Նիկոլ Աղբալյան | Ս. Գրքի թարգմանության մասին


Պետք ունեցա ստուգելու կողով, սակառ և այս կարգի բառերի նշանակությունը: Համեմատելով Համաբարբառի կոչումները հույն բնագրի հետ, ես արի մի քանի դիտողություններ, որ հանձնում են հմուտների ուշադրության:

Սակառ բառը չորս ավետարանների մեջ պատահում է վեց անգամ և բոլոր դեպքերում դրված է հուն. kopsinos բառի դեմ: Իսկ զամբիղ բառը, որ մեր այսօրվա զամբիլն է կամ զամբյուղը, պատահում է չորս անգամ երկու ավետարանի մեջ (Մատթ. և Մարկ.) և չորս դեպքում էլ գրված է հուն. spuris բառի դեմ: Կարելի է սրանից եզրակացնել, որ չորս ավետարանները միևնույն մարդն է թարգմանել, որ միևնույն հունարեն բառը միշտ հասկացել է նույն իմաստով և Հայերեն նույն բառն է համարժեք նկատել և գործածել:
Բայց ահա kartallos բառը, որը սրածայր զամբյուղ է նշանակում և պատահում է Դ. Թագավորությանց, Բ. Օրինաց և Երեմիայի մարգարեության մեջ: Այս միևնույն հունարեն բառը երեք տարբեր գրքերի մեջ թարգմանված է երեք տարբեր բառերով: Դ. Թագավորությանց մեջ գրված է կողով. «և եդին զգլուխս նոցա ի կողովս» (Ժ, 7):
Բ. Օրինաց մեջ գրված է կողոփ. «և արկցես ի կողոփ». և առցե քահանային զկողոփն ի ձեռաց քոց» (ԻԶ. 2,4). Իսկ Երեմիայի մարգարեության մեջ դրված է ոճ. «Զի այսպէս ասէ Տէր զօրութեանց. կթեցեք, կթեցեք, ճռաքաղ արարէք զմնացորդսդ Իսրայէլի և անդրէն կրկնեսջիք, որպէս կթող յոճ իւր»: Եթե այս երեք գրքերի թարգմանիչը նմույն մարդը լիներ՝ միևնույն հունարեն բառը միշտ նույն իմաստով կհասկանար և նույն բառով կթարգմաներ, ինչպես արած է Ավետարանների թարգմանիչը: Մենք կարծում ենք, որ միևնույն բառի այս տարբեր ըմբռնումը և տարբեր համարժեքների կիրարկումը արդյունք է թարգմանիչների տարբերության:
Գալով կողով և կողոփ բառերին՝ բառերին՝ կարծում ենք, որ սրանք նույն բառերն են, նկատելով, որ Փ.-ը Պ-ի միջոցով լծորդ է Բ-ին, իսկ սա Վ և Ւ հնչյուններին. aյդպես են գործիականի հոլովակերտ գրերը Ւ. անձամբ բանիւ, գործով. այդպես են օրինակ, պարսկ. Սելաբ և գաւառ. սելաւ բառերի վերջին Բ-ն և Ւ-ը. երկու բառն ևս նշանակում են հեղեղ: Կողոփն և կողովը նույն բառի գավառական արտաբերումներն են, ինչպես, օրինակ հօ՛պ և հո՛փ միջարկությունները: Սրանից կարելի է եզրակացնել, որ Ե. դարում բարբառներ կային, ինչ-որ ենթադրելի էր և ենթադրված են արդեն, և ապա՝ որ Դ. Թագավորության և Բ. Օրինաց թարգմանիչները ոչ միայն տարբեր անձեր են, այլև տարբեր գավառներից են: Միևնույն առարկային մեկի մայրենի բարբառում ասել են կողոփ, մյուսի բարբառում՝ կողով և թարգմանիչներն ամեն մեկն իր մայրենի բարբառի հնչումով դրել է միևնույն բառը նույն հունարեն բառի դեմ, որ հասկացել են նույն իմաստով և արժեքավորել նույն բառով, թեև տարբեր արտաբերությամբ:
«Մի ծաղկով գարուն չի գա»,- կմտածի ընթերցողը: Անշուշտ. բայց մի ծաղիկը նշան է, թե գարունը գալիս է. եթե ուշադիր նայող լինի գուցե ավելի շատ ծաղիկ գտնի: Դրա համար պետք է ավելի հմտություն, քան ունիմ, և ավելի ժամանակ: Եթե առնվի Համաբարբառը և և մի շարք այս կարգի բառեր համեմատվին հույն բնագրի հետ, կարելի է հաստատորեն գտնել, թե քանի՞ հոգի են եղած թարգմանիչները: Իմ գտածը թող նպաստ լինի այդ համբերատար աշխատողին:.
Նկատենք նաև, որ Գործք Առաքելոցի մեջ (Թ. 25) կարդում ենք. «և առեալ զնա (այսինքն Պօղոսին աշակերտացն ի գիշերի՝ ընդ պարիսպն կախեալ իջուցին վանդակաւ: Վերջին բառը դրված է հուն. spuris բառի դեմ, որ նշանակում է կլոր հյուսած սակառ կամ կողով, հատկապես հացի և ձկան համար: Միևնույն «վանդակ» բառը կիրարկված է և Կորնթ. Բ. թղթի մեջ (ԺԱ. 33) այս անգամ Պողոսն ինքն է խոսում իր փախուստի մասին. «և ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, և փախեայ ի ձեռաց նորա»: Այստեղ «վանդակ» բառը դրված է հուն. sariane բառի դեմ, որ նշանակում է ուռենու հյուսած թարմ ոստ, ուստի նաև կողով: Պարզ է, կարծում եմ, որ Գործքի թարգմանիչը և Ավետարանի թարգմանիչը տարբեր անձեր են, այլապես միևնույն հունարեն բառի դեմ մի տեղ չէին դնի «զամբիղ», մի ուրիշ տեղ՝ «վանդակ»: Նույնը չենք կարող ասել Կորնթ. Բ. թղթի թաքրգմանիչի մասին. կարող է պատահել, որ հայերեն բառերը բավական չեն եղած սակառների բազմազանությունը արտահայտելու համար, ուստի միևնույն հայերեն բառը գրված է երկու տարբեր հունարեն բառերի դեմ, որ սակայն մոտավորապես նույն բառն են նշանակել:   

Նիկոլ Աղբալյան | Ս. Գրքի թարգմանության մասին Նիկոլ Աղբալյան | Ս. Գրքի թարգմանության մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.