Ավետիք Իսահակյան | Ուստա Կարո | համառոտ


Իսահակյանը «Ուստա Կարո» վեպում փորձում է իր կերտած կերպարների խտացված գործողություններով դիտարկել և քննել հայ իրականության էությունը: Ուստա Կարոն աշխատավոր, արարող հայ մարդն է՝ մտահոգված իր երկրի ազատության, ժողովրդի կեցության խնդիրներով, հարևանի հետ ունեցած հարաբերություններով

Ուստա նշանակում է՝ բանիմաց մարդ, որն ինքնարարումով կարողանում է շրջապատի գոյության համար պատասխանատու զգալ իրեն և առաջադրել համակեցության կանոններ: «Ուստա Կարո» վեպն ժամանակի մեջ ընդգրկում է XIX դարավերջը և XX դ. 10-ական թվականները, երբ քաղաքական զարգացման մեջ աշխարհի հզորները չարաշահում են փոքր ժողովուրդների դյուրահավատությունը: Իսահակյանը խոսում է այդ ժամանակ Շիրակի հարթավայրից մինչև Նախիջևան ձգվող բանուկ ճանապարհների մասին, որոնք անցնում էին Ալեքպոլ, Ագուլիս, Ղարաբաղ: Դրանց մեջտեղում էր Երևանը: Սա Ուստա Կարոյի շարժման հետագիծն է: Եվրոպական և ռուսական աշխարհաքաղաքական շահերն այնպիսին են, որ կովկասյան թաթարների բնակավայրը՝ Բաքուն, հարուստ նավթային կենտրոն է, և թաթարները կկարողանան իրենց համար պետություն ստեղծել: Որո՞նք են հայ մարդու անվտանգության երաշխիքները: Նկատի ունենալով հայ Ուստա Կարոյի, թուրք Չավուշի և տվյալ տարածքում բնակված եզդիների ու քրդերի բարեկամության եզրերը՝ գրողը ակնկալում էր համընդհանուր հանդուրժողականություն և միասնական արարում: «Ուստա Կարոն» անավարտ վեպ է: Իսահակյանը տարբեր քաղաքական ժամանականերում է անդրադարձել վեպի իրադարձություններին՝ հերոսին տալով իր ժամանակի դեպքերը մեկնաբանելու հնարավորություն, և նույն հերոսը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է ընկալում այն ժամանակը, որում ինքը ապրում է: Ուստա Կարոյի առաքելական խորհուրդն է՝ արարել, ստեղծել, և իր շրջապատին նա սովորեցնում է, թե ինչպես պետք է գեղեցիկ ապրել՝ դիմակայելով կյանքի դժվարություններին: Ոչ թե ողբը, այլ լավատեսությունն է, որ Կարոյին հնարավորություն է տալիս փյունիկի նման վերածնվել: Ողբերգականը չմերժելով հանդերձ՝ նա փորձում է իմաստնացնել հայ մարդուն: Այս հերոսը փիլիսոփայորեն է նայում իրեն չանհանդուրժողներին և դավաճանողներին: Վեպում հաճախ իրականը հորինվածքի հետ է ներկայանում: Ուստա Կարոն պատմական հիշողությամբ մարմնավորում է հայ մարդու կերպարի և՛ իրականի, և՛ առասպելականի փոխհարաբերությունը, իսկ թագավոր Պլոյի հետ նա հարաբերվում է Կարս մեկնելու և հեղափոխական գործունեության առնչությամբ:
Կարոն՝ հայրենիքի և ժողովրդի ազատության համար պատրաստ, Կայծակի նամակով մեկնում է թագավոր Պլոյի մոտ՝ Ղարս: Սակայն Պլոն, նրան համարելով գործից բացարձակապես անտեղյակ մարդ, որն ընդհանրապես գաղափար չունի քաղաքական իրավիճակի մասին, նամակ է ուղարկում Նախճվանի ՀՅԴ ենթակոմիտեին՝ մատնացույց անելով Կայծակի անխոհեմությունը և կարգադրում դադարեցնել Ուստա Կարոյի հեղափոխական գործունեությունը: Նրան վտարում են ՀՅԴ-ի շարքերից: Նամակի ընթերցումից կաթվածահար՝ գյուղի բնակիչների մի մասը վրեժխնդրության զգացումով է լցվում Ուստայի դեմ: Վերջինիս թվում է, թե գոնե Օսկանը սատար կկանգնի իրեն, բայց՝ ապարդյուն. Կարոյին գյուղից վտարում են, և հերոսի հոգում փլուզվում է երազը՝ տեղը զիջելով դաժան իրականությանը: Վեպում Չավուշի ազգությամբ թուրք լինելը պայմանավորված է դաշնակցական գաղափարախոսությամբ, որն իր պարզած դրոշի տակ էր կոչում նույն հողի վրա ապրող քրդերին, թուրքերին և եզդիներին:
Ե. Չարենցը, վեպին անդրադառնալով, գրել է. «Դա օվկիանոս է, վեպ չէ հավասար Դոն Կիխոտին»: Վեպն հարուստ է խրախճանքի, ուրախության, երգիծանքի տեսարաններով՝ հյուրասիրություն, ամուսնություն, կնունք, տարբեր առիթներով գյուղացիներից յուրաքանչյուրի համար կառուցած աղբյուր, փորած հորի կամ տան վերանորոգման առիթով կազմակերպված խնջույք, քեֆ և ուրախության նկարագրություններ: Ուստա Կարոն մարդ է իր բոլոր մարդկային թերություններով, բայց և օժտված է մեծ կենսասիրությամբ: Վեպը բացվում է գործող հերոսների բնակավայրի՝ Կամսարական աշխարհի նկարագրությամբ: Ի սկզբանե գրողը նկարագրում և գնահատում է այն վայրը, որտեղ տարածական առումով պետք է տեղի ունենան վեպի հետագա գործողությունները: Ահա Երվանդաշատի ավերակները. «Կամսարականների պատմական աշխարհը, Բագրատունիների, Շիրակի հարավային մասը Հյուսիսային կողմը ընկած է Անին: Արևելյան կողմը ուղղաձիգ՝ հյուսիսից հարավ հոսում է Ախուրյանը և Բագարանից ներքև թափվում Երասխի մեջ՝ Երվանդաշատի ավերակների վրա, Կարմիր ապառաժի տակը: Արևմտյան կողմը նստել է Ալաճայի շարունակությունը՝ Յաղլճվա լեռը: Այդ բարձրավանդակից երևում են Կաղզվանի և Կողբա լեռների շղթան, Հայկական պարը, ձյունափառ Մասիսը, Արարատյան դաշտը և լայնանիստ Արագածը: Անմարդաբնակ է այդ ահագին տարածությունը, որի վրա կան մի երկու տասնյակ գյուղեր: Ժողովուրդը բացառապես կազմում են հայերը, քրդերը և եզդիները»: Հեղինակն այստեղ կարևորում է երկու տասնյակ գյուղերում հայերի հետ հարևանությամբ ապրող քրդերի, եզդիների գոյությունը: Մի կողմից՝ Երվանդավանի ավերակներն են, այսինքն՝ պատմակա ժամանակը կանգ է առել, մյուս կողմից՝ Շիրակի, Արազի նկարագիրն է: Թվում է՝ ի սկզբանե հերոսների կերպարներին չանդրադարձած՝ ընթերցողը ականատեսն է դառնում այնպիսի մի բնապատկերի, որը խորհրդանշում է, մի դեպքում՝ պատմական Հայաստանի ավերակները, այլ պարագայում՝ հարահոս փոփոխությունների ենթարկող ժամանակը, մյուս դեպքում՝ արդեն այդ տարածքում ապրող տարբեր ազգությունների մարդկանց, որոնք, ինչպես վկայում է վեպի հետագա շարադրանքը, կողք կողքի ապրելով, անկախ ազգային պատկանելությունից, ի մի են բերում մարդու  պերճանքն ու աղքատությունը: Ուստա Կարոն աշխատել էր Բագարանում, աղբյուրի խողովակներն էր մաքրել, սուրբ Գևորգա մատուռը տանող սանդուղքի աստիճաններն էր նորոգել: Եվ Բագարանի իշխաններն էլ նրան պատվելու համար քեֆ էին սարքել Նրա աջ ու ձախ կողմը ծալապատիկ նստել էին ենթակոմիտեի անդամներ Ուստա Կարոն, փափախը շուռ տված դեպի ծոծրակը, կարմիր թաշկինակը ուսից ձգած Մի քանի երիտասարդ տղերք ծառայում էին՝ ոտաց վրա կանգնած: Իշխանների ներկայությունը փոխաբերական իմաստ ունի. ասել կուզի՝ սեղանին ներկա են անցյալը, ներկան և ապագան՝ մի քանի երիտասարդ: Աշխատավոր մարդիկ՝ Ուստա Կարոն և Չավուշը, փոխլրացնում են միմյանց, քանի որ երկուսն էլ վստահ են, որ ամեն մեկը յուրովի, իր աշխատանքը կարևորելով՝ համակեցություն է ապահովում իր և այլոց համար: Վեպում հայտնվում է Կայծակը և հայտարարում, որ կառավարողները, չցանկանալով միասնական տեսնել տարածաշրջանը, տարված են իրենց նեղ, շահասիրական նկրտումներով. «Ես խաբար ունիմ, որ մեր օսմանլի ախպերտինքն էլ շատ սրված են էնոր դեմ. էս Սուլթանն էր, որ ամեն ինչ թմրեց»: Խնջույքի ընթացքում հայ և թուրք ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների վերաբերյալ տեսակետները հակասական են, քանի որ հենց իր էպիկական կերպարով Ուստա Կարոն մարմնավորում է իրականն ու երևակայականը՝ փորձելով ոչ միայն հայ, այլև թուրք մարդուն դուրս բերել տևական ճգնաժամից. «… գյուղացիք վաղուց գիտեին Ուստա Կարոյին, գիտեին, որ նրա սուտը ղորթից շատ է, և նա էնպես քամիներ է փչում, որի փոշին արևն է ծածկում…»:
Ուշագրավ է վեպում Ռեսի կերպարը: Նա սթափ հայացքով Ուստային իրազեկում է ռեալ իրավիճակի մասին. «Էդ ռուսն էր, էդ ինգլիզն էր, ֆրանցուզն էր, լամսանն էր, տալիացին էր էդ խաչապաշտների աչքի առաջ հայու Ս. Խաչն ու սկիհը քցեցին աղբի մեջ, շների առաջ. էդոնք տեսան ու ծիծաղեցին»: Հայ ժողովուրդը սխալ է իր քաղաքական կողմնորոշումներում. նրա համոզմամբ, միայն քրիստոնյա, խաչապաշտները կարող են օգնել, և այդ պատճառով էլ Ռեսը այդօրինակ երկյուղածությամբ է վերաբերվում հայ ֆիդայիների՝ Անդրանիկի, Սերոբ փաշայի, Արաբոյի, Հրայրի և մյուսների կատարած ազգապաշտպան գործունեությանը: Վեպում ուշագրավ է նաև Հարութի կերպարը. նա հոռետես է, կյանքից դժգոհ և որևէ ակնկալիք չունի ապագայից: «Մարդասպան, աշխարհասպան, աստվածասպան» Հարութը հայի արդարության պաշտպան չի գտնում ոչ երկնքում, ոչ էլ երկրի երեսին. «- Արևելյան կողմն աշխարհիս գել ու Սուլթան նզովված էղնին, գետինն անցնին… - Երկնքի կողմն աշխարհիս, նզովված լինին արև ու աստված, չիք դառնան…»:


Ավետիք Իսահակյան | Ուստա Կարո | համառոտ Ավետիք Իսահակյան | Ուստա Կարո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.