Ռընե Շար | Բանաստեղծություններ


ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
Փորի՛ր – գոչում էր բռնակը,
Արնազեղի՛ր – գոչում էր դանակը,
Եվ երկար հոշոտում էին իմ քաոսը,
Եվ կտրում հանում էին իմ հիշողությունը:

Նրանք, որ սիրում էին ինձ,
Հետո անիծում էին, հետո մոռանում,
Նորից խոնարհվել են ինձ վրա,
Ոմանք լալիս են, իսկ ոմանք ուրախ են:

Քույր իմ, որ խոտն ես երկրի,
Ինչ շուտ վեր սլացար
Դարձար իմ թշնամիներից մեծ,
Իմ երազանքից ավելի ահռելի:

Թարգմանությունը՝  Արթուր Այվազյանի

ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Քաղաքի փողոցներում իմ սերն է: Ինչ փույթ, թե ուր է գնում երկատված ժամանակի մեջ: Իմ սերը չէ այլևս. ամեն ոք կարող է նրա հետ խոսել:
Նա չի էլ հիշում` ո՞վ սիրեց իրեն ճշմարիտ սիրով:
Հայացքների մարմաջների մեջ որոնում է նա իր նմանակին: Իմ հավատարմությունն է անցած տարածքն իր: Նա հույսն է գծում և թեթևորեն վտարում է այն: Անմասն մնալով` ինքը նախապատվությունն է:
Ապրում եմ նրա հոգու խորքերում երջանիկ բեկորի նման: Իր մտքից անկախ իմ մենությունը գանձարանն է իր: Մեծ միջօրեականում, որտեղ նշվում է նրա խոյանքը, ազատությունն իմ փորփորում է այն:
Քաղաքի փողոցներում իմ սերն է: Իմչ փույթ, թե ուր է գնում երկատված ժամանակի մեջ: Իմ սերը չէ այլևս. ամեն ոք կարող է նրա հետ խոսել: Նա չի էլ հիշում` ո՞վ սիրեց իրեն ճշմարիտ սիրով և ո՞վ է հեռվից լույս տալիս նրան, որ վայր չընկնի:

ԻՆՉՈՒ՞ ՀԱՆՁՆՎԵԼ
Օ, պատահական իմ ծանոթուհի, մեր բաց թևերը մոտ են մեկմեկու,
Հավատարիմ է լազուրը նրանց:
Սակայն այդ ի՞նչ է փայլում մեզնից վեր, բարձր, շատ բարձր:
Մեր հանդգնության մեռնող ցոլքերը:
Երբ որ մենք նրան ի վերջո հասնենք,
Երկրին այլևս վիշտ չենք պատճառի,
Կնայենք իրար:

* * *
Չորացող սպիտակեղեն` մերկահագի, անկողնու` լվացքասեղմակների վրա պարանով կախված: Անհոգ տանտերը թողել է այն այնտեղ ողջ գիշեր: Քարերի եւ խոտերի վրա ճերմակին էր տալիս թավշյա ցողը: Օրը խոստանում էր տաք լինել, բայց գյուղը չէր արթնանում: Ամայի հատվածներում ողջ գեղեցկությամբ տիրում էր առավոտը, սեփականատերերը, դեռեւս, ծանր բանալիներով վիթխարի կողպեքների տակից դուրս չեն բերել ոչ դույլ, ոչ գործիք: Թռչնարանը հանրահավաքի էր ելել, ճամփից դուրս ընկած, օդում հառնել էր ամուսնական զույգը, Ջակոմետտիի աշխատանքը: Ասես մերկացած, կամ էլ` ոչ: Նրբին, լուսաթափանց, ինչպես այրված տաճարի վիտրաժները, անկերպարան, ինչպես ինքն իր անբարետեսությունից եւ նիհարությունից ամաչող: Եվ այդուհանդերձ, հպարտ իրենց անվեհերությամբ` նրանց տեսակից, որ կգնա մինչեւ վերջ, չի երերա թավուտի եւ արհավիրքի անողոք լույսի ներքո: Սիրահարները դափնեվարդի, նրանք քարացել են ագարակատերերի տնկիների առջեւ եւ երկար շնչում են նրանց բույրը: Պարանի սպիտակեղենը սարսռում է: Տխմարավուն շունը, նույնիսկ առանց հաչելու, կողմ է նետվում: Տղամարդը շոյեց կնոջ փորը, եւ նա հայացքով քնքշորեն շնորհակալ եղավ: Սակայն նրանց փաղաքշանքից բերկրեց միայն գրանիտե ծածկի տակի խոր ջրհորը` միայն նա որսաց դրա թաքուն իմաստը: Հեռավոր սենյակում, ընկերների գյուղական տանը, քնած էր մեծ Ջակոմետտին:

ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՏԻՏ
Մի սեր, որի բերանը մշուշների փունջ է,
Բացվում է ու անհետանում:
Որսորդը կհետապնդի նրան,
դարանակալը տեղը կգտնի,
Ու երկուսով կատեն իրար,
հետո երեքով իրար կանիծեն:
Սառնամանիք է դրսում, տերևն անցնում է
ծառի միջով:

ԱՅՆ ԾՈՒԽԸ, ՈՐ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԶ
Այն ծուխը, որ տանում էր մեզ, քույրն էր մահակի, որ քար է շարժում և այն ամպի, որ երկինքն է բացում: Մեզ չէր անտեսել, ընդունել էր, ինչպիսին էինք. բարակ առվակներ՝ սնված խառնաշփոթով ու հույսով, ծնոտներին՝ նիգ և մի լեռ՝ հայացքի մեջ:

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՆՐԱՆՑ...
Հետ տվեց նրանց, ինչ այլևս չկա նրանց մեջ,
Կտեսնես նորից հուձքի սերմը հասկում
փակվելիս, խոտերի մեջ խլրտալիս:
Սովորեցրեք նրանց, անկումից վայելք,
իրենց դեմքի ամիսները տասներկու:
Կփայփայեն նրանք ունայնությունն իրենց
սրտի՝ մինչև հաջորդ ցանկություն:
Քանզի ոչինչ չի խորտակվում կամ դուր չի
գալիս մոխրին:
Եվ ով ընդունակ է տեսնել մրգերին դիպչող
հողը,
Բնավ չի հուզի անկումը նրան, թեկուզ
ամեն բան կորցրած լինի:

ԱՍԱ...
Ասա, ինչ որ կրակն է վարանում ասել,
Եթերի արև, հանդգնող ճաճանչ,
Եվ մեռիր, քանի որ ասել ես բոլորի փոխարեն:

ԱՆԽՈՑԵԼԻՆ
Արտասվում եմ, երբ արևն է մարում, քանզի աչքիցս նա թաքցնում է քեզ, քանզի չեմ կարող նրա գիշերվա ախոյաններին համակիր լինել: Հիմա որքան էլ նա ցած է իջել ու չի ջերմացնում, անկարելի է կանխել անկումը, շողաթափումը, պոկել ինչ-որ տենչ իր օրհասական շողարձակումից: Նրա մեկնումը տարրալուծում է քեզ իր խավարում, ինչպես որ տիղմ է պղտորվում ջրի հորձանքների մեջ, հեռու, ծվատված մեր մակույկներում: Հիմա կարծես թե կակուղ վիճակը տարբեր զսպանակներում նույն արդյունքն ունեն: Խոսքիդ օրհներգն էլ ես չեմ ընդունում, հանկարծ իմ կողքին էլ չես հայտնվում լիարժեք տեսքով, ձեռքս արդեն չի բռնում դաստակիդ իլիկն անհանգիստ, այլ ինչ-որ մեռած, ճաքճքած ծառի ծակծկված մի ճյուղ: Սարսուռից բացի ոչ մի գոյություն էլ անուն չունի: Գիշեր է խավար: Բոցավառումը, երբ բռնկվում է, ինձ կույր է տեսնում:

Իսկ իրականում մեկ անգամ եմ ես արտասվել միայն: Ինջնող արևը քո դեմքը կտրեց, և քո գլուխը գլորվեց ընկավ երկնքի փոսը, ու գալիք օրվան չհավատացի:

Ո՞րն է սրանցից մարդն արշալույսի, ո՞րը՝ խավարի:

ՄԵԿԸ ԵՎ ՄՅՈՒՍԸ
Ինչո՞ւ ես անվերջ այդպես շորորում, վարդենի,
տևող անձրևների տակ, քո զույգ վարդի հետ:
Զույգ հասունացած մեղուների պես նրանք
չեն թռչում:
Հոգով-սրտով եմ ես նրանց տեսնում, քանզի
փակվել են աչքերս հիմա:
Ու ծաղիկների վրա իմ սերը թողել է միայն
քամի, նաև ամպ: 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նվարդ Վարդանյան

Տես նաև Գիյոմ Ապոլիներ Բանաստեղծություններ, Լուի Արագոն Բանաստեղծություններ և Պոլ Էլյուար Բանաստեղծություններ

Ռընե Շար | Բանաստեղծություններ Ռընե Շար | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.