Ֆրանց Կաֆկա | Սիրենների լռությունը



Ահա մի ապացույց այն բանի, որ անբավարար, մինչև իսկ մանկական հնարները կարող են փրկության միջոց ծառայել:
Սիրեններից փրկվելու համար Ոդիսևսը մեղրամոմով ծեփեց իր ականջները և հրամայեց իրեն ամուր կապել կայմին: Նման բան, իհարկե, վաղուց ի վեր, կարող էին անել բոլոր ճանապարհորդները, բացառությամբ նրանց, ովքեր արդեն հեռվից լսելով սիրենների երգը, և նրանց, ինչպես հայտնի է, այլևս ոչինչ չէր կարող փրկել: Սիրենների երգը թափանցում էր ամեն բանի միջով, և հրապուրվածների կիրքը խորտակում էր ավելին, քան կայմն է ու շղթաները: Բայց Ոդիսևսն այդ մասին չէր մտածում, թեև հավանաբար լսել էր: Նա ամբողջ հույսը դրել էր մի բուռ մեղրամոմի ու կապող շղթաների վրա և անմեղորեն ուրախացած իր մանկական հնարամտությամբ, գնում էր սիրեններին ընդառաջ:
Բայց սիրեններն ունեն երգից  շատ ավելի սարսափելի զենք: Դա նրանց լռությունն է: Ու թեև չի պատահել, որ նրանք երբևէ լռեն, բայց կարելի է ենթադրել, որ եթե նրանց երգից ինչ-որ մեկը փրկվել էր, ապա լռությունից ոչ ոք անկասկած չէր փրկվի: Սեփական ուժով նրանց հաղթած լինելու զգացմանը և ապա դրանից բխող ու ամեն ինչ իրեն ենթարկող գոռոզությանը չի կարող ընդդիմանալ երկրային և ոչ մի բան:
Եվ իրոք, երբ Ոդիսևսը մոտեցավ, հաղթական երգչուհիները չէին երգում: Թվում էր, թե հավատում են, որ այս եկվորին կարող է միայն լռությունը հաղթել, թվում էր, թե Ոդիսևսի դեմքի երանավետ արտահայտությունը, որը ոչնչի մասին չէր մտածում, քան թե մեղրամոմի ու շղթաների, նրանց բոլորին մոռանալ էր տվել երգելը:
Իսկ Ոդիսևսը, ցույց տալու համար, որ դա այդպես է, չէր լսում նրանց լռությունը, նա հավատում էր, որ նրանք երգում են և միայն ինքն է ապահովագրված նրանց լսելուց: Սկզբում հայացքի ծայրով նկատեց նրանց վզերի տարուբերումը, խոր հառաչանքները, արտասուքով լի աչքերը, կիսաբաց բերանները և այնպես կարծեց, թե դա հենց այն երգն է, որ երգում են իր համար, բայց որի հնչյունները նա չի լսում: Բայց շուտով ամեն բան փախավ հեռուններին ուղղված նրա հայացքից, սիրենները խույս տվեցին նրա հաստատակամությունից, իսկ երբ լրիվ մոտեցավ, սիրեններից արդեն ոչինչ չէր մնացել:
Բայց նրանք՝ գեղեցիկ քան երբևէ, փռվել ու թավալվում էին գետնին, իրենց ահարկու, արձակ մազերը տվել էին քամուն և իրենց մագիլները սեղմել ժայռերին: Նրանք այլևս չէին ուզում կախարդել, այլ սոսկ հնարավորինս երկար նայել Ոդիսևսի մեծ աչքերի փայլին:
Եթե սիրենները ունենային գիտակցություն, ապա իսկույն կոչնչանային: Բայց նրանք այդպես էլ մնացին, և միայն Ոդիսևսն է, որ կարողացել է անցնել նրանց կողքով:
Ի դեպ այս ամենին կարելի է ավելացնել նաև այն, որ, ինչպես ասում են, Ոդիսևսը այնքան խորամանկ ու այնքան աղվեսն էր, որ անգամ ճակատագրի աստվածուհին, չկարողացավ թափանցել նրա սիրտը: Նա հավանաբար նկատել էր, և դա արդեն հասու չէ մարդկային մտածողությանը, որ սիրեններն իրոք լռել են, և նրանց ու աստվածներին այդ կեղծ անցումը ցուցադրել էր միայն որպես պաշտպանվելու մի հնարք:

Տես նաև Ֆրանց Կաֆկա Պատմվածքներ

Ֆրանց Կաֆկա | Սիրենների լռությունը Ֆրանց Կաֆկա | Սիրենների լռությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 06, 2017 Rating: 5
Технологии Blogger.