Նիկոլ Աղբալյան | Արտագաղթը դեպի Ամերիկա



«Հորիզոնի» անցյալ օրվա և երեկվա համարներում լույս տեսած թղթակցությունները Փոքր – Ղարաքիլիսա և Փոքր – Կարնի գյուղերից գալիս են մի անգամ ևս հիշեցնելու մեր ժողովրդի մեջ վերջերս ծայր առած մի չարիքի մասին, որ հետզհետե սպառնալից չափեր է ընդունում. Դա հայ գյուղացիության արտագաղթն է դեպի Ամերիկա:
Արտագաղթը նոր երևույթ չէ մեր անդրկովկասյան գյուղացիության համար: Նրա նշանները մենք տեսնում ենք դեռ անցյալ դարու 70-ական թվականներին, իսկ 80-ական թվականներից սկսած, երբ Բագվում, Թիֆլիզում և անդրկովկասյան այլ կենտրոններում սկսվում է տնտեսական կյանքի շարժում՝ նա խիստ լայն չափեր է ընդունում: Ներկայումս, կարելի է ասել, մեր գյուղերում ընտանիք չկա, որ մի կամ մի քանի ներկայացուցիչ չունենա որևէ քաղաքում, էլ չենք խոսում ամբողջ ընտանիքներով գաղթածների մասին:
Գաղթականական այս հոսանքի ամենագլխավոր պատճառները անկասկած տնտեսական են:
Այն հողը, որ տասնյակ տարիներ առաջ հատկացված է եղել մեր գյուղացիությանը՝ ներկայումս ի նկատի ունենալով ժողովրդի աճումը, չափազանց անբավարար է նրա կարիքներին բավարարություն տալու համար: Հողի պակասությունը ավելի ևս զգալի է դառնում, երբ ի նկատի ենք ունենում, որ մեր գյուղացու հողագործությունը ներկայումս գրեթե նույն նահապետական ձևով է առաջ տարվում, ինչ-որ տասնյակ և մինչև անգամ հարյուրավոր տարիներ առաջ:
Սակայն և այնպես պետք է նկատենք, որ մեր գյուղացու տրամարդրության տակ գտնված հողն այնքան քիչ է, որ ինտենսիվ երկրագործությունը կարող է միայն որոշ չափով մեղմել սակավահողության չարիքը, բայց վերացնել չի կարող: Այսպիսի պայմաններում հասկանալի է, իհարկե, որ հայ գյուղացին պետք է ստիպված լինի թողնել իր օջախը և դիմել այնտեղ, ուր նրա աշխատանքը գործադրություն է գտնում և արժեքավորվում:
Տնտեսական պատճառի հետ միասին, թեև նրանից ավելի պակաս ուժով, գաղթականության դրդում են հայ գյուղացիներին և քաղաքական ու սոցիալական պատճառները: Տգետ պաշտոնյաների կամայականություններն ու կոպտությունները մի կողմից, զանազան բեկերի ոտնձգությունները երկրորդ կողմից և գյուղական կուլակների դավերը երրորդ կողմից ստեղծում են գյուղում մի անտանելի մթնոլորտ, որի մեջ իր իրավունքները պաշտպանելու անկարող, բայց և սողալու սովորություն չունեցող մարդը դժվարությամբ կարող է ապրել: Իսկ այստեղից հասկանալի է, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է թողնի այդ մթնոլորտը և օտարության մեջ հանգիստ կյանք փնտրի:
Վերոհիշյալ տնտեսական-սոցիալական-քաղաքական պատճառներից առաջացած գաղթականության առաջն առնելու համար դիմել քարոզների և հորդորների՝ անմտություն կլիներ, իհարկե: Այսպիսի գաղթականության դեմ կռվելու համար պետք է չեզոքացնել նրա իրական պատճառները, այսինքն պետք է աշխատել մի կողմից՝ ընդլայնել գյուղացու հողը, ինտենսիվ դարձնել նրա տնտեսությունը, ինքնօգնության ընկերակցությունների միջոցով ազատել նրա վաշխառուների և զանազան գյուղական տզրուկների ճիրաններից և մյուս կողմից՝ զարգացնել նրա իրավազգացողությունը, որպեսզի նա կարողանա դիմագրավել վարչական ապօրինություններին, բեգական ոտնձգություններին և գյուղական կուլակների մեքենայություններին:
Սակայն այն գաղթականությունը, որ դեպի Ամերիկա է ծայր տալիս, արդյունք է ոչ միայն վերոհիշյալ տնտեսական և սոցիալ քաղաքական պատճառների, այլև այն տգիտության, որ ունի մեր գյուղացին Ամերիկայի կենսական և հասարակական պայմանների մասին:
Ամերիկայում, շնորհիվ մեքենական արդյունաբերության զարգացման, աշխատանքը այնքան պարզ մասերի է բաժանվել, որ վարժված բանվորների կարիքն այստեղ գրեթե այլևս չէ զգացվում: Շնորհիվ այդ աշխատանքի բաժանման և կազմակերպության, կիսապուշ ներգրերն էլ այնտեղ կարողանում են ամենաբարդ և ամենանուրբ ապրանքներն արտադրել:
Այսպիսի հանգամանքներում ամերիկացի արդյունաբերողի համար խիստ ձեռնտու է փոխանակ տեղական կրթված բանվորների՝ բանացնել ներգրեր, չինացիներ, հնդկացիներ, թյուրքեր, հայեր և այլն, որովհետև վերջիններս չունենալով այն կուլտուրական պահանջները, ինչ որ ունեն առաջինները՝ նրանցից շատ ավելի աժան գնով են աշխատում: Բայց այդ աժան գինն էլ մեր տեղական աշխատավարձի համեմատությամբ շատ մեծ է երևում. հայ գեղջուկը, որ իր գյուղում օրական 30-50 կոպ. աշխատավարձից ավելին չի տեսել, հանկարծ հրավեր է ստանում օրական 2, 3 մինչև անգամ չորս րուբլիով աշխատելու: Հասկանալի չէ՞, որ այդ գների անունը լսելիս նրա ախորժակը բացվում է և նա հափշտակվում է Ամերիկա գաղթելու մտքով:
Այս հափշտակությունը չէր լինի, եթե, ինչպես ասացինք, գաղթելու պատրաստակամ մեր գյուղացիները տեղյակ լինեին այն աշխատանքի պայմաններին, որոնց տակ նրանք ստիպված են լինելու ճկել իրենց մեջքը խոստացած հրապուրիչ վարձի փոխարեն:
Այն մեքենական արդյունաբերությունը, որ աշխատանքը այնքան պարզ մասերի է վերածել, միաժամանակ այնպիսի լարման է հասցրել մարդկային մկանների գործունեությունը, որ ամերիկացի բանվորը օրական ութ ժամից պակաս չաշխատելով հանդերձ՝ 35 տարեկան հասակից դենը արդեն աշխատանքի համար անպետք է նկատվում: Դանդաղ աշխատանքի սովոր հայ գյուղացին այդպիսի լարված աշխատանքի հազիվ 4-5 տարի կարող է դիմանալ, որից հետո նա իբրև անդամալույծ պետք է վտարվի գործարաններից:
Սակայն չարիքը դրանով չի սահմանափակվում: Օտար բանվորներին սովորաբար աշխատանք են տալիս այնպիսի վայրերում և այնպիսի գործերի մեջ, որոնք սպանիչ ներգործություն ունին մարդկային օրգանիզմի համար: Այդպիսի տեղերում Ամերիկայի բանվոր աշխատեցնելը ձեռնտու չէ ոչ միայն նրա պահանջած բարձր աշխատավարձի, այլև այն պատճառով, որ ամերիկական մահացությունը թանկ է նստում արդյունաբերողի վրա, որովհետև նա ստիպված է որոշ հատուցումն տալ մեռնողի մերձավորներին: Մինչդեռ օտար բանվորի մահը այդպիսի դժվարություններ չէ պատճառում նրան. ո՞վ է օտար որբերի, նրա վշտակարոտ ծնողների մասին մտածողը:
Վերջապես ի՞նչ է ներկայացնում Ամերիկայում այն աշխատավարձը, որով այնքան հրապուրվում է մեր գյուղացին: Կյանքն Ամերիկայում այնքան թանկ է, որ աշխատավարձի կեսը, իսկ շատ դեպքերում երեք քառորդը, հազիվ բավականացնի նրա ապրուստի համար: Այնպես որ, վերջին հաշվով, մեր գյուղացուն առաջարկվող աշխատավարձը այն չէ լինելու, ինչ որ թվում է նրան այստեղ:
Այս հարևանցի դիտողություններն էլ բավական են համոզելու, որ Ամերիկան այն դրախտը չէ, ինչ որ երևակայում է հայ գյուղացին, իսկ եթե սրա վրա ավելացնենք լեզվի անգիտությունը, երկրի օտարությունը, զանազան խաբեբաներից պաշտպանվելու անկարողությունը և այլն, կտեսնենք, որ այդ երևակայական դրախտը մի իսկական դժոխք է լինելու նրա համար:
Մենք կարծում ենք, որ մեր գյուղական ազգաբնակչությանը պարզելով այս հանգամանքները, կարելի կլինի հակազդել ամերիկական հրապույրներին և այս տնաքանդ գաղթականության առաջն որոշ չափով գոնե առնել: Եվ մեր գյուղական ինտելիգենցիան չպետք է թերանա իր պարտքը կատարելու: Հրապարակական դասախոսությունների, մասնավոր զրույցների և համապատասխան ընթերցանության միջոցով նա պետք է ցրե այս «ամերիկական դրախտի» իլյուզիան մինչ այն աստիճան, որ մեր գյուղացին գերադասեր իր «ծանոթ հավերին» հանդուրժել նորից, քան թռչել դեպ նոր և անհայտ ցավեր:
1913 թ.

Տես նաև Ալբերտ Կոստանյան Առաջին հանրապետության դասերը և Գարեգին Նժդեհ Մտքեր

Նիկոլ Աղբալյան | Արտագաղթը դեպի Ամերիկա Նիկոլ Աղբալյան | Արտագաղթը դեպի Ամերիկա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.