Գրիմ եղբայրներ | Ձյունանուշն ու Ալծաղիկը


Լինում է, չի լինում՝ մի աղքատ որբևայրի կին։ Ապրում է փոքրիկ տնակում։ Տնակի առաջ մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ՝ երկու վարդի թուփ, մեկը՝ սպիտակ վարդի, մյուսը՝ կարմիր։ Վարդի թփերի նման երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը՝ Ձյունանուշ, մյուսինը՝ Ալծաղիկ։ Երկուսն էլ այնքան լավն ու բարի, այնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես միայն իրենք էին այդպիսին բովանդակ աշխարհում։ Միայն թե Ձյունանուշն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Ալծաղիկը՝ ավելի կայտառ ու աշխույժ։

Ձյունանուշը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Ալծաղիկը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ էլ՝ եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ այնքան էին իրար սիրում, որ ձեռք ձեռքի տված գնում այստեղ ու այնտեղ, ու երբ Ձյունանուշն ասում էր.
Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Ալծաղիկը պատասխանում էր.
Երբեք, քանի կենդանի ենք։ Իսկ մերն ավելացնում էր.
Մեկդ ինչ որ կունենաք՝ պետք է կիսեք մյուսիդ հետ։
Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է, ուշանում էին անտառում, ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Մայրն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում։ Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են՝ կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի գեղեցիկ մանուկ։ Այս մանուկը վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում։ Այստեղ երեխաները դիտում են չորս կողմը, տեսնում են, որ մութն ընկել է ու եթե մթան մեջ երկու քայլ էլ արած լինեին՝ պետք է անդունդը գլորվեին։ Գալիս են, իրենց մորը պատմում։ Մայրն ասում է.
Սա անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխաներին։
Ձյունանուշն ու Ալծաղիկը իրենց մոր տնակն այնպես մաքուր էին պահում, որ տեսնելիս մարդու դուր էր գալիս։ Ամառը գլխավորապես Ալծաղիկն էր տան պատրաստում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ՝ երկու վարդ, մինը՝ սիպտակ, մյուսը՝ կարմիր։ Ձմռանը Ձյունանուշն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլ այնպես մաքուր էր սրբում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մայրն ասում էր.
Ձյունիկ ջան, գնա դուռը կողպիր։
Հետո նստում էին բուխարու առաջ։ Մայրը գիրք էր կարդում աղջիկներին, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Նրանց կողքին պառկում էր իրենց գառը, ետևները՝ թառի վրա քնած սիպտակ աղավնին, գլուխը դրած թևի տակ։ Մի իրիկուն էլ, երբ այսպես նստած են լինում, մեկը դուռը ծեծում է։ Մայրն ասում է.
Ալծաղիկ, շուտ վեր կաց, դուռը բաց արա անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։
Ալծաղիկը գնում է, դուռը բացում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի: Տեսնում է, դռան ետևը կանգնած մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է մտցնում իր հաստ գլուխը։ Ալծաղիկը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Ձյունանուշը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը ասում է.
Ինչո՞ւ եք վախենում ինձնից մի՛ վախեցե, ես ձեզ վնաս չեմ տա։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ։
Վա՜յ, խեղճ արջ,— բացականչում է մայրը։ Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի Աղջիկնե՛ր, դուրս եկեք, եկեք այստեղ, արջը ձեզ ձեռք չի տա։ Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտենում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է։ Արջն էլ ասում է.
Երեխեք, թե կարող եք՝ այս իմ բրդի ձյունը թափ տվեք։
Աղջիկները վազում են, ավելը բերում, արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջիկները ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը կատակել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դեսուդեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռչալ՝ ծիծաղից թուլանում են։ Բայց երբ շատ են նեղացնում՝ վռչում է. — Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջիկներ։ Քնելու ժամանակը որ գալիս է, ու աղջիկները գնում են քնեն, մայրն արջին ասում է.
Դե դու էլ օջախի առաջը պառկիր։
Օրը բացվում է թե չէ՝ արջը գնում է դեպի անտառի խորքը։ Այն օրից այս արջը ամեն իրիկուն նույն ժամին գալիս է նրանց մոտ։ Պառկում է օջախի առաջ ու թողնում է հետը խաղան։ Սրանք էլ այնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը չեն փակում։ Ձմեռն անցնում է գարունքն ընկնում է, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Ձյունանուշին ասում է.
Դե հիմա արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնի։
Ո՞ւր ես գնում,— հարցնում է Ձյունանուշը։
Պետք է անտառ գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը, գետնի սառած ժամանակը, նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ՝ այդ գող անպիտանները դուրս են գալիս ու, ինչ որ աչքները տեսնում է, էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։ Արջից բաժանվելու համար շատ է տխրում Ձյունանուշը, իսկ երբ դուռը բաց է անում, որ գնա, հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրա, ու բրդի տակից ոսկու պես բան է պսպղում։ «Երևի աչքիս թվաց»,— մտածում է աղջիկն ու մտքից հանում է այս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը։ Մի օր էլ մայրն աղջիկներին անտառն է ուղարկում, որ գնան ցախ հավաքեն։ Գնում են աղջիկները և տեսնում են՝ անտառում ընկած մի ծառ, ու այս ծառի վրա, խոտերի միջին մի բան այս կողմն է թռչում, այն կողմն է թռչում բայց թե ինչ բան է, գլխի չեն ընկնում։ Մոտենում են, տեսնում են՝ մի թզուկ, դեմքը պառաված, մորուքն էլ սիպտակ ու երկա՜ր։ Մորուքի ծայրը մնացել է ծառի ճեղքում, դեսուդեն է ընկնում ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջիկներին որ տեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.
Ի՞նչ եք կագնել։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։
Այդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Ալծաղիկը։
Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել Ի՞նչ պետք է պատահեր ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոհանոցի համար, թե չէ՝ մեծ փետերից այրվում են մեր կերակուրները, մենք այնքան շատ չենք ուտում, ինչքան դուք: Ծառի ճեղքն էլ այնպես արագ փակվեց, որ չհասցրի մորուքիս ծայրը հանեմ։
Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի մորուքը ծառի ճեղքիցը հանել։
Կացեք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Ալծաղիկը։
Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկ։ Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարող ե՞ք, մի ուրիշ բան էլ հնարեք
Ձյունանուշն ասում է.  — Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։ Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի մորուքի ծայրից կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ՝ իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակում էր պահել ու գնում է քթի տակին փնթփնթալով.
Ա՛յ քեզ անտաշներ եկան այս փառավոր մորուքս կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը
Այսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ նայելու գնուկ է։ Այս դեպքի վրա մի քանի ժամանակ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկ բռնելու։ Գետափին մոտենում են, տեսնում են՝ ծղրիդի նման մի բան ետ ու առաջ է թռչկոտում ու քիչ է մնում՝ ջուրն ընկնի։ Մոտ են վազում, տեսնում են՝ իրենց ծանոթ թզուկը։
Այդ ի՞նչ ես անում այդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Ալծաղիկը։
Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում՝ ինչ եմ անում Չե՞ք տեսնում՝ անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշել
Թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը էր բռնում, հանկարծ քամին փչում է ու մորուքը փաթաթում կարթի թելին։ Հենց այդ ժամանակը մի մեծ ձուկ է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են մորուքը թելից բաժանեն, չեն կարողանում, այնպես խճճված են լինում իրար։ Ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են, դարձյալ մորուքը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է՝ մորուքը էլի կտրել են, սկսում է վրաները ճղճղալ.
Ա՛յ դուք անասուններ, այս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն այսպես այլանդակե՞լ Հերիք չէր էն օրը մորքուքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞ Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը
Վերցնում է իր մարգարտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևում։ Սրանից մի քանի օր հետո մայրն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ այս տեսակ մանրուք գնելու։ Մի քարքարոտ դաշտով անցնելիս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտույտ տվեց ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձայնի վրա աղջիկները վազում են, տեսնում են՝ իրենց հին ծանոթ թզուկը, արծիվը ճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկում ու այնքան են արծվի հետ այս կողմ, այն կողմն ընկնում, այնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է, թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ այս թզուկը նորից իր ճղճղան ձայնով աղջիկներին վրա է պրծնում.
Ի՞նչ արեցիք չէի՞ք կարող ավելի քնքուշ, հը՞ բարակ շորերս պատառոտեցիք թողիք անճոռնի անպիտաննե՛ր
Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփան, քաղաքում իրենց առևտուրն անում են ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են, դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են՝ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե տեսնող չի լինի։ Վերջալույսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն այնպես են վառվում, շողշողում, հուրհուրատին տալիս, որ աղջիկները քարանում են։
Ի՞նչ եք բերաններդ բաց արել, կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս վազում, հարձակվում։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը՝ արջր բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.
Իմ սիրելի, իմ տեր արջուկ, վերցրու, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Տես, թե ինչ շքեղ անգին քարեր են այնտեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, այսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևա։ Ա՛յ, թե ուզում ես ուտես՝ այս անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ լորի պես գեր ու տխլիկ անուշ պատառ են սրանց կեր, քեզ անուշ լինի
Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում, թզուկը տեղնուտեղր հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջը ետևներից կանչում է.
Ձյունանո՛ւշ, Ալծաղի՛կ, մի՛ վախեցեք, սպասե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։
Աղջիկները ճանաչում են, որ սա իրենց սիրելի արջի ձայնն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրայից ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխ ոսկու մեջ.
Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։ Այս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառում թափառելու մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա ստացավ իր արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվա պատկերը։
Այստեղից գնում առնում են անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապա թագավորի տղեն ամուսնանում է Ձյունանուշի հետ, իսկ եղբայրը՝ Ալծաղիկի։ Ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սպիտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը։ 


Գրիմ եղբայրներ | Ձյունանուշն ու Ալծաղիկը Գրիմ եղբայրներ | Ձյունանուշն ու Ալծաղիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 04, 2016 Rating: 5
Технологии Blogger.