Պարույր Սևակ | Եռաձայն պատարագ | համառոտ



«Եռաձայն պատարագ» պոեմը Սևակի հայրենասիրական տրամադրությունների վերջին արտահայտությունն է, որը մենախոսության ձևով ընդհանրացնում է Մաշտոցին և Կոմիտասին, հայոց լեզուն և հայ ժողովրդին նվիրված նախորդ բոլոր երկերում արծարծված հիմնահարցերը: Այն ամենը, ինչ նախորդ գործերում պատմական նյութ էր, այստեղ դառնում է ընդհանրական խոհ: Հեղինակը, նախ, փորձում է բանաձևել իր ժողովրդի պատմական ուղին՝ «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց», և ապա՝ այդ ուղին դիտել համաշխարհային պատմության խաչուղիների մեջ: Պոեմն սկսվում և ավարտվում է զանգի պատկերով: Կարծես շարունակվում է «Անլռելի զանգակատան» մտահղացումը: Բայց եթե այնտեղ զանգակատունը մշտահունչ էր, ապա այստեղ զանգակատան զանգերը կործված են գետնին և հավերժորեն լուռ են՝ ինչպես եգիպտական բուրգերի առջև չոքած սֆինքսը: Այդ զանգերը Մեծ և Փոքր Արարատներն են: Բանաստեղծը դառնում է այս վիթխարի զանգերի զանգահարը, բառերի վերածում նրանց լուռ ղողանջը, որ գալիս է դարերի խորքից: Ամեն ինչ սկսվում և ավարտվում է հափշտակված պատմական հայրենիքի ու բյուրավոր նահատակների հիշատակի ոգեկոչումով:

Չարենցի հայտնի պատգամի նման՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» («Պատգամ»), Սևակը ևս իր պատգամն է հղում. «Դու այսուհետև ժողովվես պիտի, Նախ ինքդ քո մեջ, Եվ ապա քո շուրջ…»: Դրա հետ մեկտեղ՝ նա արծարծում է նաև հայրենիքի ու ժողովրդի միավորման այս տեսակետը.

Մեր… հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՛նք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց…

Պարույր Սևակ | Եռաձայն պատարագ | համառոտ Պարույր Սևակ | Եռաձայն պատարագ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.