Աղասի Այվազյան | Մեռնելուց մեռնել




Ձկան խանութի մեջ ջրավազանը համարյա միշտ բերնեբերան լցված է կենդանի ձկներով: Դա հիմնականում Այղր լճի ծածանն է: Սովորաբար ձկները իրար վրա են լինում, խիտ-խիտ, ծանր-ծանր, անօդ ու անջուր: Դժվար է հասկանալ՝ նրանց ջուր է ավելի պետք, թե՞ օդ, որովհետև նրանք բոլորը իրար հարվածելով, իրար վրա ելնելով, բերանները ջրի միջից դուրս են հանում՝ մի պուտ օդ շնչելու համար… Գուցե  այդ նրանից է, որ ներքևում ջուր համարյա այլևս չկար, և եղածի մեջ էլ այլևս ոչ թթվածին կա և ոչ ձկի համար կենսատու որևէ բան… Այդպես նրանք, որոնելով  իրենց համար սննդի նվազագույնը, հարմարվում են օդին, ցանկանում են օդ, նույնիսկ պայքարում դրա համար…

Ձկներից մի քանիսը երեկվանից մնացածներն էին և արդեն անշնչացած, ու, երբեմն-երբեմն, դեռևս կենդանի ձկների պայքարից, երբ ջրում խլրտոց էր սկվում՝ ամեն ինչ խառնելով իրար, նրանց դիակները վեր էին ելնում:
- Թարմ ձուկ ամե՞ն օր եք ստանում,- հարցրի վաճառողին:
- Ամեն օր…
Գնորդները վերցնում էին մի քանի հատ միանգամից:
- Կենդանի ձուկ տուր… - պահանջեց փլված այտերով կինը:
- Բոլորն էլ կենդանի են… - ասաց վաճառողը: - Հետո՝ ինչիդ է պետք չափազանց կենդանի… Մինչև սատկացնես՝ հոգիդ դուրս կգա… Ծածանը ուշ է մեռնում… Հենց տուն տարար՝ կկենդանանա…
- Ճիշտ է… - միջամտեց լայն քթարմատով մի տղա: - Ես երեկ դանակով կտրեցի՝ էլի շնչում էր…
Կինը կարծես խղճաց կամ վախեցավ ու սուսուփուս տարավ իր ձուկը:
Շնչելու համար պայքարը ավազանում ահագնացավ: Նրանցից մեկը, երևի դեպի օդը կողերով ճամփա բացելու ժամանակ, կորցրել էր իր ձկնաթեփուկը: Ասես խոհարարն արդեն սկսել էր մաքրել նրա մաշկը. դժվար էր այդ տեսնել կենդանի ձկան վրա: Մարդու երևակայությունը մեծ է և բխում է իր վրա ստուգելուց: Ես զգացի այն ցավը, որ նա կարող էր ունենալ: Հետաքրքիր է, այս ավազանում է պատահել, թե մեքենա-տակառի մեջ, որտեղ առավել նեղվածք է, և, Աստված իմ… մի տուր երևակայություն այս խեղճ արարածներին… Ուրեմն, մինչև այս ավազանն ընկնելը, նա տառապանքի, ցավի մի երկար ճանապարհ է անցել… Ես ուզեցի պատկերացնել այդ ճամփան. Այղր լճում բռնեցին ուռկանով: Ուռկանի մեջ նրանք կռվում էին տեղի համար. ուռկանը նեղ է և սեղմում է. ուրեմն ուռկանը ամենադժվարն է եղել… Ուռկանից հանել գցել են մի այլ տնտեսության ուրիշ մեծ ավազան… Այդ ավազանում շատերի, դրանց թվում նաև այս բզկտված ծածանի, շնչառությունը կամաց-կամաց պակասել է… Ապա նրանց տեղափոխել են մեքենա տակառ: Մինչև մեքենան կհասներ այս խանութը, նրանցից շատերը շնչահեղձ են եղել. այդ նշանակում է, որ նրանց ուղեղներում իրար են խառնվել մանկության հուշերն ու այն փոքր ու քաղցր պահերը, որ երբևիցե ունեցել են իրենց պղտոր ջրերում: Այդ նշանակում է, որ մթագնել են պատկերները նրանց աչքերում, որ նրանք կռվել են մահու դեմ, ցանկալով հանգիստ և ուզելով մահ: Բայց կռվել են, որովհետև մեռնելը, իրենց ձեռքում չէ և ապրելն էլ իրենց ձեռքում չէ… Ու այն է, վերջապես, երկար հոգևարքից հետո, վերջին կում շնչառությունն է փոքրացել ու չարացել նրանց կոկորդում, և վերջապես նրանք զգացել են երջանիկ նիրհի վիճակը, այն երջանիկ ու հավերժ վիճակը, որ հանգստություն է կոչվում, երբ մեքենայի միջից հանել են նրանց ու լցրել խանութի թարմ ջրով ավազանը: Ու կրկին, օ, դժբախտություն, կյանքը վերադարձել է իր համառությամբ ու կսկիծով, զվարթ ուժով ու հեռանկարի անտրամաբանությամբ: Ամբողջ մի օր նրանք նորից ապրել են կողերով իրար հրելով, բերանները վեր պարզած… Եվ զգացել են կյանքի շրջապտույտը…
Ես վերցրի ձկնաթեփուկը թափած ծածանը և սկսեցի մտածել ու երևակայել նրա մասին:
***
Նա միանգամից մի քանի դժբախտություն ուներ: Առաջինը՝ նա ձուկ էր ծնվել. երկրորդը՝ եթե ձուկ էր ծնվել, գոնե շնաձուկ լիներ կամ թառափ… թե չէ՝ ծածան: Բերանում ատամ էլ չկար, հար էր ու ողորկ, ինչպես սոխի թաց ցողունի ներսը: Երրորդը՝ եթե ծածան էր ծնվել, գոնե ջրառատ տեղ ծնվեր, որտեղ լայնահուն գետեր կան, թե չէ՝ ծնվել էր Հայաստանի մի փոքրիկ արհեստական լճակում… Չորրորդը՝ եթե ամեն ինչ այդպես էր ստացվել, ամեն ինչ այսօրինակ ոչ ձեռնտու զուգակցել էր՝ ծնվել էր ձուկ, ծնվել էր ծածան, ծնվել էր արհեստական ցեխոտ լճակում որբ ու մենակ, գոնե բնավորությամբ ուրիշ լիներ՝ անզգա, անխիղճ և ճարպիկ… թե չէ՝ այստեղ էլ ամենաաննպաստ բնավորությունն էր նրան տրված՝ նույնիսկ ծածանների մեջ ծածան էր. իր կերը զիջում էր ուրիշներին, իր քնելու տեղը տրամադրում հարևաններին…
Նրա մարմինը հոգնել էր, ու հաճախ շնչառությունը կտրվում էր, շրջապատը մթագնում, և նա հաճույքով զգում էր, որ ահա ամեն ինչ կվերջանա, ու նա այլևս ոչինչ չի զգա՝ ոչ կողքի հարվածները, ոչ պղտոր ջրի գարշահոտությունը, ոչ անորոշ վախը, որ ամեն րոպե արթնանում էր մարմնում և թուլացնում մսերը…
Եվ մի պահ մոտեցավ թմրեցուցիչ անէության հաճույքը, և նա հաշտվեց ու ցանկացավ անէությունը, ինչպես լավագույն վիճակ… Ու մի խլրտում, ջրի պայթյուն պտտեցին նրան: Նա տեսավ իր շարժվող ուռկանի վանդակապատ երախը: Վրա-վրա եկան ձկները, գլուխ ու ոտ, ոտ ու գլուխ, սեղմվեցին իրար, քերեցին իրար, պոկեցին իրար թեփուկներ, փախչելով ցանցից ավելի էին մտնում՝ խիտ-խիտ, ցեխով ու կավով, տիղմով ու աղբով: Ծածանը ահռելի ցավ զգաց, տեսավ շոշափեց, որ իր մարմնի համարյա կեսը մերկ է, պոկել են իր թեփուկները և լերկ միսն է երևում՝ նուրբ, կակուղ, երակները դուրս… Ծածանը այլևս ժամանակ չունեցավ հասկանալու ինչն-ինչոց է, նա գլուխնիվայր, ծալվելով ու շնչահեղձ հայտնվեց մեքենայի տակառի մեջ: Հետո տակառը շարժվեց ու սկսեց հարել ձկներին. ամեն շարժումից ծածանի մարմինը սրսռում էր, անսովոր վիճակ ապրում՝ կարծես հույս ունենալով, որ կաճեն թեփուկները, կրկին կծածկեն քերթած մարմինը: Ու վերստին նա սկսեց գիտակցությունը կորցնել և ընկղմվեց մի անզգա երանության մեջ. ամեն ինչ փափուկ էր, ամեն ինչ քաղցր, օրորուն, լուռ… Վերջապես հանգստանում է, և թե դա ինչ է՝ չգիտե… Եթե մահն է, ապա դա երջանկություն է, և ինչո՞ւ կենդանություն է օրոք չգիտեն, որ դա մեծ հաճույք է… Միայն ոտքը շեմից ներս դնելուց հետո ես զգում այդ մեծագույն հաճույքը… Մեռնե՜լ, մեռնե՜լ… ծածանը ժպտում էր անէության հաճույքից, նա թեթև էր ու հստակ տեսնում էր, թե ինչպես ինքը հեռանում էր իր մարմնից… Ու ինչքան ազատ ու երջանիկ է ինքը առանց մարմնի… Ու հանկարծ սթափվեց և սկսեց կենդանանալ… Այդ սարսափելի կենդանությունը. մեռնելուց ավելի դժվար, մեռնելուց ավելի դաժան… Մեքենայի տակառը շրջեցին ձկան խանութի ջրավազանում: Ծածանը մի պահ սոսկաց, որ ինքը կենդանի է, բայց երկրորդ վայրկյանին նա վախեցավ իր անէությունից և սկսեց հաճույք զգալ ապրելու, շարժվելու ցանկությունից…
Ես գնեցի, չգիտեմ ինչու, հատկապես նրան, խղճացի, որ ձկնաթեփուկը պակաս էր նրա վրա, թե՞ ուղղակի հեշտ էր նրան մաքրելը. չէ՞ որ մասն արդեն մաքուր էր: Կամ գուցե վաճառողի խորհրդով՝ նրան սպանելու կարիք չկար, և ես ազատ էի նրան միս դարձնելու տառապանքից, խղճի ու երևակայության լացկան երերումներից: Նա անշարժ էր, անշունչ և ես հանգիստ էի, որ իմ երևակայած նրա վիճակները ետևում են մնացել, ու նա հիմա գոնե հանգիստ էր: Այնքան երանելի հանգստի մեջ, կյանքի իրարանցումից արդեն ազատ, կյանքից ազատ…
Տանը չգիտեի ձուկը ուր դնեմ. տղամարդու սովորական վիճակ: Սառնարանում տորթ էր, ձուկը իր հոտը կարող էր հաղորդել, սեղանը ամբողջովին մրգով էր զբաղված: Ես այս ու այն կողմ նայելով, ձուկը գցեցի ջրով լի լոգարանի մեջ (ջուրը գալիս է միայն մի քանի ժամ օրեկան, և լոգարանը լիքն եմ պահում):
Հեռուստացույցով մի հին, համր կարճամետրաժ էր ցուցադրվում, որտեղ մարդիկ երկար ժամանակ, տորթերով իրար դեմքեր են ծեփում, նստում են տորթի վրա, տորթը պատերին են ծեփում, նստում են տորթի վրա, տորթը պատերին են շպրտում, տորթով լցնում են շալվարները…
Հետո մտա լոգարան և աչքերիս չհավատացի. ձուկը կենդանացել էր և լողում էր ջրավազանի երկայնքով ու լայնքով. լողում էր մարմնի կեսն առանց թեփուկի, մի քանի անգամ մեռած և կենդանացած, ու կրկին ապրում էր դժվարին ու սպառնալից կյանքը… Երևի ամենադժվար բանը նրա համար մեռնելուց մեռնել ընկած կենդանության հատվածներն են… Նրա դժողքը, նրա հաճելի դժողքը, նրա հաճելի՜, հաճելի՜ անիծյալ դժողքը…

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ
Աղասի Այվազյան | Մեռնելուց մեռնել Աղասի Այվազյան | Մեռնելուց մեռնել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 28, 2017 Rating: 5
Технологии Blogger.