Պոլ Գոգեն | Նամակ Ավգուստ Ստրինդբերգին



Այսօր ստացա Ձեր նամակը, նամակ, որն իմ կատալոգի առաջաբանն է: Այդ առաջաբանը Ձեզնից խնդրելու գաղափարը իմ մտքում ծագեց, երբ Ձեզ տեսա իմ արվեստանոցում կիթառ նվագելիս և երգելիս: Ձեր կապույտ հյուսիսային աչքը ուշադիր զննում էր պատերից կախված նկարները: Ես մի տեսակ նախազգացում ունեցա, կարծես ապստամբություն էր սպասվում, իսկական բախում Ձեր քաղաքակրթության և իմ բարբարոսության միջև, քաղաքակրթություն, որից Դուք տառապում եք և բարբարոսություն, որն ինձ երիտասարդացնում է:

Իմ ընտրած Եվայի առջև, որին նկարել եմ մի ուրիշ աշխարհի ձևերով ու ներդաշնակություններով, Ձեր հիշողության մեջ թերևս հառնում է ցավագին մի անցյալ: Եվան, ըստ Ձեր քաղաքակիրթ ըմբռնման, ձեզ և մեզ համարյա բոլորիս դարձնում է կնատյաց: Հնօրյա Եվան, որ իմ արվեստանոցում Ձեզ վախեցնում է, մի գեղեցիկ օր կարող է Ձեզ ժպտալ ոչ այնքան դառնորեն:
(…) Իմ նկարած Եվան (միայն նա) կարող է տրամաբանորեն մերկ մնալ մեր հայացքի առջև: Ձերը, այդ բնական վիճակում, չէր կարողանա քայլ իսկ գցել առանց անամոթ համարվելու, և մնալով գեղեցկուհի (թերևս), կդառնար չարի և ցավի մարմնավորում:
Որպեսզի ավելի հասկանալի դարձնեմ միտքս, կհամեմատեմ ոչ թե այդ երկու կնոջն ուղղակիորեն, այլ մաորի կամ թուրանի լեզուն, որով խոսում է իմ Եվան, և այն լեզուն, որով խոսում է Ձեր՝ ընտրյալների ընտրյալ կինը, թեքական լեզու, եվրոպական լեզու:
Օվկիանոսային լեզուների մեջ, որոնք բաղկացած են էական սկզբնական տարրերից և որոնք պահպանվել են իրենց նախնական վիճակով, մեկուսացված կամ պարզապես իրար զոդված՝ առանց հղկման մտահոգության, ամեն ինչ մերկ է ու նախաստեղծ: Մինչդեռ թեքական լեզուներում արմատները, որոնցից նրանք սկիզբ են առնում, ինչպես բոլոր լեզուներում, անհետանում են առօրյա գործառնության մեջ, գործառնություն, որ ջնջում է նրանց ռելիեֆը և ուրվագծերը: Դա կատարելագործված խճանկար է, ուր այլևս չես տեսնում քիչ թե շատ կոպիտ միացած քարերի ծայրակցվածքը, այլ միայն զմայլվում ես քարե հոյակապ գեղանկարչությամբ: Միայն փորձառու աչքը կարող է տարբերել կառուցվածքի միջոցները:
Ներեցեք այս երկար բանասիրական շեղումի համար, ըստ իս, դա անհրաժեշտ է վայրենու նկարը բացատրելու համար, որ պիտի օգտագործեմ, որպեսզի ներկայացնեմ թուրանական մի երկիր և ժողովուրդ: (…)

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սոֆի Ավագյան

Պոլ Գոգեն | Նամակ Ավգուստ Ստրինդբերգին Պոլ Գոգեն | Նամակ Ավգուստ Ստրինդբերգին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 09, 2017 Rating: 5
Технологии Blogger.