ձիու վրա։ Նա ինձ հարցրեց, թե ինչպե՞ս է հայրս, և ես նրան պատասխանեցի...
Ահ, փոքրիկ ստահակ, դու խորամանկություն ես անում։ Շուտ ասա, ո՛ւր գնաց Ջանետտոն. մենք նրան ենք փնտրում, և ես վստահ եմ, որ նա այս ճամփով գնաց։
Ինչի՞ց գիտեք։ Ինչից գիտե՞մ։ Ես գիտեմ, որ դու տեսար նրան:
Մի՞թե կարելի է քնած ժամանակ տեսնել անցորդին։
Դու քնած չէիր, անպիտան, կրակոցները արթնացրին քեզ։
Ուրեմն, քեռի, դուք կարծում եք, որ ձեր հրացանները այդքան աղմո՞ւկ են հանում։ Իմ հոր կարաբինը ավելի է աղմուկ հանում։
Գրո՛ղը տանի քեզ, անիծյալ տղա։ Ես վստահ եմ, որ դու տեսար Ջանետտոյին։ Գուցե հենց դու էլ թաքցրել ես նրան։ Դեհ, տղերք, տուն մտեք և տեսեք, թե մեր կտրիճը այնտեղ չէ՞։ Նա քարշ էր գալիս մի ոտի վրա, և սրիկան բավականաչափ խելք ունի, որպեսզի չփորձի թավուտ հասնել կաղալով։ Բացի դրանից, արյան հետքերն էլ այստեղ են բերում։
Իսկ ի՞նչ կասի հայրս,— հեգնելով հարցրեց Ֆորտունատոն,— երբ իմանա, որ մեր տունն են մտել իր բացակայության ժամանակ։
Անպիտան,— ասաց ենթասպա Գամբան, նրա ականջից բռնելով։ Գիտե՞ս, եթե ուզեմ քեզ ուրիշ կերպ երգել կտամ։ Գուցե, եթե քեզ սրի հարթ կողմով քսան հարված տան, դու, վերջ ի վերջո կխոսես։
Բայց Ֆորտունատոն շարունակում էր ծիծաղել։
Իմ հայրը Մատեո Ֆալկոնեն է,— ասաց նա վեսորեն։
Իսկ դու գիտե՞ս, փոքրիկ ստահակ, որ ես կարող եմ քեզ Կրոտե կամ Բաստիա տանել։ Քեզ կնստեցնեմ բանտ, հարդի վրա, ոտքերդ շղթայակապ և քեզ գլխատել կտամ, եթե չասես, թե ուր է Ջանետտո Սանպիերոն։
Այս ծիծաղելի սպառնալիքի վրա տղան քրքջաց։ Նա կրկնեց։
Իմ հայրը Մատեո Ֆալկոնեն է։
Ենթասպա,— ցած ձայնով ասաց       վոլտիժյորներից մեկը,— չգժտվենք Մատեոյի հետ։
Գամբան բացահայտորեն շփոթված էր երևում։ Նա շշուկով բանակցում էր զինվորների հետ, որոնք արդեն խուզարկել էին ամբողջ տունը։ Այդ գործողությունը երկար ժամանակ չէր պահանջում, քանի որ ամեն կորսիկացու տնակ կազմված է միայն մեկ քառակուսի սենյակից, որի ամբողջ կահավորումը մի սեղան, նստարաններ, սնդուկներ, տնային իրեր և որսորդական պարագաներ են։ Սակայն փոքրիկ Ֆորտունատոն շոյում էր իր կատվին և, կարծես, ուրախանում էր ենթասպայի ու վոլտիժյորների շփոթությունից։ Զինվորներից մեկը մոտեցավ խոտի դեզին։ Նա տեսավ կատվին և անփութորեն սվինը խրելով խոտի մեջ, ուսերը թոթվեց, ասես ինքն էլ զգում էր, որ այդ նախազգուշությունը ծիծաղելի է։ Ոչինչ չշարժվեց, և տղայի դեմքը ամենաթեթև հուզում անգամ չարտահայտեց։ Ենթասպան ու նրա ջոկատը սկսում էին համբերությունը կորցնել, նրանք արդեն նայում էին հարթավայրի կողմը, ասես պատրաստվելով վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էին, երբ հանկարծ նրանց պետը, համոզվելով, որ սպառնալիքները ոչ մի ազդեցություն չեն գործի Ֆալկոնեի որդու վրա, ուզեց վերջին փորձն անել, նրան կաշառել փաղաքշանքներով և ընծաներով։
Փոքրիկ քեռորդի,— ասաց նա,— դու շատ խելացի տղա ես երևում։ Դու հեռուն կգնաս։ Բայց ինձ հետ վատ խաղ ես խաղում, և եթե իմ ազգական Մատեոյին նեղացնելուց չվախենայի, քեզ ինձ հետ կտանեի, գրո՛ղը տանի։
Այդ էր պակաս։
Բայց երբ Մատեոն վերադառնա, ես ամեն ինչ նրան կպատմեմ, և նա քեզ մի լավ կծեծի։
Մի՞թե։
Դեհ կտեսնես... Բայց լսի՛ր լավ տղա եղիր, և ես քեզ մի բան կտամ։
Իսկ ես, քեռի, քեզ խորհուրդ կտամ,— է՛լ մի ուշանաք, թե չէ Ջանետտոն թավուտ կհասնի, և այն ժամանակ ձեզ նման երկու կտրիճներն անգամ չեն գտնի նրան։
Ենթասպան գրպանից հանեց արծաթե մի ժամացույց, որ առնվազն արժեր տասը էկյու և նկատելով, որ Ֆորտունատոյի աչքերը շողացին նրա տեսքից, ժամացույցի պողպատե շղթայից բռնելով ասաց նրան.
Չարաճճի։ Դու, հավանաբար, կուզեիր կրծքիդ վրա կրել այսպիսի ժամացույց. դու կսկսեիր սիրամարգի պես փքվելով ման գալ Պորտո-Վեկկիոյի փողոցներում, և բոլորը քեզ կհարցնեին. «Ժամը քանի՞սն է» և դու կպատասխանեիր. «Նայեցեք ժամացույցիս»։
Երբ ես մեծանամ, իմ կապրալ հորեղբայրը ինձ ժամացույց կնվիրի։
Այո, բայց քո հորեղբոր որդին արդեն ժամացույց ունի... ճիշտ է, ոչ այնպես գեղեցիկ, ինչպես սա... Սակայն նա քեզանից փոքր է։
Տղան հառաչեց։
Ուրեմն, քեռորդի, ուզո՞ւմ ես ստանալ այս ժամացույցը։
Ֆորտունատոն ժամացույցին նայեց շեղակի, ինչպես կատու, որին ճուտիկ են ցույց տալիս։ Զգալով, որ իրեն միայն ծաղրում են, նա չի համարձակվում ճանկը տանել թռչնին և ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացնում է, որպեսզի չընկնի փորձութ յան մեջ. բայց նա շարունակ շրթները լիզում է և այնպիսի տեսք ունի, որ կարծես ուզում է տիրոջն ասել. «Ինչքան դաժան է ձեր կատակը»։
Սակայն ենթասպա Գամբան կարծես իրոք մտադիր էր նրան նվիրել ժամացույցը։ Ֆորտունատոն ձեռքը չմեկնեց և դառը ժպիտով ասաց.
Ինչո՞ւ եք ծիծաղում ինձ վրա։
Աստված վկա, չեմ ծիծաղում։ Ինձ միայն ասա` ուր է Ջանետտոն, և ժամացույցը քոնն է։
Ֆորտունատոն կասկածամտորեն ծիծաղեց և, սև աչքերը հառելով ենթասպայի աչքերին, ջանաց այնտեղ կարդալ, թե կարելի՞ է արդյոք հավատալ նրա խոսքերին։
Թող ինձ աստիճանազրկեն,— գոչեց ենթասպան,— եթե այդ պայմանով քեզ չտամ ժամացույցը։ Այս ընկերներս վկա են` ես չեմ հրաժարվի իմ խոսքից։
Այսպես խոսելով, նա ժամացույցը միշտ ավելի էր մոտեցնում և վերջապես, գրեթե դիպցնում էր տղայի դժգույն այտին։ Տղայի դեմքին բացահայտորեն երևում էր պայքարը, որ տեղի էր ունենում նրա հոգում զարթնած ընչաքաղցության և հյուրընկալության պարտականության միջև։ Նրա մերկ կուրծքը ծանրորեն բարձրանում էր, նա գրեթե շնչասպառ էր լինում։ Ւսկ ժամացույցը ճոճվում էր, պտտվում և երբեմն ծայրով դիպչում տղայի քթին։ Վերջապես քիչ-քիչ տղայի աջ ձեռքը բարձրացավ դեպի ժամացույցը, նա մատների ծայրով շոշափեց այն, որը և հանկարծ իր ափի մեջ զգաց, թեև ենթասպան ձեռքից դեռ բաց չէր թողել շղթայիկը... Ժամացույցի թվացույցը կապույտ էր... կափարիչը` նոր մաքրված... արևի տակ շողում էր... Փորձությունը շատ էր ուժեղ։ Ֆորտունատոն ձախ ձեռքը բարձրացրեց, բթամատով ուսի վրայով ցույց տվեց խոտի դեզը, որին կռթնել էր։ Ենթասպան իսկույն հասկացավ նրան։ Նա բաց թողեց շղթայիկի ծայրը. Ֆորտունւստոն դարձավ ժամացույցի միակ տերը։ Նա վեր թռավ այծյամի թեթևությամբ, տասը քայլ հեռացավ խոտի դեղից, որը իսկույն սկսեցին փորփրել վոլտիժյորները։ Շուտով նրանք տեսան, որ խոտը շարժվեց և այնտեղից դուրս եկավ արնաթաթախ մի մարդ, դաշույնը ձեռքին. նա փորձում էր վեր կենալ, բայց չորացած վերքը նրան թույլ չտվեց ոտքի կանգնել։ Նա ընկավ։ Ենթասպան նետվեց նրա վրա և խլեց դաշույնը։ Անմիջապես նրան ամուր կապկպեցին, չնայած նրա դիմադրությանը։ Ջանետտոն, պառկած գետնի վրա և կապված ինչպես կապոց, գլուխը շուռ տվեց մոտեցող Ֆորտունատոյին։
Շա՛ն որդի,— ասաց նա ավելի արհամարհանքից, քան բարկությունից։
Տղան նրան նետեց նրանից ստացած արծաթ դրամը, զգալով, որ այլևս արժանի չէ դրան. բայց Ջանետտոն կարծես ուշադրություն չդարձրեց նրա այդ ժեստին։ Նա պաղարյունությամբ ասաց ենթասպային.
Սիրելի Գամբա, ես չեմ կարող քայլել. դուք ստիպված պետք է լինեք ինձ քաղաք տանել։
Դու հենց նոր փախչում էիր այծյամից արագ,— իսկույն պատասխանեց անողոք հաղթողը,— բայց հանգիստ եղիր. ես այնքան ուրախ եմ քեզ բռնելուս համար, որ պատրաստ եմ մի մղոն քեզ տանել իմ կռնակի վրա, առանց հոգնելու։ Այնուամենայնիվ, բարեկամ, մենք ճյուղերով ու քո կրկնոցով պատգարակ կպատրաստենք քեզ համար, իսկ Կրեսպոլիի ագարակում ձիեր կճարենք։
Լավ,— ասաց գերին,— միայն թե պատգարակի վրա մի քիչ հարդ կփռեք, որպեսզի ինձ համար ավելի հարմար լինի։
Մինչդեռ վոլտիժյորներից ոմանք պատգարակի նման բան էին պատրաստում շագանակենիների ճյուղերով, իսկ մյուսները Ջանետտոյի վերքն էին կապում, հանկարծ երևաց Մատեո Ֆալկոնեն կնոջ հետ` թավուտ տանող շավիղի դարձակետին։ Կինը գնում էր դժվարությամբ, կռացած շագանակներով լեցուն վիթխարի պարկի ծանրության տակ, իսկ ամուսինը գնում էր առջևից առանց բեռի, կրելով միայն մի զենք ձեռքին և մի ուրիշը` ուսափոկին, քանի որ տղամարդուն վայել չէ զենքերից բացի ուրիշ բեռ կրել։ Զինվորներին տեսնելով, Մատեոն նախ մտածեց, որ նրանք գալիս էին իրեն ձերբակալելու։ Բայց ինչո՞ւ այդպես մտածել։ Մի՞թե ինքը որևէ հաշիվ էր ունեցել ոստիկանության հետ։ Ոչ։ Նա վայելել էր բարի համբավ։ Նա եղել էր, ինչպես ասում են, «բարեհույս անձ». նա կորսիկացի և լեռնցի էր, իսկ քիչ կորսիկացի լեռնցիներ կան, որոնք, լավ քրքրելով իրենց հիշողությունը, չմտաբերեն որևէ փոքրիկ հանցանք, ինչպես հրացանի կրակոց, դաշույնի հարված, և ուրիշ չնչին բաներ։ Մատեոյի խիղճը ավելի մաքուր էր, քան շատ ուրիշներինը, որովհետև արդեն տասը տարի է իր հրացանի փողը չէր ուղղել մարդու վրա, բայց նա խոհեմ էր և պատրաստվեց համառորեն պաշտպանվել, եթե հարկ լիներ։
Կնի՛կ,— ասաց նա Ջուզեպպային,— պարկդ դիր ցած և պատրաստ եղիր։
Կինը իսկույն հնազանդվեց։ Ամուսինը նրան տվեց ուսափոկից կախված հրացանը, որը կարող էր իրեն խանգարել։ Իսկ ինքը ձեռքի հրացանը պատրաստ պահեց և դանդաղորեն առաջացավ դեպի տուն, գնալով ճանապարհը եզերող ծառերի մոտով և ամենադույզն թշնամական գործողության ժամանակ պատրաստ թաքնվելու որևէ ստվար ծառա-ժբնի ետև, որի պաշտպանության տակ նա կարող էր կրակել: Կինը կրնկակոխ հետևում էր նրան, կրելով պահեստի հրացանը և փամփշտակալը: Կռվի ժամանակ լավ կնոջ պարտականությունն է հրացանները լցնել իր ամուսնու համար։ Մյուս կողմից էլ ենթասպան էր անհանգստացել, տեսնելով, որ Մատեոն մոտենում է զգույշ քայլերով, հրացանը առաջ բռնած, մատը ձգանի վրա պահած։ «Եթե պատահաբար Մատեոն Ջանետտոյի ազգականը և կամ նրա բարեկամը դուրս գա և վճռի պաշտպանել նրան,— մտածեց նա,— այն ժամանակ մեզանից երկուսը նրա երկու հրացաններից գնդակներ կստանա այնպես ճշտորեն, ինչպես նամակը փոստով, իսկ հանկարծ նա, չնայած մեր ազգականությանը, նշան բռնի իմ վրա՞...»։ Այս երկբայության մեջ ենթասպան վճռեց հանդուգն քայլ անել և շարժվեց Մատեոյին ընդառաջ, որպեսզի պատահածի մասին պատմեր նրան, ինչպես հին ծանոթի։ Բայց իր և Մատեոյի միջև ընկած կարճ տարածությունն իրեն թվաց սարսափելիորեն երկար։
Հեյ, ծերուկ բարեկամ,— գոչեց նա,— ինչպե՞ս ես։ Այդ ես եմ, Գամբան, քո ազգականը։
Մատեոն, առանց մի բառ պատասխանելու, կանգ առավ. և մինչ Գամբան խոսում էր, նա դանդաղորեն բարձրացրեց իր հրացանի փողը, այնպես որ, երբ ենթասպան կիպ մոտեցավ նրան, փողը ուղղված էր վերև։
Բարի օր, եղբայր,— ասաց ենթասպան, ձեռքը մեկնելով:— Վաղուց է ես քեզ չեմ տեսել։
Բարի օր, եղբայր։
Անցնելիս ուզեցի տեսնել քեզ և Պեպա քույրիկին։ Այսօր մենք երկար ճանապարհ կտրեցինք, բայց հոգնության համար գանգատվել չենք կարող, որովհետև պատվական որս ձեռք բերինք։ Մենք ձեռք ձգեցինք Ջանետտո Սանպիերոյին։
Փառք Աստծու,— գոչեց Ջուզեպպան։ Անցյալ շաբաթ նա մեզանից գողացավ մեր կաթնատու այծը։
Այս խոսքերը ուրախացրին Գամբային։
Խե՛ղճ մարդ,— ասաց Մատեոն,— նա քաղցած էր։
Սրիկան իրեն պաշտպանեց առյուծի պես,— շարունակեց ենթասպան, մի քիչ վիրավորված,— նա սպանեց իմ վոլտիժյորներից մեկին, և, բացի դրանից, ջարդեց կապրալ Շարդոնի բազուկը։ Բայց դա մեծ դժբախտություն չէ, քանի որ Շարդոնը ֆրանսիացի է... Իսկ հետո նա այնպես լավ թաքնվեց, որ սատանան էլ չէր գտնի։ Եթե չլիներ փոքրիկ Ֆորտունատոն, ես նրան երբեք չէի գտնի։
Ֆորտունատո՜ն,— գոչեց Մատեոն։
Ֆորտունատո՜ն,— կրկնեց Ջուզեպպան։
Այո։ Ջանետտոն թաքնվել էր ահա այնտեղ խոտի դեզի մեջ, բայց իմ քեռորդին երևան բերեց այդ խորամանկությունը։ Ես հիմա կասեմ նրա կապրալ հռրեղբորը, որ նրան մի լավ նվեր ուղարկի դրա համար։ Նրա և քո անունները կնշվեն այն զեկուցագրի մեջ, որ ես ուղարկելու եմ գլխավոր դատախաղին։
Նզո՛վք,— մռլտաց Մատեոն։
Նրանք մոտեցան զինվորների ջոկատին։ Ջանետտոն պառկել էր պատգարակի վրա և պատրաստ էր փոխադրվելու։ Երբ նա Մատեոյին տեսավ Գամբայի կողքին, անսովոր կերպով ժպտաց, ապա դեմքով շուռ դեպի տունը, թքեց շեմի վրա և ասաց.
Դավաճանի տուն։
Մահը աչքի առաջ ունեցող մարդը միայն կհամարձակվեր դավաճան անվանել Ֆալկոնեին։ Դաշույնի մի հարվածը անմիջական հատուցումը կլիներ այդ վիրավորանքի համար: Բայց Մատեոն միայն դեմքը ձեռքով ծածկեց, ինչպես վշտաբեկ մարդը։
Տեսնելով հորը, Ֆորտունատոն մտավ տուն։ Նա շուտով նորից դուրս եկավ կաթի ամանով և, աչքերը բարձրացնելով, այն տվեց Ջանետտոյին։
Հեռո՛ւ ինձանից,— գոչեց փախստականը շանթահարող ձայնով։
Ապա, դառնալով վոլտիժյորներից մեկին, ասաց.
Բարեկամ, մի քիչ ջուր տուր խմելու։
Զինվորը նրա ձեռքը դրեց իր սրվակը, և փախստականը սկսեց խմել ջուրը, որ նրան տվել էր մի մարդ, որի հետ քիչ առաջ հրացանի կրակոցներ էր փոխանակել։ Ապա խնդրեց, որ իր ձեռքերը խաչաձև կապեն կրծքի վրա և ոչ թե կռնակի ետևը։
Ես սիրում եմ պառկել իմ ուզած ձևով,— ասաց նա։
Փութացին գոհացնել նրա ցանկությունը, ապա ենթասպան մեկնելու նշան տվեց, մնաս բարով ասաց Մատեոյին, որը նրան չպատասխանեց և արագ քայլերով իջավ դեպի հարթավայրը:
Անցավ մոտավորապես տասը րոպե, երբ Մատեոն դեռ բերանը չէր բացել։ Տղան տագնապահար նայում էր մերթ մորը, մերթ հորը, որը, իր հրացանին հենված, դիտում էր որդուն զսպված բարկության արտահայտությամբ։
Լավ ես սկսում,— վերջապես ասաց Մատեոն հանդարտ ձայնով, բայց ահավոր նրա համար, ով ճանաչում էր այդ մարդուն։
Հա՛յր,— բացականչեց տղան արցունքներն աչքերին և առաջ նետվեց, ասես նրա ծնկներն ընկնելու համար։
Բայց Մատեոն բղավեց.
Չմոտենա՛ս ինձ։
Եվ տղան անշարժ կանգնեց ու հեծկլտաց, հորից մի քանի քայլ հեռու։
Մոտեցավ Ջուզեպպան։ Նա նկատեց ժամացույցի շղթայիկը, որի ծայրը երևում էր Ֆորտունատոյի շապկի տակից։
Ո՞վ քեզ տվեց այդ ժամացույցը,— հարցրեց մայրը խիստ տոնով։
Քեռի ենթասպան։
Ֆալկոնեն ժամացույցը վերցրեց և ուժով խփեց քարին, ջարդուփշուր արեց։
Կնի՛կ,— ասաց նա,— այս տղան ինձանի՛ց է։
Ջուզեպպայի թուխ այտերը աղյուսի պես կարմիր դարձան։
Ի՞նչ ես ասում, Մատեո.։ Հասկանո՞ւմ ես ում հետ ես խոսում։
Այս տղան մեր ցեղի մեջ առաջինն է, որ դավաճանություն գործեց։
Ֆորտունատոյի հեծկլտանքներն ու հեկեկանքները սաստկացան, իսկ Ֆալկոնեն շարունակում էր նրա վրա հառել իր լուսանի հայացքը։ Վերջապես նա գետին զարկեց իր հրացանի կոթը, ապա հրացանը նորից ուսին նետեց և թավուտ տանող ճանապարհով առաջ շարժվեց, գոչելով Ֆորտունատոյին, որ հետևի իրեն։ Տղան հնազանդվեց։
Ջուզեպպան վազելով Մատեոյին հասավ և նրա բազուկից բռնեց.
Սա քո որդին է,— ասաց նա դողդոջուն ձայնով, իր սև աչքերը սևեռելով ամուսնու աչքերին, ասես ուզելով կարդալ այն, ինչ տեղի էր ունենում նրա հոգում։
Թո՛ղ ինձ,— պատասխանեց Մատեոն,— ես նրա հայրն եմ։
Ջուզեպպան գրկեց որդուն և, արտասվելով, մտավ իր հյուղակը։ Նա ծնրադրեց կույս Մարիամի պատկերի առջև և ջերմեռանդորեն աղոթեց։ Այդ միջոցին Ֆալկոնեն երկու հարյուր քայլի չափ առաջ գնաց շավիղով և, իջնելով փոքր մի ձորակ, կանգ առավ։ Նա հրացանի կոթով գետինը տնտղեց և գտավ, որ հողը փափուկ է և կարելի է հեշտ փորել։ Տեղը նրան հարմար թվաց իր դիտավորությունն իրագործելու համար։
Ֆորտունատո, գնա կանգնիր այն մեծ քարի մոտ:
Տղան կատարեց հրամանը և ծնկի եկավ։
Արտասանի՛ր քո աղոթքները։
Հա՜յր իմ, հա՜յր իմ, մի՛ սպանիր ինձ։
Արտասանի՛ր քո աղոթքները,— կրկնեց Մատեոն ահեղ ձայնով։
Տղան, կակազելով ու հեծկլտալով, արտասանեց «Հայր մերը» և «Հավատամքը»։ Հայրը ուժեղ ձայնով «ամեն» պատասխանեց յուրաքանչյուր աղոթքից հետո։
Դրա՞նք են քո իմացած բոլոր աղոթքները։
Հայր իմ, գիտեմ նաև «Ողջույն քեզ, Մարիամը» և այն աղոթքը, որ մորաքույրս է ինձ սովորեցրել։
Նա շատ երկար է, բայց ոչինչ արտասանիր։
Տղան մարած ձայնով մինչև վերջ արտասանեց լիտանիան։
Դու վերջացրի՞ր։
Օ՜, հա՛յր իմ, շնորհ արա, ներիր ինձ։ Ես այլևս չեմ անի։ Ես կապրալ հորեղբորը կխնդրեմ, որ ներում շնորհեն Ջանետտոյին։
Նա դեռ խոսում էր։ Մատեոն հրացանը լցրեց, նշան բռնեց և ասաց.
Թող Աստված ների քեզ։
Տղան հուսահատական ճիգ գործ դրեց վեր կենալու և հոր ոտքերն ընկնելու համար, բայց ժամանակ չունեցավ։ Մատեոն կրակեց, և Ֆորտունատոն ընկավ դիտապաստ։
Առանց նույնիսկ մի հայացք նետելու դիակի վրա, Մատեոն ուղղվեց դեպի տուն, որպեսզի մի բահ վերցնի և թաղի որդուն։ Հազիվ էր մի քանի քայլ գնացել, երբ հանդիպեց Ջուզեպպային, որ վազում էր, իրար անցած կրակոցից։
Ի՞նչ արիր դու,— գոչեց կինը։
Արդար դատաստան։
Ո՞ւր է նա։
Ձորակում։ Հիմա ես կթաղեմ նրան։ Նա մեռավ իբրև քրիստոնյա։ Ես կհրամայեմ պատարագ մատուցել նրա հոգու հանգստյան համար։ Պետք է ասել իմ փեսա Թիոդորո Բիանկիին, որպեսզի գա և մեզ հետ ապրի։

Թարգմանությունը՝ Արբուն Տայան

Տես նաև Կարմեն

Պրոսպեր Մերիմե | Մատեո Ֆալկոնե Պրոսպեր Մերիմե | Մատեո Ֆալկոնե Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 15, 2016 Rating: 5
Технологии Blogger.