Հրաչյա Աճառյանի նամակը Հովհաննես Թումանյանին


1916, նոյ. 6, Ն. Նախիջևան

Հարգելի Պր. Յ. Թումանեան,
Երբ ստորագրվեց Հայոց Համաձայնագիրը և Պր. Հօֆը մեկնեց Հայաստան, ես էլ շատերի հետ մտածեցի թէ ահա եկել է խաղաղ աշխատանքի ժամանակը: Ես այն ժամանակ մտածեցի անցնել Վան, հաստատուել այնտեղ, իմ սեփական միջոցներով բանալ Հայ լեզվաբանութեան Բարձրագոյն դասընթացներ, հաւաքել ինձ մօտ մի քանի աշակերտ, աշխատել որքան իմ ուժերը կը ներէին: Եթե հասարակութիւնը կամ նորակազմ կառավարութիւնը ինձ օգնական կը հասնէր, աւելի լաւ. իսկ եթէ ոչ՝ միևնոյն է, ես կաշխատեի իմ կարողութեան չափով: Այդ պիտի լինէր, եթե կարելի է ասել, առաջին հայագիտական համալսարան:

Այսպիսի համեստ ծագում ունեցել է նաև Պարիզի Սորբոնը՝ որի աշակերտներից եմ նաև ես:
Իմ մտադրութեան մասին գրել էի նաև իմ ուսուցիչ հայագէտ Մէյյէյին, որ սակայն խորհուրդ տուեց ինձ չշտապել և մի քիչ էլ սպասել, մինչև բարենորոգումների գործադրութիւնը:
Վրայ հասաւ պատերազմը և ամէն բան կերպարանափոխուեց:
Այժմ Ձեր նամակը գալիս է վերարծարծելու իմ մտքերը և նրանց գործադրութեան մի ուրիշ ճանապարհ ցոյց տալու:
Հոգով համակրում եմ Ձեր գործին և ինձ ամբողջապէս դնում եմ Ձեր տրամադրութեան տակ:
***
Ինչպես գրում էք, դասընթացը պիտի ունենայ երեք բաժին.
Ա. Հայերեն լեզու.
Բ. Պատմութիւն (Հայոց Քաղաքական պատմութիւն, եկեղեցական պատմութիւն. Քաղաքակրթութեան պատմութիւն, Հնագիտութիւն, Հնագրութիւն, Ազգագրութիւն, Դրամագիտութիւն):
Գ. Հայոց գրականութիւն:
Այս երեքից միայն առաջին բաժնում կարող եմ ես օգտակար լինել: Առաջին բաժինը, ըստ իս պէտք է պարունակէ հետևեալ առարկաները.
Ա. Լուզուներ
1. Հունարէն
2. Լատիներէն
3. Սանսկրիտ
4. Ֆրանսերէն
5. Գերմաներէն
6. Անգլերէն
7. Զանդկերէն
8. Հին պարսկերէն
9. Պահլավերէն
10. Նոր պարսկերէն
11. Քրդերէն
12. Թուրքերէն
13. Արաբերէն
14. Հայ բևեռագրութիւն

Բ. Ընդհանուր լեզվաբանութիւն
15. Համեմատական լեզվաբանութիւն
16. Ձայնաբանութիւն
17. Լեզվաբանութեան պատմութիւն

Գ. Հայ լեզվաբանութիւն.
18. Հայերէնի համեմատական քերականութիւն
19. Հայերէն լեզուի պատմութիւն
20. Բառբառագիտութիւն
21. Հայ լեզուաբանութեան պատմութիւն:
Ուսումը կտևի երևի առնուազն երկու տարի (Ֆրանսիայում երեք տարի է, անպատրաստների համար չորս տարի, Գերմանիայում աւելի): Բայց ճշմարիտ հայէրենագետը պարտավոր է վերոհիշեալ բոլոր առարկաներից քիչ թէ շատ ծանօթութիւն ունենալ: Եթէ հարկ լինի, ես կարող եմ վերցնել յիշեալ առարկաներից մի որոշ թիւ: Կարելի է նաև 15 և 17 միացնել 18 և 21 համարների հետ, որով առարկաների թիւը կիջնե 19-ի. 14-րդը շատ կարճ ժամանակի է կարօտ. իսկ երեք նոր լեզուներից մի քանիսը կարող են արդեն աշակերտներին ծանօթ լինել, գիմնազիաւարտները գիտեն նաև լատիներէն, ինչպէս նաև մեր թեմականի (Նոր Նախիջևանի) ընթացաւարտները, որով առարկաների թիւը աւելի զեղչուելով՝ կը հասնի մօտավորապես 15-ի:
[…]
Յարգանքներով՝
Ձերդ Հ. Աճառեան

Հրաչյա Աճառյանի նամակը Հովհաննես Թումանյանին Հրաչյա Աճառյանի նամակը Հովհաննես Թումանյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.