Ֆրիդրիխ Շիլլեր | Իբիկուսի կռունկները


Կորնթոսյան թերակղզում
Ձիարշավ էր, երգի մրցում,
Մարտախաղեր հույն ցեղերի:
Բարեկամը աստվածների՝
Իբիկուսն էլ այնտեղ գնաց,
Ձեռքին ՝ ցուպը ճամփորդական,
Ուսին՝ քնար ապոլոնյան,
Աստվածներով հոգին լցված:

Լեռնապարից արդեն հեռվում
Աքրոկորինթն է նշմարվում,
Վեհ սարսուռով մտնում է նա
Պոսեյդոնի անտառն ահա:
Շուրջն է թափուր: Օդում հստակ
Կռունկներն են լողում միայն,
Չվում դեպի հարավը տաք,
Ուղեկցելով երկնից նրան:

«Ո´վ կռունկներ, դուք երամով
Անցաք ինձ հետ ցամաք ու ծով.
Բարի նշա~ն եղաք ճամփիս:
Ձեր բախտն էլ է նման բախտիս.
Հեռու հեռվից այստեղ եկանք,
Եվ հյուրընկալ հարկ ենք փնտրում,
Որ չտեսնենք ոչ անարգանք,
Ու ոչ աղետ օտար երկրում»:

Երգիչն ասաց, այնուհետև
Թավուտ մտավ քայլքով թեթև:
Երբ դուրս եկավ մի նեղ կածան,
Երկու դահիճ վրա պրծան,
Բռնկվեց մարտ անհավասար:
Անցավ երգչի ջանքն անտեղի.
Նա քաջ գիտեր լարել քնար,
Բայց ո´չ ձգել լարն աղեղի:

Կանչեց մարդկանց, աստվածներին,
Բայց ամայի, լուռ էր չորս դին:
Կանչեց վերջին ուժը լարած…
Չկար ոչ մի շունչ-արարած:
«Մի՞թե պիտի անհայտ մեռնեմ,
Եվ չունենամ վրաս լացող,
Օտար հողում շիրիմ գտնեմ
Ու չունենամ վրեժ լուծող»:

Երբ երգիչը ընկավ խոցված,
Կռունկները սլացան ցած:
Նա չտեսավ, լսեց սակայն
Ցասկոտ կռռոց ահեղաձայն:
«Հավքե´ր, ոչ մի արարածի
Սա հայտնի չէ, ձեզնից բացի,
Դո´ւք տարեք լուրն սպանության»,-
Գոչեց, փակեց աչքն հավիտյան:


Մերկ դին գտան գետնին փռված,
Խոր վերքերից այլանդակված:
Բարեկամը կորնթացի
Ճանաչեց դին բանաստեղծի:
«Այսպե՞ս պիտի տեսնեի քեզ…
Չէ՞ որ միակ փափագն էր իմ,
Որ քո գլխին դնեի ես
Փառքի պսակ, ի´մ մտերիմ»:

Պոսեյդոնի տոնին եկած
Բոլոր մարդկանց հոգին ողբաց,
Հունաստանը վշտով լցվեց,
Ամեն սրտում խոր վերք բացվեց:
Ամբոխն հոսեց հրապարակ,
Պահանջելով ցասմամբ ահեղ
Գտնել, պատժել դահճին անարգ,
Արյամբ քավել արյունն անմեղ:

Սակայն ինչպե՞ս գտնել դահճին
Հոծ բազմության մեջ մարդկային,
Տարված փայլով շքեղ տոնի:
Չկա հետքը մարդասպանի:
Ելուզա՞կ է անագորույն,
Թե՞ նախանձոտ մի ախոյան:
Ողջ աշխարհի պարզ լուսատուն՝
Հելիոսը գիտե միայն:


Բազմության մեջ հանդգնորեն
Վայելո՞ւմ է գուցե արդեն
Պտուղը չար սպանության,
Երբ վրեժն է փնտրում նրան:
Գուցե սեմին սուրբ տաճարի
Աստվածների՞ն է նա հեգնում,
Կամ թափորի հետ հույների
Թատրո՞ն է նա արդեն գնում:

Խռնվել են մարդիկ այնպես,
Փուլ է գալու բեմը ասես.
Հեռու և մոտ երկրներից
Հույն ցեղերն են եկել նորից:
Սպասում են ներկայացման:
Թատրոնն ասես ծով է երեր,
Հոծ շարքերը չունեն սահման,
Ձգվում են լուրթ երկինքն ի վեր:

Ո՞վ կթվի, թե քանի ցեղ,
Քանի ազգ է եկել այստեղ
Թեսեուսից, Աուլիսից,
Ե´վ Սպարտայից, և´ Փոքիսից,
Ե´վ Ասիայի ափից հեռու,
Բոլոր, բոլոր կղզիներից:
Հավաքվել են ունկնդրելու
Մեղեդիներ, երգեր նորից:


Հնատարազ ու խստադեմ
Երգչախումբը ելնում է բեմ,
Դանդաղաքայլ գալիս առաջ:
Հողեղեն ոչ մի արարած,
Մահկանացու ոչ մի էակ
Չկա այսքան ազդու, խոժոռ,
Ամեն շարժում, ամեն հայացք
Անմարդկային է, անսովոր:

Սև թիկնոցներ շուրջն ազդրերի,
Կարմիր, դողդոջ բոց ջահերի՝
Մատների մեջ բարակ, դժգույն,
Այտեր անկյանք ու անարյուն:
Երգող կանանց ճակատն ի վար,
Ուր վարսերն են ծփում փռված,
Օրորվում են օձերը չար
Ու նայում են թույնով լցված:

Բեմում կանայք պտույտ գալիս,
Զարհուրաձայն ծոր են տալիս
Օրհներգն իրենց, որ սիրտ դյութում,
Ոճիրն ու չարն է կաշկանդում:
Հնչում է երգն էրինների
Զմայլիչ ու հոգեպարար,
Միտքն է գերվում հելենների,
Եվ լռում են վին ու քնար:

«Երնե~կ նրան, ով կրծքի տակ
Ունի մանկան սիրտ անապակ.
Մեր վրեժից նա չի սոսկում,
Բաց է նրա ուղին կյանքում:
Բայց վա~յ նրան երկրի վրա,
Ով եղեռն է գործում գաղտնի.
Նա դուստրերից մութ գիշերվա
Չի ազատվի, ուր էլ լինի:

Ուր էլ փախչի նա ահառած,
Շուտ կհասնենք թևատարած,
Կնետենք մեր օղակը մենք,
Դահճին գետնին կտապալենք:
Կհարվածենք, ուր էլ գնա,
Չլսելով ոչ մի զիջում,
Պատիժ կտանք մենք անխնա
Նույնիսկ խավար տարտարոսում»:

Պար է գալիս խումբը երգով:
Լռությունն է մահվան թևով
Իջել սրտին ողջ բազմության.
Մոտ է ասես աստված այնքան:
Եվ հին ծեսով հանդիսավոր
Պտտվում է խումբը դանդաղ,
Շրջանցելով բեմը կլոր,
Չքանում է հեռվում խաղաղ:

Շուրջը ստի, ճշմարտության
Միտքն է հածում դեռ բազմության՝
Լի վարանմամբ, երկյուղով խոր
Ուժի առաջ խորհրդավոր,
Որն հյուսում է ճակատագրի
Կծիկն անհայտ ու խավարչտին,
Փախչում լույսից երկնավորի,
Հայտնվում է միայն սրտին:

Լռությունն է հանկարծ խզվում,
Սանդուղքից մի ձայն է լսվում.
«Տե´ս, տե´ս, եթե սիրտդ կուզի,
Կռունկնե~րն են Իբիկուսի»:
Պարզ երկինքն է հանկարծ մթնում,
Ու վերևում հելլենների
Հայտնվում է ու հեռանում
Սև երամը կռունկների:

Կա՞ մի հույն մարդ, ում չի հուզի
Թանկ անունը Իբիկուսի:
Ինչպես ալիք լերան-լերան,
Խոսքն է անցնում բերնե-բերան.
«Ի՞նչ, կռունկնե՞ր Իբիկուսի,
Որի մահն ենք ողբում նստած:
Ի՞նչ էր հուզմունքն այն երկուսի,
Երբ երամը տեսան հանկարծ»:

Հարցն են կրկնում, և ի~նչ. հանկարծ
Կայծակում է միտքը մարդկանց.
Խոսքի իմաստն են գուշակում,
Բազմությունն է աղաղակում.
«Մատնե´ց, մատնե´ց դահիճն իրեն,
Փա~ռք զորությանն էվմենիդյան:
Խոսքն ասողի գլխին արդեն
Պետք է անել դատ-դատաստան»:

Դահիճը չէր ասի բնավ,
Բայց բերանից խոսքը թռավ:
Զուր է արդեն ամեն մի ջանք.
Ոճիրը չեն ժխտում նրանք:
Դատարան է բեմը դառնում,
Քարշ են տալիս դահիճներին:
Իրենց մեղքն են խոստովանում՝
Հլու բախտի արդար վճռին:


Թարգմանությունը՝ Պարույր Միքայելյան

Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Բալլադներ, Խարդավանք և սեր և Ավազակներ
Ֆրիդրիխ Շիլլեր | Իբիկուսի կռունկները Ֆրիդրիխ Շիլլեր | Իբիկուսի կռունկները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 26, 2017 Rating: 5
Технологии Blogger.