Աղասի Այվազյան | Եռանկյունի | համառոտ



Վիպակը ներկայացված է առաջին դեմքով: Հերոսը՝ Հովհաննեսը, դպրոցական տղա է, որի հայրը դարբին է: Նրա հայրն էլ է դարբին եղել, բայց այժմ միայն հայրն էր ու նրա ընկերները: Այդ դարբինները իրենք իրենց անվանում էին «դամրչի», իսկ դարբնոցը՝ «դամրչնոց»: Տղան դպրոցում շարադրության մեջ մի անգամ գրում է, որ իր հայրը դամրչի է, և ուսուցիչը, սխալ համարելով դա, նրան «երկու» է նշանակում: Հոր դարբնոցը ամենամեծն էր: Նրա կտուրը ետևի մասում իջնում էր ներքև և միանում գետնին: Կողքից նայելիս եռանկյունու ձև ուներ, և տղան այդպես էլ այն անվանում էր: Դպրոցում՝ գրատախտակի վրա գծած եռանկյունին նրա համար սովորական չէր, այլ աշխույժ ու հարազատ վայր էր: Նա տեսնում էր դրա մեջ երեք զնդան, մեծ ու փոքր մուրճեր և հինգ Մկրտիչ: Հայրը ընկերների հետ միշտ երգում էր երկարաձիգ թուրքերեն երգեր, որոնցից տղան ոչինչ չէր հասկանում և միտածում էր, որ դրանք ևս սխալ են: Դարբինները հինգն էին, թեև նրանց շուրջը լինում էին ուրիշներ էլ, բայց նրանք գալիս էին ու գնում: Հերոսը չի հիշում, թե Մկրտիչներից որը երբ եկավ, բայց մեկի՝ վարպետ Մկրտչի գալուստը հիշում է: Այդպես մի օր «Եռանկյունու» դռան մեջ ուրվագծվում է մի տարօրինակ կերպարանք և ներկայանում որպես Մկրտիչ Պախալպաջյան: Նրան ուղարկել էր ընկեր Մարտիրոսյանը, հաջորդ օրվանից աշխատելու էր իրենց հետ: Դժվար էր հավատալ, որ նա դարբին էր: Ֆրակով էր և հագուստի մնացած մասերն էլ շատ ներդաշնակ էին: Տղան նրան կոմսի է նմանեցնում: Նա ուղիղ ու ձիգ էր քայլում և անգամ մուրճով հարվածելիս կարծես թե չէր թեքվում: Վարպետ Մկրտիչը եղել էր Ամերիկայում: Նկատի ունենալով նրա արտաքինը՝ տղան կարծում էր, որ նա դերասան է եղել կամ նման մի բան, այնինչ Մկրտիչը պատմում է, որ ինքը դարբնություն է արել Սենեկայում՝ մի ախոռանոցում ձի պայտելով և Բերնսում: Նա գովում է տղային ընթերցասեր լինելու համար և խնդրում պատմել իր իմացածը: Հերոսը պատմում է այն ամենը, ինչ գիտի գրքերից, նա զարմացած է, որ վարպետ Մկրտիչը չգիտի՝ Սենեկան հին հռոմեացի փիլիսոփա էր, իսկ Բերնսը՝ պոետ, իսկ ինքը չգիտի, որ Ամերիկայում նման անուններով քաղաքներ կան: Միամիտ տղան հարցնում է նրան՝ արդյոք Շեքսպիրում էլ է աշխատել, իսկ վարպետ Մկրտիչը ծիծաղում է և ասում՝ ոչ, բայց ինքը տեսել է Շեքսպիրի «Օթելլոն» Վան քաղաքում Վահրամ Փափազյանի կատարմամբ:

         Տղան մի լուսանկար ունի, որը մինչև այժմ կախված է իր սենյակի պատին: Լուսանկարից շեշտակի նայում են հինգ Մկրտիչները չռած աչքերով, ինչպես լուսանկարիչն է սովորեցրել: Մեջտեղում նստած է հայրը՝ կանաչ աչքերով, երկայն պարանոցով, շագանակագույն մազերով, տափակ քթով, աջ կողմից Վասոն՝ գեր, բեղերը ոլորած, կարմիր դեմքով, ձախ կողմից՝ Գասպարը՝ կարճ, բայց թիկնեղ, ժպտացող և խորամանկ աչքերով: Նրանց գլխավերևը կանգնած են մրոտ Մկոն և վարպետ Մկրտիչը: Մկոյի ուսին «Եռանկյունու» ամենամեծ մուրճը: Մկոյի ականջներից մեկի կեսը չկար: Այդ կես ականջը պարուրված է խորհրդավորության քողով: Մի անգամ Մկրտիչները վիճել են, ամուր փակել դուռը, տուրուդմբոց սկսել, հետո հոգնել ու քնել: Արթնացել են ու ոչինչ չեն մտաբերել և դժվար թե հավատային իրենց արածին, եթե չլիներ Մկոյի ականջի կորած մասը: Ականջը չգտան: Վասոն մեղքը դնում էր գինու վրա, թե իբր այն թունավորված էր: Ամենազարմանալին այն էր, որ տուժել էր միայն մեկը՝ «եռանկյունու» ամենաուժեղ մարդը: Հերոսը հոր ծնկների արանքում է նստած: Նրանք բոլորն էլ իսկապես Մկրտիչ էին, ու երբ տղան դա իմացավ, զարմանքին ու ծիծաղին վերջ չկար: Հինգ դարբիններին անվանում էին տարբեր ձևով և երբեք չէին շփոթում նրանց անունները: Հայրը ուստա Մուկուչն էր, Ամերիկայում եղածը՝ վարպետ Մկրտիչը, երրորդը՝ Մկոն: Մյուս երկու Մկրտիչը՝ վրացի Վասոն էր և նալբանդ Գասպարը: Վասոյի ազգանունը Միկիրտիչաշվիլի էր, ուստի նրան անվանում էին վրացի Մկրտիչ: Երկար ժամանակ չէին կարողանում մի այլ Մկրտիչ երևան հանել նալբանդ Գասպարի ցեղում, բայց վերջապես նրա նախնիների մեջ էլ գտնվեց մի Մկրտիչ: Այդ բոլորը արվում էր կատակով, սակայն որտեղ էր վերջանում կատակի սահմանը նրանց մոտ, դժվար էր որոշել: Մի անգամ Հովհաննեսին նվերներով են դիմավորում երաժշտական դպրոցից հետո դարբնոց մտնելիս, որպեսզի նա ջութակ նվագի: Տղան լավ չի նվագում, բայց չի կարողանում խուսափել նրանց խնդրանքից: Հասկանալով, որ նա նվագել չգիտի, սկզբում չեն իմանում ինչ անել, բայց հետո խրախուսում են տղային, որպեսզի նա չվիրավորվի և նրբորեն անցնում այլ թեմայի ու իրենք են սկսում երգել: Շուտով Մկոն սիրահարվում է: Պարզվում է, նրա սիրո էակը մի ռուս կին է՝ Լյուբան, որը աշխատում է ճաշարանում, ամաններ է լվանում: Մկրտիչները, տեսնելով Լյուբային, չեն հավանում նրան: Նա ուներ կարմիր մազեր, աչքերը՝ կապույտ-կապույտ էին, շուրթերը առատ ներկած: Տղայի ծիծաղը գալիս է, բայց հետո խղճում է նրան: Աղջիկը նստել էր զնդանին և երբ կանգնեց, նրա սպիտակ զգեստի վրա մնացել էր զնդանի մուրը: Մկոն հասկանալով, որ Լյուբային չեն հավանել, հեռանում է նրա հետ: Հետո այլևս նրա մասին չեն խոսում, բայց Մկոն օրեցօր փոխվում է, մռայլվում, երեկոները կորչում, իսկ աշխատելիս ասես Մկրտիչների հետ չի: Մի օր էլ Մկրտիչները հավաքվում են խորհուրդ անելու և դրանից հետո Մկոյի մոտ սկսում են Լյուբայից խոսել, հարցուփորձ անել, իբր թե իրենք կատակել էին, և մի՞թե նա չի ուզում ամուսնանալ: Վերջապես Մկոն ժպտում է, բոլորի սրտից ծանրությունն ընկնում է, ու շաբաթ օրը Մկրտիչները, զուգված-զարդարված, երկու ֆայտոնով, Մկոյին ու Լյուբային տանում են զագս: Եվ մինչև նրանց համար սենյակ կճարեին, որոշում են Լյուբային տեղափոխել դարբնոց՝ Մկոյի մոտ: «Եռանկյունու» սուր անկյունում, այսինքն՝ դարբնոցի ետևի մասում, տեղավորվում է Մկոյի կինը՝ Լյուբան: Այստեղ սկսում է օդեկոլոնի հոտ գալ: Լյուբան այնպես է մաքրում դարբնոցը, որ Մկրտիչները կատակում են, թե՝ «աղջի, զնդանը սամավար չէ, որ կպլպլացնես, քիչ հետո մուրը կենա անպակաս կեղնի…», բայց Լյուբան ջանում էր մի ավելորդ սանտիմետր ևս սրբել: Վարպետ Մկրտիչն ամեն առավոտ ծաղկեփունջ է բերում դարբնոց: Մկոն երջանիկ էր ու դարձել էր անճանաչելի: Բայց մի օր եկավ ընկեր Մարտիրոսյանը և ասաց, որ երեկոյան ժողով կա, բոլորը գնան, վարպետ Մկրտչին ձերբակալել են: Սկզբում մտածում են չգնալ, բայց հետո բոլորն էլ գնում են: Վերադառնում են ուշ առանց վարպետ Մկրտչի: «Եռանկյունում» լռություն էր, ոչ ոք ոչինչ չի ասում: Սկսվում  է պատերազմը: Մկոն ու Լյուբան միասին են գնում: Նամակ են գրում: Լյուբան «սանիտարկա» է, Մկոյից չի հեռանում: Բայց նրանցից այլևս նամակ չեն ստանում: Երեք Մկրտիչները կատարում են «ռազմական պատվերներ», որը դարբնոցի կողքին գտնվող հեծելազորային զինվորական մասի աշխատանքն էր: Նրանց համար պայտ էին սարքում: Նրանց հաճախ այցելում էր ավագ սերժանտ Պյոտր Պերեկոպսկին: Նա փորձեց Վասոյի նման բեղեր թողնել, թեև նրա մոտ դրանք ոզնու փշերի պես անկանոն ցցված էին: Ամեն ինչ փոխվում է: Գալիս է այն օրը, երբ զինվորական մասը և Պետյան մեկնում են քաղաքից:  
Վերջերգում հերոսը գրում է, որ երկար բացակայությունից հետո՝ օկուպացիոն զորքերում ծառայությունից կրկին վերադառնում է տուն: Եռանկյունում միայն հայրն է մնացել: Նալբանդ Գասպարը փողոցում քայլելիս հանկարծ ընկել էր ու մահացել: Վասոն մեկնել էր Կախեթ ու այլևս լուր չէր եկել նրանից, ուստի զոհվել էր: Այդպես էր մտածում հայրը: Սակայն նախքան «եռանկյունու» քանդելը մի զարմանահրաշ դեպք է տեղի ունենում, գալիս է վարպետ Մկրտիչը: Մազերը՝ ճերմակ, մարմինը՝ ուղղաձիգ: Հերոսը մտածում է, որ լավ կլիներ՝ նրա արդարացումը տեսնեին մյուս Մկրտիչները և Լյուբան:
Ձմռանը հայրը առանց հիվանդանալու, մտնում է անկողին: Վարպետ Մկրտչին ևս տեղավորում են հիվանդանոց: Նրանց այցելելիս հերոսը միշտ ասում է, որ մյուսը առողջ է, իրեն է սպասում: Նրանք համարյա միաժամանակ են մահանում:
Դարբնոցը քանդում են: Հերոսը շտապում է, որ տեսնի: Ծեր «եռանկյունին» ճռնչում է, դիմադրում ու սուսուփուս փլվում: Քաղաքի ուրիշ մասում սուլում է գործարանի շչակը: Կարծես այդ հսկան գլխարկն է հանում «եռանկյունու» հիշատակի առջև:

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Աղասի Այվազյան | Եռանկյունի | համառոտ Աղասի Այվազյան | Եռանկյունի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 01, 2017 Rating: 5
Технологии Blogger.